ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա են եղել 13-ը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եղել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումը: Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում նշել է, որ պատճառը ՀՖՖ վերոնշյալ անդամների գործելաոճն է. « 2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ,  ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։ Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։ Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։ Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։ ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը»,- նշել է Ազարյանը Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել են բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը: «Դիլիջան» ՖԱ-ի պարագայումՔննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը: Ընդ որում, «Դիլիջան», «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ»-ի, «Էրեբունի ՍԱ ՀԿ»-ի, «Սևան ՖԱ»-ի պարագայում կողմ են քվեարկել գործկոմի 12  անդամները՝ Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Աննա Թադևոսյանը, Հասմիկ Ղարիբյանը, Հիրաչ Յագանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը և Արթուր Սահակյանը, իսկ դեմ՝ Հայկ Ղազազյանը: Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի անդամությունը կասեցվել է ՝ 11 կողմ, 1 ձեռնպահ,  դեմ ձայներով(ձեռնպահ է եղել Սահակյանը, դեմ՝ Ղազազյանը): «Դովեղ ՖԱ ՀԿ»-ի անդամության կասեցումը եղել է 11 կողմ, 2 դեմ ձայներով (դեմ են եղել Աղբալյանն ու Ղազազյանը): Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան): Վերոնշյալ անդամներից 5-ի անդամության կասեցման հիմքը եղել է ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի խախտում (անդամները պարտավոր են մասնակցել ՀՖՖ կազմակերպած առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին): «Սևան ՖԱ»-ի պարագայում հիմք են հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները (անդամները պարտավոր են անդամավճար վճարել, իսկ ՀՖՖ-ի հետ ունեցած վեճերը լուծել մարզական դատարանների միջոցով): Այդ առիթով Ազարյանը նշել է. «Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը: Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան: Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:   Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները»: Օրակարգի երրորդ հարցը եղել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումը՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:  
20:54 - 25 հունվարի, 2021
Ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար. Արմեն Մելիքբեկյան

 |armenpress.am|

Ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար. Արմեն Մելիքբեկյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին և խոսեց գալիք պլաններից: «Ցավոտ 2020 թվականն ավարտվում է: Ամբողջ աշխարհի և կրկնակի անգամ Հայաստանի համար ծանրագույն տարի էր: Փորձությունների ժամանակահատված, որը հատկապես ուժեղ հարվածեց հայկական ֆուտբոլին: Անկախ կորոնավիրուսի և պատերազմից հայկական ֆուտբոլը հանձնեց այս փորձությունը` գրանցելով մի շարք հաջողություններ: Սակայն ավելի կարևոր է մենք ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար, որոնք ամպայման լինելու են գալիք տարիների ընթացքում»,- ասաց նա: Մելիքբեկյանն իր խոսքում առանձնակի տեղի հատկացրեց ազգային հավաքականի գրանցած հաջողությանը Ազգերի լիգայի ենթախմբում և շեշտեց, որ պատերազմի օրերին հավաքական թիմը մեկ բռունցք դարձած օգնել են եվրոպական տարբեր օջախների տրամադրած  հումանիտար օգնության տեղափոխությանը: ՀՖՖ նախագահը ընդգծեց իսպանացի մասնագետ, հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի կատարած աշխատանքին պանդեմիայի և պատերազմի պայմաններում: Անցնող տարում բացառիկ արդյունք գրանցեց նաև ֆուտզալի հավաքականը` իրավունք ստանալով մասնավելու Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, ինչը Մելիքբեկյանը համարում է մեծ նվաճում: ՀՖՖ նախագահ խոսեց նաև կանանց ֆուտբոլի զարգացման մասին և փաստեց, որ տարիներ շարունակ Հայաստանը չի ունեցել կանանց թիմ, սակայն այժմ ձևավորվել է ընտրանի: Պանդեմիայով պայմանավորված 2021 թվականին մի փոքր կդանդաղեցվի փոքր դաշտերի կառուցումը:  Ֆեդերացիան 2021 թվականին կփորձի VAR համակարգը ներդնել Հայաստանում: ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում Մելիբեկյանն անդրադարձել է նաև պայմանավորված խաղերին` շեշետելով մի շարք անուններ և ակումբեր. գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին և հարցուվել են քրեական գործ: ՀՖՖ նախագահն առանձնացրեց, որ ֆեդերացիան հետևողական է լինելու է այդ հարցում: Քվեարկության արդյունքում, սակայն, հետաձգվեց «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» ակումբերի լիցենզիայից ժամանակավորապես զրկելու հարցը:
15:37 - 28 դեկտեմբերի, 2020
2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան


 |armenpress.am|

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար:ՀՖՖ տարեկան ժողովի մեկնարկում Մելիլքբեկյանը խոսքով դիմեց ներկաներին. «Այսօր` այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով ազգային հավաքականի և ֆուտզալի ընտրանու կողքին կանգնելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, քան աթոռակռվի մի վառ օրինակ (հեղ. «Սևան» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ` Մելիքբեկյանին անվստահություն հայտնելով): Նրանք չեն հասկանում, որ ծիծաղելի իրավիճակի մեջ են գցում  ամբողջ հայկական ֆուտբոլի նաև վնասում են հայկական ֆուտբոլի իմիջին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Վերջինս կոչ արեց բոլորին մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին: Մելիքբեկյանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆեդերացիա է ուղարկել մի փաստաթուղթ, ըստ որի անվստահություն է հայտնում ՀՖՖ նախագահին: «Ակումբը անգրագետ մի փաստթուղթ ուղարկել ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այն մարդիկ ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը և նրանք, ովքեր կանգնած են այդ փաստաթուղթն ուղարկողների թիկունքին` «թքած ունեն»  հայկական ֆուտբոլի վրա»,-շեշտեց նա: Ֆեդերացիայի խոսքով` գալիք տարին կարող է բեկումնային լինել: «2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները` թեպետ գիտենք, որ մեր երկիրը և մյուս ճյուղերն էլ գտնվում են վատ իրավիճակում»,-ասաց նա:
14:11 - 28 դեկտեմբերի, 2020
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ:  Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։  Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․  12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․Անդրանիկ Կարապետյան։ 
21:01 - 09 դեկտեմբերի, 2020
ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|

ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրանու Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար ՈՒԵՖԱ-ից չի ստացել 2,25 միլիոն եվրո պարգևավճար: Առցանց մամուլի ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Իրականում մենք չենք ստացել 2,25 միլիոն եվրո գումար: Ես ինքս փորձեցի ճշտել տեղեկության սկզբնաղբյուրը և որքան հասկացա այն սխալ թարգմանության հետևանք է: Անգլիական մամուլում կա գումարի բաշխման մեխանիզմը, որը վերաբերում էր ոչ թե այս Ազգերի լիգայի խաղարկությանը, այլ` նախորդին: Մենք նման գումար չենք ստացել, բայց դեմ չենք լինի ստանալուն»,-ասաց Մելիքբեկյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո: A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
18:42 - 04 դեկտեմբերի, 2020
ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:
21:49 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է հայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենն է: Հանդիմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:
14:15 - 01 դեկտեմբերի, 2020
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը: Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում:
10:34 - 18 նոյեմբերի, 2020
Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանին |hetq.am|

hetq.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն։ Խաղը տեղի ունեցավ Թբիլիսիի՝ Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» արենայում։ Չնայած վրացիների տարածքային առավելությանը՝ առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկը խաղային առավելություն չուներ։ Իրական գոլային պահեր չէին ստեղծվում մինչև խաղի հաշվի բացվելը։ 33-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմակերպած գրոհի արդյունքում աջ եզրից Տիգրան Բարսեղյանի կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գևորգ Ղազարյանը, որը նաև կրում էր ավագի թևկապը, քանի որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից ելնելով, չէր թույլատրել մեր ընտրանու առաջատարին միանալ հավաքականին։ 65-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին։ 11-մետրանոցը հստակ իրացրեց Վալերի Քազաիշվիլին։ Այնուամենայնիվ, ընդունած գոլից հետո Հայաստանի ազգային ընտրանին չընկճվեց և շարունակեց պայքարել հաղթանակի համար, ինչն էլ ի վերջո, տվեց իր արդյունքը։ 86-րդ րոպեին մեր հավաքականի կազմակերպած արագ հակագրոհի արդյունքում հաղթական գոլի հեղինակ դարձավ Սարգիս Ադամյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։   Շարունակությունը՝ hetq.am-ում
23:03 - 15 նոյեմբերի, 2020
ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է:  Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները: «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել: Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու  քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին։      
20:25 - 31 հոկտեմբերի, 2020
ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին

ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը: Այս մաիսն հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարևորությունը և դատապարտել է ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը: ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈՒԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը և ՈՒԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլև հանդես կգա դատապարտող համապատասխան հայտարարությամբ»:
18:57 - 08 հոկտեմբերի, 2020
Հայաստան-Վրաստան խաղը Երևանի փոխարեն կանցկացվի Լեհաստանում

Հայաստան-Վրաստան խաղը Երևանի փոխարեն կանցկացվի Լեհաստանում

Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։  ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
19:22 - 06 հոկտեմբերի, 2020
ՀՖՖ-ն դատապարտում է ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում

ՀՖՖ-ն դատապարտում է ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։ ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին։ Ի հակադրություն դրան` Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Դա, օրինակ, վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղին, որտեղ արհեստական դաշտի կառուցումը հնարավորություն էր տվել բազմաթիվ երեխաներին զբաղվել ֆուտբոլով։ Վերջին օրերին Մեծ Մասրիկը, ինչպես նաև Վարդենիսի ողջ տարածաշրջանը ռմբակոծում են, մարդիկ զրկված են բնականոն կյանքով ապրելու, երեխաները՝ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։  ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նման գործելաոճը, հայտարարում է, որ հավատարիմ է մնում ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում։ Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՖՖԱ-ի գործողությունների մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին և այդ կառույցների անդամ բոլոր ասոցիացիաներին»:
16:54 - 02 հոկտեմբերի, 2020