armenpress.am: Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում:
Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի օրեր առաջ հնչեցրած մտահոգությունը՝ «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խնդիրն իրականում պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալների կտրուկ աճի հանգամանքով:
«Ռուսական կողմից համապատասխան նամակ ստացել ենք հունիսի 3-ին: Իրենք կարծում են, որ երրորդ երկրներից Հայաստան են ներմուծվում ծաղիկներ, որոնք այնուհետև հայկական սերտիֆիկատով արտահանվում են Ռուսաստան: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Հայաստան ներմուծվող ծաղիկների ծավալն այնքան մեծ չէ, որ կարողանանք նաև վերաարտահանել: Այդ ծաղիկները սպառվում են Հայաստանում: Միաժամանակ, Հայաստանի հնարավորություններն ու հզորությունները թույլ են տալիս փաստաթղթում նշված քանակության ծաղիկներ արտահանել Ռուսաստան»,- նշեց Անուշ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է արտահանված ծաղիկներում ռուսական կողմի մատնանշած վարակին, ապա Հայաստանի տեսչական մարմինը ներկայում ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու, թե հատկապես որ խմբաքանակներում ինչ է հայտնաբերվել: Անուշ Հարությունյանը հավաստիացրեց, որ ուսումնասիրությունների ավարտին խնդիրն անպայման կքննարկվի ռուսական կողմի հետ՝ հնարավորինս արագ կարգավորելու նպատակով:
«Այս պահին կատարվում են ուսումնասիրություններ և ընթանում են բանակցություններ: Ռուսական կողմի հետ քննարկում ու փորձում ենք կարգավորել խնդիրը: Գործընթացի ավարտին դրա մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեց ՍԱՏՄ խոսնակը:
Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը տարածել էր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն.
«Կտրված ծաղիկներն ու բողբոջները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության, այդ թվում՝ զարգացող հայրենի ծաղկաբուծության համար։
2025 թվականին նկատվում է Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ: Ընթացիկ տարվա սկզբից վերահսկվել է 52 միլիոն միավոր, ինչը 49.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ ներմուծվել էր 34.7 միլիոն միավոր ծաղիկ։
Բեռնափոխադրումների աճի խորապատկերում գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային վարչությունների անցկացրած կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքներով հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Բացի այդ, բազմիցս կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր են գրանցվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է արտահանվող արտադրանքի նկատմամբ Հայաստանի վերահսկողության համակարգի անարդյունավետության մասին։
Հաշվի առնելով պարբերաբար կարանտինային օբյեկտներ հայտնաբերելու փաստերը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է լուրջ մտահոգություն: Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական կարանտինային իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով նամակ է հղվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրանքով ձեռնարկել համապարփակ միջոցներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։
Արձագանքման անհրաժեշտ միջոցների չձեռնարկման և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականներով Ռուսաստան ներմուծվող ծաղկային արտադրանքի համար»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ հետևում են իրավիճակի զարգացմանը և ՍԱՏՄ եզրակացության հրապարակումից հետո հանդես կգան համապատասխան հաղորդագրությամբ:
comment.count (0)