armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կորոնավիրուսի համատեքստում առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք:
«Բոլոր կանխատեսումներով այժմ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն՝ ինչ-որ չափով, միեւնույն է, կարողանում ենք զսպել վարակի տարածումը եւ կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ չե՞ն կարծում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չեն տալիս, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «ՀՀ-ում հիվանդ բոլոր քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, եւ այս առումով Կառավարության ջանքերը ավելի քան ողջամիտ եւ տեղին են, ինչ վերաբերում է թվերին, որոնք, ցավոք, չեն իջնում եւ արձանագրվում են նման հավաքների ժամանակ, ոչ թե բ/կ-ներում, դա կախված է ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան»:
Հարցին՝ ինքը ճի՞շտ քաղաքականություն է համարում այն, որ մինչ թեստի պատասխանը չի լինում, անգամ շնչահեղձության պայմաններում անձին չեն տեղափոխում հիվանդանոցային բուժման, այդ դեպքում ո՞վ պետք է նրան օգնության հասնի, առողջապահության նախարարը պատասխանեց, որ օգնության հասնողը առողջապահական համակարգն է. «Աստիճանաբար ավելի մեծ հզորություններ ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց ենք հասնում օգնության, մենք պետք է հիշենք, որ այժմ գտնվում ենք համաճարակային իրավիճակում, ինչը կրկնակի, եռակի բեռ է առողջապահական ցանկացած համակարգի համար»:
Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք են ունեցել՝ ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր իրավիճակը, ըստ նրա, ավելի լավ է, քան երեկ. «Եվ այդ իրավիճակը ամեն օր փոխվում է, կոնկրետ դեպքերով մենք աշխատում ենք կոնկրետ լուծումներ տալ թեստավորման քանակի ավելացման, արագացման եւ նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու համար»: Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ կորոնավիրուսով չզբաղվող հաստատություններում հատուկ բաժանմունքներ են առանձնացվում, որոնք կզբաղվեն այդ քաղաքացիներով, որոնց պատասխանները դեռ չեն եկել կամ բացասական են եկել, սակայն նրանք բուժօգնության կարիք ունեն: Այդպիսի բ/կ-ների թվում է նաեւ Նորքի ինֆեկցիոնը եւ Այրվածքաբանության կենտրոնը. «Կարող են լինել հատուկենտ մարդիկ, որոնք կարող են այդ պահին զրկված լինել բուժօգնությունից, դրա համար կանք մենք, որ զբաղվում ենք այդ դեպքերով, անձամբ ես զբաղվում եմ»:
Հարցին՝ ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց:
Անդրադառնալով կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման դեպքին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման եւ դիերի տեղափոխման պրոցեսում, ինչն արդեն ուղղվել է. «Հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, եւ հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- ասաց նա:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)