Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրվել է երկու թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը և Թեմուր Թոռունի Քյալաշյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Գրանցումն իրականացվելու է սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար»,-ասված է հաղորդագրության մեջ։  
11:16 - 23 սեպտեմբերի, 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։ Այն Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։ Վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։ Չու Դոնգյուն և կազմակերպության մյուս անդամները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։ Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունը եղել են նաև ՄԱԿ ՊԳԿ աջակցությամբ Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում հիմնած ջերմատանն ու չրանոցում։
11:33 - 05 սեպտեմբերի, 2024
Տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ․ ԱՆ

Տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ․ ԱՆ

Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։ Նշենք, որ «Հետքը», հղվելով Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանին, գրել էր, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ 
17:20 - 04 սեպտեմբերի, 2024
Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել
 |hetq.am|

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։ Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։ Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ա․ Ապիտոնյանը խնդրեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին հանձնարարություն տալ համապատասխան ստորաբաժանումներին, համայնքի ղեկավարներին, որ միջոցառումներ իրականացնեն։ Մասնավորապես՝ չորացնեն համայնքում առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրային կուտակումները, ախտահանեն տարածքները, իրականացնեն միջատասպան միջոցառումներ, ուշադրություն դարձնեն բազմաբնակարան շենքերի աղբատար համակարգերի մաքրությանը, ինչպես նաև ցանցերով ապահովեն ուսումնական հաստատությունների պատուհանները։ Վարչության պետը կարևորեց նաև բնակչության իրազեկումը, որ նրանք էլ իրենց բակային հատվածներում պայմաններ չստեղծեն միջատների բազմացման համար և իրականացնեն պայքարի միջոցառումներ։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։ «Հետքը» գրել է, որ Հայաստանում տարբեր տվյալներով 35-42 տեսակի մոծակ կա: Մոծակները բազմաթիվ վիրուսային, բակտերիալ, մի շարք մակաբուծային (պարազիտային) հիվանդություններ փոխանցողներ են: Հետևաբար, դրանցից զգուշանալ պետք է, քանի որ, մասնագետի փոխանցմամբ՝ չգիտես, թե ինչ կարող են փոխանցել: Հայաստանում լավ ուսումնասիրված է Արարատյան դաշտը, որտեղ մոծակների հետաքրքիր ֆաունա կա: Բացի դրանից՝ այս հատվածը համարվում է մալարիածին օջախ: Այդտեղ հանդիպում է մալարիայի մոծակների (անոֆելես ցեղի) 6 տեսակ:
15:38 - 04 սեպտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը ծանոթացել է Գեղակերտում և Ակնաշենում գտնվող համայնքային փոքր տների շինաշխատանքների ընթացքին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է Գեղակերտում և Ակնաշենում գտնվող համայնքային փոքր տների շինաշխատանքների ընթացքին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, ապա այցելել Ակնաշենում գտնվող փոքր տուն։  Նախարար Մկրտչյանը հույս է հայտնել, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց։ Կացարանով ապահովումից զատ՝ ծրագիրը նպատակ ունի շուրջօրյա խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման միջոցով նպաստել նրանց սոցիալական ներառմանը:
11:30 - 09 օգոստոսի, 2024
Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություն. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ընտրություն նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված Արմավիրի մարզպետի որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: «Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի  20-ին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:40 - 07 օգոստոսի, 2024
Արմավիրի համայնքային սեփականության հողամասը կնվիրաբերվի «Սիմոնյան» հիմնադրամին «Թումո» կենտրոն կառուցելու համար |1lurer.am|

Արմավիրի համայնքային սեփականության հողամասը կնվիրաբերվի «Սիմոնյան» հիմնադրամին «Թումո» կենտրոն կառուցելու համար |1lurer.am|

1lurer.am: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի, Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայնություն, ըստ որի՝ Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը, նվիրաբերության կարգով կտրամադրվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Պայմանն այն է, որ այնտեղ 12-18 տարեկան երեխաների համար կվերակառուցվի կամ կկառուցվի «Թումո» կենտրոն: Այս կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում Կառավարությունը, ըստ Հողային օրենսգրքի, պետք է համաձայնություն տա, որ համայնքն իր սեփականությունը հանդիսացող գույքը կարողանա նվիրաբերել գործընկերներին»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է իրականացնել գործընթաց, որի արդյունքում Արմավիրում կենտրոնը կգործի: Կտեղադրվեն նաև «Թումո տուփեր» Դալարիկում, Մեծամորում և Արմավիր գյուղում, որտեղ նախատեսվում է, որ ընդհանուր 3800 երեխա կհաճախի: Հանրապետությունում արդեն իսկ 5 «Թումո» կենտրոններ և 34 «Թումո տուփեր» են գործում: Ընդհանուր առմամբ հաճախում են 25000 ուսանողներ: Այս պահին ընթացքի մեջ է նաև Եղեգնաձորի և Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ «Թումո» գործում է ոչ միայն Հայաստանում: Այս պահին էլ տարբեր երկրներում գործում են 9 «Թումո» կենտրոններ, և հետաքրքրությունը՝ իրենց քաղաքում ունենալու «Թումո» կենտրոն, աշխարհի տարբեր երկրների կողմից մեծ է: «Նման ընդլայնման հեռանկարներ և տարբեր երկրներում գործելու փորձառություն ունեն նաև մեր ռոբոտաշինության և ինժեներության լաբորատորիաները՝ «Արմաթ» լաբորատորիաները, որոնք գործում են մեր՝ 600-ից ավելի դպրոցներում: Սա կրթության այն ուղղությունն է, որը մենք մեծ հաջողությամբ կարողանում ենք ցուցադրել և տեսանելի դարձնել միջազգային մակարդակում»,- ասաց նա:
11:51 - 25 հուլիսի, 2024
Նախագահի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Նախագահի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքներն ամփոփել է Արմավիրի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությամբ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինության և մանկապարտեզաշինության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի վերաբերյալ ամփոփ տվյալներ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում խմելու և ոռոգման ջրի, ճանապարհաշինության և պետական սուբսիդավորման միջոցով իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզի ինչպես հրատապ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով լուծում պահանջող հիմնախնդիրների չեզոքացման ուղղությամբ երկրի բարձրագույն և համայնքային իշխանությունների ձեռնարկներին: Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է հայտնել վերջին շրջանում երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև մարզում տիրող սոցիալ-տնտեսական, իրավական և ընդհանուր մթնոլորտից: Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մարզային և համայնքային խնդիրների քարտեզագրման և վերհանման գործում քաղաքացիների մասնակցայնության բարձրացման խթանմանն ուղղված ջանքերը:  
17:33 - 12 հուլիսի, 2024
Կալանավորվել են Փարաքար համայնքի ղեկավարը, Մերձավան բնակավայրի ղեկավարը․ ՔԿ

Կալանավորվել են Փարաքար համայնքի ղեկավարը, Մերձավան բնակավայրի ղեկավարը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։ Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:  Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը: Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս,  Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել:   2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։ Նշված 3 պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։  Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։
13:15 - 26 հունիսի, 2024
Փարաքարի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը

Փարաքարի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը

Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Փարաքար համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար: Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկեց և միաձայն քվեարկությամբ հաստատեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս:
22:02 - 03 հունիսի, 2024