armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դատական նիստը դռնփակ է։ Նախարարը դատական նիստի ավարտից հետո հանդես կգա ճեպազրույցով։
Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։
comment.count (0)