ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը |armenpress.am|

Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում:  Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի օրեր առաջ հնչեցրած մտահոգությունը՝ «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խնդիրն իրականում պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալների կտրուկ աճի հանգամանքով:  «Ռուսական կողմից համապատասխան նամակ ստացել ենք հունիսի 3-ին: Իրենք կարծում են, որ երրորդ երկրներից Հայաստան են ներմուծվում ծաղիկներ, որոնք այնուհետև հայկական սերտիֆիկատով արտահանվում են Ռուսաստան: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստան ներմուծվող ծաղիկների ծավալն այնքան մեծ չէ, որ կարողանանք նաև վերաարտահանել: Այդ ծաղիկները սպառվում են Հայաստանում: Միաժամանակ, Հայաստանի հնարավորություններն ու հզորությունները թույլ են տալիս փաստաթղթում նշված քանակության ծաղիկներ արտահանել Ռուսաստան»,- նշեց Անուշ Հարությունյանը: Ինչ վերաբերում է արտահանված ծաղիկներում ռուսական կողմի մատնանշած վարակին, ապա Հայաստանի տեսչական մարմինը ներկայում ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու, թե հատկապես որ խմբաքանակներում ինչ է հայտնաբերվել: Անուշ Հարությունյանը հավաստիացրեց, որ ուսումնասիրությունների ավարտին խնդիրն անպայման կքննարկվի ռուսական կողմի հետ՝ հնարավորինս արագ կարգավորելու նպատակով:  «Այս պահին կատարվում են ուսումնասիրություններ և ընթանում են բանակցություններ: Ռուսական կողմի հետ քննարկում ու փորձում ենք կարգավորել խնդիրը: Գործընթացի ավարտին դրա մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեց ՍԱՏՄ խոսնակը: Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը տարածել էր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Կտրված ծաղիկներն ու բողբոջները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության, այդ թվում՝ զարգացող հայրենի ծաղկաբուծության համար։ 2025 թվականին նկատվում է Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ: Ընթացիկ տարվա սկզբից վերահսկվել է 52 միլիոն միավոր, ինչը 49.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ ներմուծվել էր 34.7 միլիոն միավոր ծաղիկ։ Բեռնափոխադրումների աճի խորապատկերում գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային վարչությունների անցկացրած կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքներով հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք: Բացի այդ, բազմիցս կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր են գրանցվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է արտահանվող արտադրանքի նկատմամբ Հայաստանի վերահսկողության համակարգի անարդյունավետության մասին։ Հաշվի առնելով պարբերաբար կարանտինային օբյեկտներ հայտնաբերելու փաստերը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է լուրջ մտահոգություն: Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական կարանտինային իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով նամակ է հղվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրանքով ձեռնարկել համապարփակ միջոցներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։ Արձագանքման անհրաժեշտ միջոցների չձեռնարկման և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականներով Ռուսաստան ներմուծվող ծաղկային արտադրանքի համար»: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ հետևում են իրավիճակի զարգացմանը և ՍԱՏՄ եզրակացության հրապարակումից հետո հանդես կգան համապատասխան հաղորդագրությամբ:    
Այսօր 10:46
Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում

Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում

Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։ Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից: Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները: «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։ «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։ «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։ «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։ «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։ Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։ Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ: Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք: Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝ որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին: Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:
18:24 - 03 հունիսի, 2025
Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արսեն Գալստյանին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արմավիրի մարզ, Մերձավան խճ․): Մասնավորապես՝ - արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. - սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը. - աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
11:29 - 03 հունիսի, 2025
Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ

Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: «Տեղափոխվող կենդանիների խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերի, մասնավորապես, անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է՝ կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել: ՍԱՏՄ ուղղակի գործառույթն է ստուգել բոլոր ներկրվող և արտահանվող կենդանիների ուղեկցող փաստաթղթերը. անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման: Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է»,- ասված է հաղորդագրությունում:
11:39 - 02 հունիսի, 2025
ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին |armenpress.am|

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին |armenpress.am|

armenpress.am: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։  ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։  «Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է ՌԴ-ից, և  մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից  ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ  խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- նշեց Հարությունյանը։ 
18:28 - 31 մայիսի, 2025
Երևանում կասեցվել է կարագի արտադրամասի արտադրական գործունեություն

Երևանում կասեցվել է կարագի արտադրամասի արտադրական գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները, -չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, արտադրական շինություններ ներթափանցումը, - արտադրամասն ապահովված չի եղել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով, - արտադրական հատվածում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, - կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մի մասը պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, - սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Կարագի արտադրության արտադրական գործընթացը կասեցվել է։ Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
17:12 - 12 մայիսի, 2025
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։  Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ)։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 - 07 մայիսի, 2025
«Կամուրջ» հանրային սննդի կետը գործում է օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ. կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության

«Կամուրջ» հանրային սննդի կետը գործում է օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ. կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով: Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով՝ օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել: Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։
17:27 - 06 մայիսի, 2025