Սումգայիթ

Սումգայիթը քաղաք է Ադրբեջանում՝ Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ²։ Այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է տեղի հայ ազգաբնակչության ջարդեր ու զանգվածային տեղահանություն։ Այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը։

Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։
 
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր՝ իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը եւ այլն։ Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը եւ դերերի բաժանումը, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի եւ այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի եւ ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ եւ շտապ օգնության ծառայությունները։
 
Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների եւ կանխել հետագա ջարդերը։
 
Սումգայիթի ջարդերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի։
 
Չնայած միջազգային հանրությունը դեռեւս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) եւ Արգենտինայի խորհրդարանը։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները եւս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 24-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվել է եռալեզու (ռուսերեն, հունարեն և անգլերեն) «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով բացառիկ վիրտուալ ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, արխիվային նյութերի հիման վրա կազմված վիրտուալ ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988 թ. փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Վիրտուալ ցուցահանդեսը գործելու է մինչև ս.թ. մարտի 21-ը։
17:21 - 27 փետրվարի, 2023
Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները անթույլատրելի են. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները անթույլատրելի են. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․  «35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։ Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է: Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը: Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը: Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են: Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»:  
10:46 - 27 փետրվարի, 2023
Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արցախի ԱԳՆ

Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտագին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է.«32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ը,  Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ իրագործված վայրագություններով։ Երեք օր տևած զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնարարքները Բաքվի իշխանությունների պատասխանն էին արցախահայության՝ իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման խաղաղ և օրինական պահանջներին։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ջարդերի նախօրեին կազմակերպված հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները դիմում էին ամբոխին՝ կոչ անելով պատժել հայերին և պահանջելով «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը: Իշխանությունների և իրավապահ մարմինների բացահայտ անգործության պայմաններում, ինչպես նաև վերջիններիս ուղղորդմամբ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, ոգեշնչված հայատյացության և բռնության կոչերով, անարգել կերպով սկսեցին հարձակումները Սումգայիթում ապրող հայերի բնակարանների վրա՝ իրենց մոտ ունենալով նրանց հասցեներով ցուցակները։Սումգայիթում  իրագործված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական կազմակերպիչների և մեղավորների անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեց հաջորդած տարիներին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում՝ Կիրովաբադում, Բաքվում և մի շարք այլ հայաշատ քաղաքներում հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրագործման համար։ Այդ քաղաքականությանը զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական։Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը՝ հերոսացնելով և փառաբանելով 2004 թ. Հունգարիայում հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի զինծառայողին։ Նման քաղաքականության հերթական դրսևորումը դարձան 2016 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին գլխատող ադրբեջանցի սպայի պագրևատրումը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի իրագործած մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։Խոնարհվում ենք սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը»։
17:21 - 28 փետրվարի, 2020
Կանադայի խորհրդարանում Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչել |armenpress.am|

Կանադայի խորհրդարանում Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչել |armenpress.am|

armenpress.am: Կանադայի խորհրդարանում պատգամավորները Բաքվի և Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարություններ են հնչեցրել: Պատգամավորները նշել են, որ Կանադայի ողջ հայությունն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Բաքվում և Սումգայիթում ոճրագործության զոհ դարձած հազարավոր հայերի հիշատակին: Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր Էմանուելա Լամբրոպուլոսը նշել է, որ Բաքվի և Սումգայիթի տարելիցներն իրենց հարկադրում են խոսել այդ թեմայի մասին, քանի որ իրենք ապրում են մի երկրում, որտեղ տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները կարող են մասնակցել երկրի քաղաքականությանը: «30 տարի առաջ տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը: 7 օրվա ընթացքում հարյուրավոր հայեր ենթարկվեցին բռնությունների, սպանվեցին, արտաքսվեցին քաղաքից: Այդ հանցագործություններով երկրում ավարտին հասցվեցին հայերի նկատմամբ սկսված էթնիկ զտումները: Մոտ 500 հազար հայ տեղահան եղավ ու ցրվեց աշխարհով մեկ, այդ թվում եկան Կանադա: Հայերի կոտորածներ էին եղել նաև Սումգայիթում, ինչը ցնցել էր ամբողջ աշխարհը»,- նշել է Լամբրոպուլոսը: Պատգամավոր Բոբ Սարոյան Կանադայի խորհրդարանից պահանջել է շարունակել հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների կանխման հանձնառությանը: «Ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Սումգայիթում և մայրաքաղաք Բաքվում: Այս ջարդերը Ադրբեջանում հայերի նկատմամբ քսենոֆոբիայի, ատելության և խտրականության վկայություն են, որը, ցավոք, շարունակվում է»,- ասել է պատգամավորը: Կանադայի խորհրդարանի անդամ Ֆասյալ Էլ-Հուրին իր ելույթում Բաքվի ու Սումգայիթի ջարդերը մարդկության դեմ նողկալի հանցագործություն է անվանել: «Լավալ Լեզ-իլ համայնքի և ողջ Կանադայի հայերը հիշատակում են Բաքվի և Սումգայիթի ցեղասպանության զոհ դարձած հայերին: Դա մարդկության դեմ հանցագործություն էր, որ շատ մարդու կյանք խլեց: Այդ ցավը դեռ թարմ է այն վերապրածների հիշողություններում: Այսօր եկեք մեկ պահ հարգանքի տուրք մատուցենք այս բարբարոսական բռնությունից ուղիղ կամ անուղղակի կերպով տուժածներին: Այս սարսափելի ողբերգությունը հիշատակելիս մենք հասկանում ենք, թե որքան հաջողակ ենք, որ ապրում ենք Կանադայի պես երկրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները հարգվում են, և որտեղ բոլորս ունենք մարդկային նույն արժեքները` հանդուրժողականություն, հարգանք և արդարություն»,- նշել է Էլ-Հուրին: 2020 թ. լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ և Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցը:
17:14 - 28 փետրվարի, 2020
Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը: Այս մասին Գրիգորյանն ասաց 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում: «Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:
13:32 - 28 փետրվարի, 2020
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով․ Արմեն Սարգսյանի ուղերձը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի օրվա առթիվ

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով․ Արմեն Սարգսյանի ուղերձը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի օրվա առթիվ

Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին: Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Դրանք հետևանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել և ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ: Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը և ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում և Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաև ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով: Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն: Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ: Խոնարհվում եմ Սումգայիթում և Բաքվում ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև: Հանգստություն նրանց հոգիներին: 
10:08 - 28 փետրվարի, 2020
Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։ Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ։
16:47 - 27 փետրվարի, 2020