ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,- նշված է ԿԳՄՍ նախարարության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, երեկ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչներ պահանջում էին պատմության ուսուցչուհու հեռացումը։ Ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում ուսուցչի հասցեին։ Խաթարված էր դասապրոցեսը։
comment.count (0)