Կորոնավիրուս

 Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը

Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Այս մասին հայտնում է պետնախարարի աշխատակազմը: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ: Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է: Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը: Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ:
20:40 - 19 նոյեմբերի, 2021
Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Սոցցանցերում և սունկ կայքերում երբեմն կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ նշվում է, թե մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել վիտամիններով հարուստ սնունդ կամ դեղահաբերով վիտամիններ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Չնայած որոշ վիտամինների ընդունումն ունի հակաբորբոքային, իմունիտետը խթանող ազդեցություն, չկան բավարար տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները կարող են կանխել կորոնավիրուսով վարակվելը կամ էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության ընթացի վրա։ Իսկ առանց բժշկի թույլտվության դեղահաբերով վիտամիններ ընդունել չի կարելի, քանի որ որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այժմ պատասխանենք մի քանի կարևոր հարցերի․ ինչե՞ր են վիտամինները, ի՞նչ գործառույթներ են կատարում օրգանիզմում, ինչպե՞ս ենք մենք ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները, ըստ գիտական հետազոտությունների՝ ինչպե՞ս են վիտամիններն ազդում կորոնավիրուսային հիվանդության վրա, ինչո՞ւ չի կարելի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։   Ինչե՞ր են վիտամինները Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնք առկա են բուսական և կենդանական սննդի մեջ։ Մենք որոշ վիտամիններ ստանում ենք սննդից, որոշ վիտամիններ էլ արտադրում է մեր օրագնիզմը։ Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին աճելու և զարգանալու համար․ յուրաքանչյուր վիտամին օրգանիզմում որոշակի գործառույթ ունի, և վիտամինների պակասը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վիտամին C-ն, օրինակ, մեծ դեր ունի իմունային համակարգի գործունեության և կարգավորման հարցում, այս վիտամինի պակասն ասոցացվում է շնչառական վարակների և թոքաբորբի հանդեպ ընկալունակության բարձրացման հետ։ Վիտամին D-ն էլ օգնում է իմունային համակարգին տարբեր եղանակներով, այդ թվում՝ պաշտպանելով վիրուսներից և նվազեցնելով սուր շնչառական վարակների ռիսկը։ Բավականաչափ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է, որը ներառում է տարբեր սննդատեսակներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում վիտամինների պակասը լրացնել դեղահաբերի միջոցով, բայց նման դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ  որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են խնդիրներ առաջացնել։   Վիտամինները և կորոնավիրուսը Գիտական տարբեր հետազոտություններ են իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում վիտամինների որոշ տեսակներ կարող են արդյունավետ լինել։ Հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-ով հիվանդների կլինիկական վիճակը բարելավվել է վիտամին C-ի ընդունման դեպքում։ Կան նաև հետազոտություններ, ըստ որոնց՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների մոտ այս վիտամինն ընդունելը դրական արդյունքներ չի ունեցել։ Նույնը վերաբերում է վիտամին D-ին։ Եթե մի հետազոտության դեպքում D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է եղել, ապա կան հետազոտություններ, որոնց արդյունքներով D վիտամինը որևէ ազդեցություն չի ունեցել վարակումը կանխելու հարցում։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշում է, որ հետազոտությունների արդյունքում առավել դրական ազդեցություն դրսևորել է վիտամին D-ն, որն առաջին, երկրորդ մակարդակի ապացուցողական հիմք ունի՝ մեղմելու հիվանդության ընթացքը, նվազեցնելու թթվածնային կախվածությունը և ավելի բարվոք ելքի բերելու։ Սակայն, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռևս շարունակական ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի այս վիտամինը մտցվի բուժական ընթացակարգի մեջ՝ որպես խթանող, բուժմանն օժանդակող միջոց։  «C վիտամինը սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ որպես օգնող, օժանդակող միջոց, խորհուրդ տվում է կիրառել, բայց վիտամինն օժանդակ միջոց է և որևէ առանցքային նշանակություն չունի։ Ճչացող վերնագրեր դնել, որ դա համար մեկ թշնամին է, շատ սխալ է։ Եթե մենք այսօր ունենք կորոնավիրուսի իրական համար մեկ թշնամին՝ պատվաստումը, հիմնվել հանրամատչելի, ոչ գիտական տվյալների վրա, ասել՝ նուռ կերեք, կիվի կերեք և դրանով կկանխեք COVID-ը, գիտական որևէ հիմք չունի»,- նշում է նա։ Մերի Տեր-Ստեփանյանը խորհուրդ չի տալիս առանց բժշկի խորհրդի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու կամ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը թեթևացնելու նպատակով։ «Ցանկալի է վիտամիններն ընդունել հենց սննդի միջոցով, դեղահաբերի տեսքով սննդային հավելումներից, լրացուցիչ վիտամիններից և հանքային նյութերից հնարավորինս խուսափել առանց բժշկի խորհրդի, որովհետև դրանք կարող են ունենալ նաև հակառակ ազդեցությունը։ Վիտամին C-ն որոշ դեպքերում կարող է ալերգիկ պրոցեսներ խթանել, դրա ավելցուկ քանակները կարող են բերել փորլուծության, սրտխառնոցի, փսխման, որոշ տվյալների համաձայն՝ բջիջների ատիպիկ զարգացման և գերաճի: Այնպես որ, վիտամիններին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Եկեք հիմնվենք բժշկի խորհրդի վրա և վիտամինների հիմքը ստանանք սննդի միջոցով, ոչ թե դեղահաբերի»,- ասում է մասնագետը։ Մերի Տեր-Ստեփանյանը հավելում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոցը առաջին հերթին պատվաստումն է, իսկ հետո՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և այլն։ Ամփոփելով՝ նշենք․ վիտամինները մեր օրգանիզմի համար կարևոր նյութեր են, որոշ վիտամիններ ունեն հակաբորբոքային նշանակություն և պաշտպանում են սուր շնչառական վարակներից, օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է․ դեղահաբերով վիտամիններ կարելի է ստանալ միայն բժշկի ցուցումով, քանի որ մեծ չափաբաժինները կարող են խնդիրներ առաջացնել, կորոնավիրուսային հիվանդության վրա վիտամինների ունեցած ազդեցության վերաբերյալ կան հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները միանշանակ չեն․ չկան հստակ տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա կամ կարող են կանխել վարակումը։ Գլխավոր լուսանկարը՝ Nature-իԱննա Սահակյան
17:52 - 19 նոյեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները կորոնավիրուսի դեմ միջոցառումների շրջանակում ստուգայցեր են կատարել մարզերում

ՍԱՏՄ տեսուչները կորոնավիրուսի դեմ միջոցառումների շրջանակում ստուգայցեր են կատարել մարզերում

Նոյեմբերի 18-ին հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց ձորում՝ 10, օբյեկտներում: Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
13:49 - 19 նոյեմբերի, 2021
Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

 |armenpress.am|

Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։ ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: «Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։
12:34 - 19 նոյեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսով վարակված 24 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 49-ինը՝ ծանր

Արցախում կորոնավիրուսով վարակված 24 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 49-ինը՝ ծանր

Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 3 մահվան դեպք: 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն: 73-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն, 92-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90% ախտահարում, սեպտիկ շոկ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:24 - 19 նոյեմբերի, 2021
Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

tert.am: Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի: Ավելին՝ tert.am-ում
12:00 - 18 նոյեմբերի, 2021
Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը ՄԱԿ-ի աջակցությամբ համաձայնագիր է ստորագրել Ժնևի դեղերի արտոնագրային կառույցի հետ՝ թողարկելու COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը: Երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում պարզաբանվում է, որ այս դեղամիջոցի արտադրության համար լիցենզիայի տրամադրումը թույլ կտա այն թողարկել 95 երկրներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մինչև 53 տոկոսը։ Ռուսաստանը Pfizer-ին թույլ է տվել կլինիկական փորձարկումներ անցկացնել 90 կամավորների վրա, ասվում է Դեղերի պետական ռեգիստրում: «Մենք կարծում ենք, որ սկզբնական շրջանում այս դեղը պետք է օգտագործվի միայն ռիսկային խմբի համար: Նպատակը հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից խուսափելն է: Հետևաբար, դեղը պետք է ընդունվի առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո», - ասել է արտոնագրային կառույցի ներկայացուցիչ Հերվե Վերհուսելը:
11:37 - 17 նոյեմբերի, 2021
Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեքշաբթի՝ 16.11.2021թ, երեկոյան ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:36 - 17 նոյեմբերի, 2021
Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|

Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով |hetq.am|

hetq.am: BioNTech/Pfizer ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել է կիրառվել Իսրայելում՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության որոշմանը։ Ավելի վաղ, նույն ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել էր կիրառել 12-ից բարձր երեխաների և մեծահասակների համար։  Առողջապահության նախարարության հետ խորհրդակցող փորձագետների խմբի անդամները, որոնց մեջբերում է իսրայելական Haaretz պարբերականը, գրեթե միաձայն եկել են այն եզրակացության, որ «պատվաստանյութի առավելությունները էապես գերազանցում են դրա ռիսկերը»։ Հանձնաժողովը նաև ձայների ճնշող մեծամասնությամբ խորհուրդ է տվել պատվաստել նույնիսկ այն երեխաներին, որոնք արդեն իսկ վարակված են եղել կորոնավիրուսով։     
19:15 - 15 նոյեմբերի, 2021