Կորոնավիրուս

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն  ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցեր, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։ Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելն իրատեսական չէ՝ բավարար քանակությամբ մեկնողներ չլինելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից թռիչքներ կազմակերպելու մասով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով (ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի վերջին հայտարարությունների)։ Եթե հնարավորություն ունեք ձեր կեցությունը շարունակելու Ուկրաիանայում, ավելի լավ է սպասել մինչև կարանտինային միջոցառուների ավարտը։ Այլընտրանքն՝ անորոշ արդյունքով ցամաքային ճանապարհ դեպի Մինսկ (օրինակ՝ Կիև-Մինսկ ~ 600կմ)։ Ուկրաինայի տարածքից դուրս գալու դեպքում առկա է չեզոք գոտում մնալու վտանգը, քանի որ ուկարինացի սահմանապահները ետ չեն ընդունելու երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիներին։ Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով՝ Ուկրաինա-Մինսկ-Երևան ճամփորդության հնարավոր ձախողման համար։ Հետևեք Ուկրաինայի իշխանությունների կողմից սահմանվող համաճարակային անվտանգության և անձնական հիգիենայի կանոններին։Առողջություն ենք մաղթում բոլորիդ»։
14:10 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի համաճարակը և հաշմանդամություն ունեցող անձինք |civilnet.am|

Կորոնավիրուսի համաճարակը և հաշմանդամություն ունեցող անձինք |civilnet.am|

civilnet.am: Աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը ձեռնարկում են աննախադեպ քայլեր COVID-19 համաճարակի հաղթահարման համար։ Իսկ ինչպե՞ս է ազդում համաճարակը հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Արդյոք պետությունները պե՞տք է հատուկ միջոցներ ձեռնարկեն բնակչության այս խոցելի խմբին պաշտպանելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք համաճարակի ժամանակ կարող են ենթարկվել վարակվելու հավելյալ ռիսկերի հետևյալ պատճառներով. - ձեռքերի հաճախակի լվացման հետ կապված ֆիզիկական դժվարությունները (օրինակ՝ լվացարանը կարող է անմատչելի կամ դժվարամատչելի լինել սայլակ օգտագործող անձի համար, կամ էլ որոշակի տեսակի հաշմանդամության պատճառով ձեռքերի լվացումը պատշաճ ձևով կարող է դժվար լինել),։ - սոցիալական հեռավորությունը պահպանելու հետ կապված դժվարությունները. շատ դեպքերում հաշմանդամը ստիպված է սերտ շփման մեջ լինել իրեն խնամողի հետ, - տեսողության կամ այլ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում հաճախ դիպչել տարբեր մակերեսների՝ տեղեկատվություն կամ ֆիզիկական աջակցություն ստանալու համար, - կառավարության որոշումները և առողջապահության նախարարության հանձնարարականները կարող են անմատչելի ձևաչափով ներկայացված լինել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ չեն իրազեկվում համաճարակի պայմաններում անհրաժեշտ վարվելակերպի մասին։ Վարակվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ծանր տանել հիվանդությունը, քանի որ COVID-19 վիրուսը հատկապես ուժեղ է խոցում քրոնիկ հիվանդություններ (դիաբետ, շնչառական խնդիրներ և այլն) ունեցող մարդկանց։ Այս ամենին գումարվում է նաև առողջապահական հաստատությունների դժվարամատչելիությունը բազմաթիվ անձանց համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամներին խորհուրդ է տրվում խստորեն պահպանել բոլոր սահմանված հակահամաճարակային կանոնները, ինչպես նաև հաճախակիորեն ախտահանել օժանդակ սարքերը (սայլակները, ձեռնափայտերը և այլն)։ Համապատասխան պետական մարմիններին տրվում են լայնածավալ հստակ հանձնարարականներ։ Նշենք դրանցից մի քանիսը. - ապահովել կորոնավիրուսի թեստավորմամբ և բուժմամբ զբաղվող բոլոր բուժհաստատությունների ֆիզիկական մատչելիությունը, - երաշխավորել խորհրդատվության հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար (այդ թվում՝ հեռախոսակապի և տեսազանգերի միջոցով), - աշխատող հաշմանդամներին թույլ տալ, հնարավորության դեպքում, աշխատել տնից, - ապահովել լուսագրերի և ժեստերի լեզվի կիրառումը համաճարակին վերաբերող բոլոր կարևոր հանրային ելույթների և հաղորդումների ժամանակ, - հրապարակել հանրային ելույթների և հաղորդագրությունների «դյուրընթեռնելի» տարբերակը, որպեսզի տեղեկատվությունը մատչելի լինի մտավոր խնդիրներ ունեցող անձանց, - պատրաստել վատ տեսնող և կույր մարդկանց համար մատչելի հրապարակումներ տառատեսակի խոշորացման հնարավորությամբ, Բրայլի գրատիպով և այլ այլընտրանքային ձևաչափերով, - համագործակցել հաշմանդամահեն հասարակական կազմակերպությունների հետ տեղեկատվության տարածման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, - տրամադրել ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց խնամողներին և/կամ ընտանիքի անդամներին, որոնք խնամք տրամադրելու պատճառով չեն կարող աշխատել (ներառյալ այն դեպքերը, երբ խնամող անձի աշխատանքի գնալը կարող է վարակվելու ռիսկը բարձրացնել տանը մնացած հաշմանդամի համար), - ապահովել հեռավար կրթության մատչելիությունը և ներառականությունը, - ապահովել թեժ գծի այլընտրանքային տարբերակները (էլեկտրոնային փոստով կամ այլ ձևաչափերով), որպեսզի տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք հեշտությամբ կարողանան հաղորդակցվել կառավարության հետ, հարցեր ուղղել համապատասխան մարմիններին և իրենց մտահոգությունները հասցնել նրանց։  Այս և այլ համալիր միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար ռիսկերը նվազեցնելու համար։ Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ Հայաստանում։ Հրապարակվել է միայնակ տարեցներին և հաշմանդամներին օգնություն տրամադրող կազմակերպությունների ցանկը։ Դյուրացվել է կենսաթոշակների ստացման գործընթացը։ Որոշակի քայլեր արվել են ավանդական բյուրոկրատական քաշքշուկը նվազեցնելու ուղղությամբ։ Թերևս այսքանը... Ակնհայտ է, որ համապատասխան մարմինները շատ ավելի գործուն և հրատապ քայլեր պետք է ձեռնարկեն հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն
14:04 - 01 ապրիլի, 2020
Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ Էկոնոմիակայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև արտոնյալ ժամկետ՝ 3-ից մինչև 12 ամիս ժամկետով, իսկ ինտենսիվ այգիների դեպում՝ մինչև 5 տարի աժմկետով։ «Մեր կողմից առաջարկվող ծրագրերը 2 տարբերակ են իրենցից ներկայացնում։ Առաջինը վարկավորումն է, մյուսը փոխհատուցման բաղադրիչն է։ Եթե քաղաքացին ցանկանում է դիմել վարկի, նա դիմում է ֆինանսական կառույցին։ Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը։ Նախարարությունը մարզերում կազմակերպում է այդ խմբի համար դասընթացներ։ Կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին հեռակա են կազմակերպվում»,- ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ դասընթացներից հետո մարդիկ ստանում են հավաստագիր և հավաստագիրը կարողանում են ներկայացնել ֆինանսական կառույցին։ Յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն ինքն է կատարում  վարկունակության գնահատում, որոշում է՝ տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ։  «Շատ մարդիկ ասում են՝ մենք գումար ունենք, չենք ուզում վարկ վերցնել։ Նման մարդկանց համար մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ։ Օրինակ, եթե ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ այգիներ կառուցելու, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրությունների ցանկություն կա, մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ»-, նշեց նա։ Արման Խոջոյանն ասաց, որ յուրաքանչյուր տարբերակի համար սահմանված են տարբեր տոկոսադրույքներ։ Օրինակ, եթե խելացի անասնաշենք է կառուցվում, նախարարության գնահատմամբ՝ առաջին մոդելը 11 մլն դրամ է, և նախարարությունը փոխհատուցում է 5,5 մլն դրամը։ Փոխնախարարը նշեց, որ եթե վարկի դեպքում պետք է դիմել վարկային կազմակերպություններին, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում պետք է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը։  «Մի վարկատեսակ ունենք՝ մինչև 1 մլն և 3-ից 15 մլն դրամ։ Այն ունի նաև 12 ամիս արտոնյալ ժամկետ։ Այդ վարկատեսակից կարող են օգտվել՝ կատարելու վարի աշխատանքներ, ձեռք բերելու սերմացուներ, ոռոգման համակարգեր, սարքավորումներ, գյուղտեխնիկա։ Այն ամենը, ինչ առանձնացված ծրագրերով չունենք, տեղավորվում է մեր մինչև 15 մլն վարկատեսակի տրամաբանության մեջ»-, ասաց նա։  Փոխնախարարը նշեց, որ  առաջարկվող բոլոր ծրագրերի մաս են կազմում 11 բանկ և մոտ 7 վարկային կազմակերպություն։ Ամեն ծրագիր ունի ցանկություն հայտնած բանկեր։ Նախարարության կողմից յուրաքանչյուր ծրագիր հայտարարվում է առանձին, և բանկերը ցանկություն են հայտնում մաս կազմելու այդ ծրագրին։ 
13:52 - 01 ապրիլի, 2020
Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|

Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|

168.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում:  Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը: Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաև լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով: Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Մանե Գևորգյանը նախ ասաց, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր: Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, և լրագրողները տնից են աշխատում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որևէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչև կեսգիշեր: «Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության: Մեր ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:
13:38 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար։ Դրանք վերաբերում են ՓՄՁ-ին ու գյուղացիական տնտեսություններին աջակցելուն։ Երեկ ու այսօր հաստատվում են ծրագրին դիմելու կարգերը։ Աջակցության ծրագրերի համար գործում են թեժ գժեր՝ 8105 և 041 01-05-23 հեռախոսահամարներով։ Այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը մանրամասնեց աջակցության երրորդ ծրագիրը։ «Այս միջոցառումը փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն է միտված։ Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սնունդի, մշակվող արդյունաբերության ոլորտում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-500 մլն դրամի շրջանակներում, որոնց մեկ եռամսյակի շրջանառությունն ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, որոնք ունեն բարվոք հարկային ու վարկային պատմություն։ Նրանք կարող են դիմել ու ստանալ անտոկոս վարկեր։ Մենք դրանք անվանում ենք արտոնյա վարկեր, 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա, այսինքն՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին մեկ տարվա համար՝ 12 տոկոս պայմանով»,- ասաց փոխնախարարը։ Նաիրա Մարգարյանի խոսքով՝ վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել վարձակալության, աշխատավարձերի, հարկերի, հումքի, կոմունալների վճարների ուղղությամբ։ Վարկերն ունեն 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում շահառուն որևէ մարում չի անելու։ Իսկ 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են գործելու։ Զբոսաշրջության և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե այդ շահառուն այդ երկու ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 մլն դրամը, նորից մարման գրաֆիկը 7-12-րդ ամսում սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո 13-րդ ամսից սկսած նորից հավասարաչափ մարումներ են լինելու։ Վաղաժամ մարումներ հնարավոր են, այդ դեպքում տուգանք նախատեսված չէ։ Բոլոր դիմումներն ընդունվելու են միայն առցանց` Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում։ Կայքում գործելու է նաև թեժ գիծ։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը պարզ է։ «Երկու կետ նշեմ, որը կարող է բարդություններ առաջացնել։ Որպեսզի մենք վարկային պատմությունը կարողանանք ճշտել, պետք է դիմենք ԱՔՌԱ համակարգին կամ շահառուն պետք է դիմի։ Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր, որով կենտրոնը կարող է դիմել ԱՔՌԱ համակարգ։ Լիազորագրի օրինակն առցանց կա, այն պետք ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մենք նաև խնդրել ենք, որպեսզի շահառուները ներբեռնեն իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց նա։
13:11 - 01 ապրիլի, 2020
Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռիում ունենք կորոնավիրուսով վարակման 3 դեպք. նրանց շփման շրջանակը մեկուսացված է. մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով մարզում արձանագրված վարակման դեպքերին: «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը’ դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը: Հ.Գ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ և ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4-րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, բնակվում է Երևանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը»,-գրել է մարզպետը:
12:51 - 01 ապրիլի, 2020
Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը, որը միտված է ՓՄՁ-ների աջակցմանը։ «Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ․ շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակում, և 2019 թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տրվա շրջանառության 10 տոկոսից ավել է, ունեն բարվոք հարկային հարկային և վարկային պատմություն։ Այս ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր»,- ասաց նա։ Նաիրա Մարգարյանը նշեց, որ անտոկոս կամ արտոնյալ վարկերը 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնք առաջին երկու տարվա՝ 24 ամիսների համար գործում են անտոկոս պայմանով։ Երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով։ Վարկ տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։   «Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման․ եթե շահառուն այդ 2 ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-ից 12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո՝ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը, նորից հավասարաչափ մարումներ են տեղի ունենում»,- ասաց նա։  Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս վարկերի վաղաժամ մարումներ հնարավոր են և նաև խրախուսվում են։ Հայտ ներկայացնելու համար նրանք, ովքեր համապատասխանում են 3-րդ միջոցառման պահանջներին, պետք է այցելեն isc.am կայք և լրացնեն կայքում տեղադրված առցանց դիմումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտերն ընդունում է միայն առցանց տարբերակով։
12:45 - 01 ապրիլի, 2020
Աշխատատեղում ախտահանման աշխատանքները պարտադիր են

Աշխատատեղում ախտահանման աշխատանքները պարտադիր են

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Ըստ այդմ` պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները: Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան։
11:53 - 01 ապրիլի, 2020
Երևանի մետրոպոլիտենը փակ է

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը միառժամանակ չի գործի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն 10 օրով։ 
11:48 - 01 ապրիլի, 2020
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:Նախագահ Սարգսյանը և անվանի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերությունում առաջատար գիտնական է: «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար:
11:46 - 01 ապրիլի, 2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ: Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:  Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:  Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
10:57 - 01 ապրիլի, 2020