Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ
11:11 - 04 հուլիսի, 2022

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 

Դատական նիստը, սակայն, դռնփակ է։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ դատավորի աշխատակազմից տեղեկացրին, որ որոշում է կայացվել գործը դռնփակ քննելու վերաբերյալ, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հիմքով։ Ըստ ամենայնի, գործը դռնփակ է քննվելու՝ հաշվի առնելով, որ դրանում առկա են երեխաների անձնական տվյալներ, ինչպես նաեւ որդեգրման գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

Հիշեցնենք՝ այս քրեական գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր դեռ 2019 թ նոյեմբեր ամսին՝ նշելով, որ բացահայտվել են ՀՀ քաղաքացիների կողմից 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումները Իտալիայի Հանրապետություն կազմակերպելու եւ իրականացնելու դեպքեր: Ըստ նախաքննական մարմնի՝ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է եղել 15․000-25․000 եվրո գումար։ Նախաքննության ընթացքում մայր քրեական գործից անջատվել եւ դատարան է ուղարկվել կոնկրետ 20 երեխայի վերաբերյալ այս գործը, որով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ։

Մասնավորապես․ ենթադրյալ հանցավոր խմբի կազմակերպիչը իտալական մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ։

Խմբի կազմում ներգրավվելու եւ երեխաների վաճառքին օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանին,  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամայնին, վերջինիս տեղակալ Արշակ Ջերջերյանին, նույն ՓԲԸ-ի ցերեկային ստացիոնար վարիչ Արամ Շահբազին, թարգմանիչ Քրիստինե Նարինյանին։

Մյուս մեղադրյալ Լենա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում զբաղեցնելով ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնը եւ իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով անձանց եւ պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախարարության նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Անուշ Բադալյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախարարության՝ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների «Մանուկ» համակարգում իր անվամբ ստեղծված «ANUSH BADALYAN» օգտատիրոջ միջոցով ունենալով հասանելիություն եւ իրավասություններ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ անհրաժեշտ նշումներ եւ փոփոխություններ կատարելու համար, հանդիսանալով պաշտոնատար անձ, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսևորելով նշված համակարգում որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու եւ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերում, խախտել է ՀՀ կառավարության թիվ 269-Ն որոշման 40-րդ եւ 41-րդ կետերը։ 

Ըստ առաջին կետի՝ որդեգրել ցանկացող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիակաան հարցերի նախարարության աշխատակազմը (իսկ սահմանված դեպքերում` կենտրոնական մարմինը) նախարարությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին, եւ եթե այլ որդեգրել ցանկացող անձ ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի եւ որդեգրել ցանկացող անձի հանդիպումը, իսկ ըստ մյուս կետի՝ 40-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում նախարարությունը կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը։

Համաձայն մեղադրանքի՝ Անուշ Բադալյանը տվյալ համակարգում 2019 թվականի մարտի 11-ի նշագրումով կասեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սան, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված անձի տվյալները, որի հետևանքով ՀՀ քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրելու նպատակով հաշվառված քաղաքացիների համար նրա տվյալները դարձել են անհասանելի: Արդյունքում երեխա որդեգրելու համար հաշվառված անձինք զրկվել են որդեգրելու համար ընտրելու, տեսակցելու, հետագայում՝ նրան որդեգրելու հնարավորություններից, ինչի պատճառով առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ երեխան զրկվել է հնարավորինս շուտ որդեգրվելու հնարավորությունից:

Այս պահին գործով կալանավորված անձ չկա, մեղադրյալների նկատմամբ ընտրված են երկրից չհեռանալու մասին ստորագրություն եւ գրավ խափանման միջոցները։

 

Լուսանկարում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրը

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել