Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան օգոստոսի 24, 1943, Սուլդա, Ախալքալաքի շրջան, ՎԽՍՀ, հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2009):
Մեղադրվում է երեխաների ապօրինի առքուվաճառքի մեջ:
Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է քրեական հետապնդման տակ երեխաների թրաֆիքինգի եւ առեւտրային կաշաքի վերաբերյալ գործի շրջանակներում եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով, այն է ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը եւ առեւտրային կաշառքը։
Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1960 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1967 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1967-1971 թվականներին աշխատել է Վեդիում որպես բժիշկ, ապա՝ պոլիկլինիկայի վարիչ։ 1971-1975 թվականներին սովորել եւ աշխատել է Մոսկվայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի համամիութենական ԳՀԻ-ում, որտեղ եւ պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։ 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ։
Միեւնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնում, որպես ասիստենտ, ապա դոցենտ։ 1990 թվականին մրցույթային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ։ 1992 թվականին հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (ՀՀԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը։ 2002 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական՝ ծննդօգնության գծով եւ 1997 թվականին՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։