Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը
20:40 - 19 նոյեմբերի, 2021

Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Այս մասին հայտնում է պետնախարարի աշխատակազմը:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ:

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է:

Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը:

Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել