Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի կայքում սույն թվականի հուլիսի 22-ին հրապարակվել էր The Jerusalem Post պարբերականի հոդվածի թարգմանությունը՝ հուլիսյան զարգացումների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը Սեթ Ֆրանցմանն է (SETH J. FRANTZMAN): Նա կասկածի տակ է դնում իսրայելական դրոնները խոցելու՝ հայկական կողմի պնդումները՝ նշելով, թե Հայաստանն ամբողջ պատմությունը չի ներկայացնում։ Հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում»։  Նշված հոդվածը, որ հրապարակվել է Իսրայելի պահպանողական ուղղություն ունեցող, ֆրանսերենով և անգլերենով տպագրվող հեղինակավոր պարբերականում, որի տպագիր տարբերակը տեղում ունի մինչև 80 000, իսկ արտասահմանում՝ մինչև 40 000 շրջանառություն, զուր է դուրս մնացել հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունից։ Հեղինակը հայտնի է իր «Իսլամական պետության դեմ պատերազմը, Գազայի երեք պատերազմները, Ուկրաինայի հակամարտությունը, փախստականների ճգնաժամերը՝ Արևելյան Եվրոպայում» թեմաներով լուսաբանումներով, և զեկույցներ է ունեցել՝ Իրաքից, Թուրքիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Սենեգալից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Այսինքն, ըստ էության, գործ ունենք բազմափորձ ռազմական վերլուծական հոդվածներ լույս ընծայող հեղինակի հետ։ Վերջինս իր խոսքը սկսում է մեր խոցած ԱԹՍ-ների՝ պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցադրության մասից, այնուհետ հավելում, որ ցուցադրված կտորները սոցիալական ցանցերում նույնականացվել են՝ որպես իսրայելական արտադրության։ Հոդվածագիրը հատուկ նշում է, որ ԱԹՍ-ները կործանվել են երկու կողմում էլ։ Այնուհետև, շարունակելով միտքը, հավելում է՝ «Սակայն դրոնների և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշելը, թե որտեղից են հայտնվել և որքան են խոցվել դրանք»։ Այս նախադասությամբ էլ հոդվածը սկսեց գրավել ուշադրությունս։ Հետաքրքրեց նաև այլ բան․ ինչքանո՞վ է ակնհայտ քարոզչությունը փաստարկված և հիմնավոր։ Նախևառաջ պարզվեց, որ Սեթ Ֆրանցմանն ուսումնասիրել է հայկական սոցիալական ցանցի տիրույթը, ինչն ավելի հետաքրքական դարձրեց նյութը։ Հարցը հետևյալն է․ ինչո՞ւ հիմնավորումները չսկսել փաստերից, այլ սոցիալական ցանցերի տիրույթից։ Երկրորդ․ որպես հերքման հիմնավորման սկիզբ՝ հոդվածում դրվել է այն վարկածը, թե իբր խոցված ԱԹՍ-ների կտորները կարող են լինել նաև հայկական արտադրության, իսկ եթե ոչ, ապա ինչ-որ սև շուկայից գնված սարքեր կամ դրանց կտորներ։ Բարձր տեխնոլոգիանների սև շուկա՞․ չեմ բացառում, գուցե այս դեպքում էլ է հնարավոր, դատեք ինքներդ։ Անդրադառնանք մեր խոցած կամ վնասազերծած անօդաչուներին․ դրանցից առաջինը Hermes 900-ն է, որն արտադրում է իսրայելական Elbit Systems կազմակերպությունը։ Հայտնի է, որ այս ընկերությունը նշված տեսակի անօդաչու սարքերից պաշտոնապես վաճառել է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կոլումիբիային, Մեքսիկային, իսկ շվեցարական կողմի հետ կնքել է միայն 200 միլոն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարք։ Հարց է ծագում․ արդեն հեղինակավոր ընկերության գերժամանակակից արտադրանքը ինչպե՞ս պետք է հայտնվի սև շուկայում։ Ենթադրվում է, որ եթե շուկան կա, ապա այն ձեռնտու է արտադրող կողմին, ուրեմն այն պետք է գործարկեն երրորդ երկրները։ Լա՛վ, կրկին ենթադրենք, թե Չիլին այն հանել է սև շուկա, այդ դեպքում այն ի՞նչ կապ ունի Hermes 900-ի հետ, որի բեկորները օբյեկտիվ պատճառներով չեն ցուցադրվել, քանի որ դրանք ընկել են հակառակորդի տարածքում։ Մնում է միայն առանց որևէ հիմնավորման՝ «հաջակցություն» հեղինակի ավելացնել, որ 3-րդ երկրի կողմից Hermes 900-ը հատուկ քանդվել է պահեստամասերի և շուրջ 30 միլիոն արժողությամբ անօդաչու այդ սարքը տրամադրվել է մեզ մաս առ մաս կամ մի քանի մասերով, որոնք մենք հատուկ վնասել ենք, այն էլ՝ ցուցադրության համար։ Նույն եզրահանգումը վերաբերելի է նաև Orbiter հետախուզական և SkyStriker կամիկաձե տեսակի, բայց արդեն անվնաս ցուցադրված ԱԹՍ-ներին։ Ավելին՝ անհավանական կթվա այն վարկածը, որ հենց իսրայեալական կողմն ինքն իր արտադրանքը վարկաբեկելու համար դրա պահեստամասերը վնասված և վառված տրամադրել է հայկական կողմին։ Ընդ որում՝ Orbiter-3 անօդաչուների վերջնական տեսքը ստանում են Ադրբեջանում։ Այնուհանդերձ, հետաքրքիր կլիներ նաև այն, որ ադրբեջանական կողմը սև շուկայում իրականում վաճառում է համատեղ արտադրված իսրայելական անօդաչու սարքեր։ Հետևությունը մեկն է․ հեղինակն ընդամենը ակնարկում է Հայաստանի Հանրապետության՝ սև շուկայից ռազմամթերք ձեռք բերելու մասին, այն էլ՝ բավականին անհաջող և չփաստարկված։ Ի դեպ՝ հեղինակը որևէ փաստով չի հերքել, որ խոցվել է շուրջ 14 ԱԹՍ, որից մեկը՝ ՊԲ-ում, դրանցից մոտ տասը՝ հարվածային, երեք-չորսը՝ հետախուզական։ Հատկանշական է, որ հակառակորդի օգտագործած Spyke տեսակի ժամանակակից հրթիռների մասին, որոնք հավանաբար արձակվել են ուղղաթիռից և նշանակետերը չեն խոցել, հոդվածում անդրադարձ չկա․ սոսկ խոսվում է, որ Ադրբեջանն այս ընթացքում հայտարարել է ընդամենը մեկ խոցված անօդաչու սարքի մասին (ըստ երևույթին՝ դրա մասին տեղեկությունը վերցված է բաց աղբյուրներից)։ Հրապարակված նյութի վերջաբանում կատարաված նպատակը մեկն է՝ արդարացնել Ադրբեջանի՝ իսրայելական արտադրության ռազմամթերքի ձեռք բերումը։ Չէ՞ որ գնվել են ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև հեռահար գերճշգրիտ հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր, որոնցից պետք է առանձնացնել Lora տիպի երկիր-երկիր օպերատիվ-մարտավարական հրթիռները և «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային համակարգը։ Սրանք, միանշանակ, թանկարժեք ձեռքբերումներ են, որոնց համընդհանուր արժեքը տարբեր գնահատականներով հավասարվում է ամենաքիչը 2մլրդ․ ԱՄՆ դոլարի։ Եկեք պատկերացնենք այն պահը, երբ մի քանի տասնյակ միլիոն արժեցող անօդաչուն խոցվում է հայկական կողմի արդիականացված, սակայն մի քանի հարյուր անգամ էժան հակաօդային հրթիռով։ Իսրայելցի լրագրողը ոչ միայն չի համակերպվում այս մտքի հետ, այլ նաև, հատուկ շեշտելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների նկարահանման որակը, ընդգծում է, որ, չնայած իսրայելական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ինչպես ԱԹՍ-ների վերաբերյալ, այնպես էլ՝ դրանց որակական հատկանիշների, այնուամենայնիվ, իսրայելական անօդաչու սարքերի տեխնիկական առավելությունն ակնհայտ է։  Եվ, ընդամենը հղում կատարելով նկարահանված կադրերի վրա, հոդվածագիրը եզրակացնում է՝ «Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում իր հնարավորությունները ցուցադրելու համար»։ Դեմ չեմ, հնարավոր է, որ նկարահանող, օպտիկական սարքավորումները հակառակորդի մոտ ավելի որակյալ են։ Բայց այդ դեպքում հեղինակն ինչո՞ւ է հոդվածի միջնամասում տարբեր օրինակներով փորձում հիմնավորել, որ ԱԹՍ կործանելը այդքան էլ հեշտ չէ։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն սեփական արտադրության ռազմամթերքի վարկանիշը պահելու փորձ։ Հենց այդպես էլ կարելի է ասել, որ հնարավոր է՝ հայկական արտադրության անօդաչու սարքերի որոշ դետալներ որակային առումով ավելի ցածր են, և դա բնական կարելի է համարել, բայց որ մի կողմից գովերգում ես սեփական զենք-զինամթերքը, մյուս կողմից ինչո՞ւ ես հարցի տակ դնում ռուսական կամ խորհրդային ՀՕՊ ներգործության միջոցները և խոցելու ցածր հավանականությունը՝ տարբեր երկրների ԱԹՍ-ներ խոցելու հարցում։ Միանշանակ մեկ նպատակով, որպեսզի համեմատության մեջ ի ցույց դրվի, որ ցածր տեխնոլոգիական արտադրություն ունեցող երկիրը (այսինքն՝ Հայաստանը), որի ՀՕՊ սպառազինությունը միայն ռուսական է, անգամ տեղական արդիականացման պայմաններում հնարավորություն չունի արդյունավետ հակազդել ցանկացած ԱԹՍ համակարգի, առավել ևս չի կարող, հնարավություն էլ չունի հակազդել իրենց արտադրության ամենաբարձր տեխնոլոգիաներով արտադրված անօդաչու սարքերին։ Սա ի՞նչ է, եթե ոչ իսրայելական հեղինակավոր պարբերականի միջոցով բարդույթների հաղթահարման, իսրայելական ամբողջ մի արդյունաբերական ոլորտի ինքնապաշտպանական չհաջողված փորձ։ Ավելին՝ աշխարհին ուղղված կոչ՝ «գնեք մեր զենքը, այն հայերը չեն ոչնչացրել, տեսեք՝ խաբում են ձեզ»։ Որպեսզի հավելյալ հարցեր չառաջանան, անհրաժեշտ եմ համարում ասել, որ հոդվածում հրապարակված թվերը՝ Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում խոցված անօդաչու սարքերի մասին, վերցված են մեկ կենտրոնից կառավարվող աղբյուրից։ Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների խոցած ՀՕՊ համակարգերին, ապա օրինակ բերեմ մեկ դրվագ։ Ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական արտադրության անօդաչու սարքավորումերը խոցել են հիմնականում ռուսական Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ կայաններ։ Սա, հավանաբար, պայմանավորած է, թե՛ այդ կայանների ռադարային համակարգի թերություններով, թե՛ անձնակազմի ցածր պատրաստվածությամբ։ Թեկուզ այն փաստը, որ Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ համակարգը ուղղակի ցուցված է աշխատել 4 միասնական կայաններով, իսկ խոցված համակարգերը թիրախավորման պահին գործել են որպես միայնակ աշխատող կայաններ, արդեն խոսուն հիմնավորում է դրանց ոչ ճիշտ կիրառման մասին։ Հայկական կողմը չունի նշված Պանցիր-Ս ՀՕՊ կայաններ, և դրա փոխարեն օգտագործվել են ԱՍԱ-ԱԿՍ հայրենական ռազմարդյունաբերության կողմից արդիականացված համակարգերը։ Բացի այդ՝ տեղանքի առանձնահատկությունները, ըստ ինձ, թույլ են տալիս ոչ միայն կիրառել սեփական ՀՕՊ կայանները, որոնք բազմաթիվ են, այլ նաև օգտագործել մեր կողմից ձեռք բերված շարժական ռադիոլոկացիոն հայտնաբերման, ինչպես նաև, չեմ բացառում, ռուսական հեռահար հայտնաբերման ռազմավարական նշանակության կայանների կողմից որոշակի նպատականշման և տեղեկատվական հնարավորությունները։  Որպես վերջաբան՝ հավելեմ, որ կարելի է առանձին նյութ պատրաստել ինչպես հայկական արտադրության անօդաչու սարքվորումների, այնպես էլ՝ ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին, որը կներկայացվի հաջորդիվ։ The Jerusalem Post հոդվածը՝ https://www.jpost.com/jpost-tech/israel-revolutionized-azerbaijans-drone-arsenal-are-the-weapons-working-635829։ Ծանոթություն՝ սույն հոդվածի վրա աշխատելիս, այս համատեքստում, աչքի ընկավ Օրբելի կենտրոնի ուշագրավ հոդվածը։ Նարեկ Ներսիսյան
20:25 - 28 հուլիսի, 2020
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

factor.am: Իսրայելի Պաշտպանության բանակը, Սիրիայի տարածքից հրետակոծությունից հետո, օդային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զինված ուժերի մի շարք թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ «Հարձակման պատասխանատվությունը սիրիական ռեժիմի վրա է, մենք կպատասխանենք իսրայելական ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում։ Իսրայելական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են հայտնվել օդային ուժերի թիրախում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ հաղորդվել էր Գոլանի բարձունքներում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև շենքի և տրանսպորտային միջոցի վնասների մասին: Իր հերթին, Սիրիայի պետական ​​հեռուստաընկերությունը պնդում է, որ Իսրայելի գրոհային ուղղաթիռները հարձակվել են Ալ-Կունեյտրա քաղաքի տարածքում կառավարական բանակի դիրքերի վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող է վիրավորվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR) նաև հաղորդել է Ալ-Կունեյտրայի մոտակայքում մի շարք պայթյունների մասին։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը հարձակվել են մի քանի «թշնամական» թիրախների վրա: Հավելենք, որ Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածության սրացման նոր փուլը սկսել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Դամասկոսի ծայրամասում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբալլահ» շարժման հրամանատարներից մեկը:
19:32 - 25 հուլիսի, 2020
Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի ոստիկանությունը: Ինչպես հայտնել Է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուլիսի 21-ի երեկոյան բողոքի ակցիային մասնակցում Էր մի քանի հազար մարդ: Նրանց մի մասը պահանջել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը: Բողոքի մասնակիցների մյուս մասը հանդես Է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել Է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք Է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից: Հուլիսի 24-ից արգելվելու Է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում Է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել Է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:58 - 22 հուլիսի, 2020
Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Jerusalem Post-ի հոդվածը |armenpress.am|

Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Jerusalem Post-ի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այս վերտառությամբ հոդված է հրապարակվել իսրայելական Jerusalem Post-ում: Հեղինակ Ալեքս Գալիցկին նշում է, որ Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։ «Ադրբեջանը հաճախ է ցույց տվել երկրում ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։ Սակայն Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետություն է»,- նշված է հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր արցախահայերի և Նախիջևանի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության կողմից աջակցվող հայերի ջարդերին և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը: Այդ ծրագրերը նաև ուղղված էին հրեական համայնքներին, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն ՝ ի պատասխան հալածանքների հաճախակիացած դեպքերի։ «Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա վերջին հաշվով հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է կրակի դադարեցմամբ, ինչը փաստացի ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։ Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում ՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը»,- ասված է հոդվածում: Jerusalem Post-ը նշում է, որ 2000-ական թվականների սկզբին Նախիջևանում շուրջ 28 000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպանության շրջանակներում։ Հոդվածում հիշատակում է նաև Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին, որը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող ծրագրի ընթացքում: «Սաֆարովը վեց տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին` չնայած հունգարական դատարանի կողմից կայացված ցմահ բանտարկության վճռին, սակայն ժամանելուց հետո ներում ստացավ, կոչումը բարձրացվեց և զանգվածային լրատվամիջոցների կողմից հռչակվեց որպես ազգային հերոս՝ իր «հայրենանվեր պարտքը կատարելու համար»,- նշում է Jerusalem Post-ը: Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծ ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը: «Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ վանկարկելով «Մա՛հ հայերին» և Հայաստանի հետ պատերազմի կոչ անելով։ Պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են նրա գոյության հիմնարար իրավունքը»,- նշված է հրապարակման մեջ: Jerusalem Post-ը գրում է, որ բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից, այդ երկիրը նաև երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ: «Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում ՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՝ ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը»,- ասված է հոդվածում: Իսրայելական լրատվամիջոցի հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ: 
22:11 - 21 հուլիսի, 2020
Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալության, իսրայելական օդուժը Գոլանի բարձունքների օդային տարածքից հրթիռներ է արձակել Դամասկոսից հարավ ընկած օբյեկտների վրա: Սիրիացի յոթ զինվոր վիրավորվել է։ Իսրայելի բանակը իր գործողությունը չի մեկնաբանել։ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրական կենտրոնը հաղորդել է, որ հրթիռակոծվել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օբյեկտները, որոնք Սիրիայում կռվում են Բաշար ալ Ասադի կողմից։ Հուլիսի սկզբին Դամասկոսն ու Թեհրանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Իրանը օգնելու է արդիականացնել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ «Սանա» գործակալությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության կողմից հրթիռային հարձակումը կասեցնելու մասին, իսկ լոնդոնյան կենտրոնը հակառակը՝ պնդում է, որ սիրիական կողմին չի հաջողվել ոչնչացնել իսրայելական հրթիռները։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունները նույնպես հակասական են։
15:50 - 21 հուլիսի, 2020
Իսրայելում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post (տեսանյութ)
 |tert.am|

Իսրայելում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post (տեսանյութ) |tert.am|

tert.am: Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնական՝ Իցհակ Ռաբինի անվան հրապարակում հուլիսի 11-ին մոտ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել կորոնավիրուսի պայմաններում կառավարության վարած քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post պարբերականը, բողոքող քաղաքացիները պնդում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ֆինանսների նախարար Իսրայել Քաթցը չեն կատարել տրված խոստումները: Հնչել են նաև վարչապետ Նեթանյահուհի հրաժարականի կոչեր: Գիշերը, երբ հանրահավաքը ավարտվել է, մի շարք ցուցարարներ փողոցներ են փակել, բախումներ են սկսվել ոստիկանների հետ, վերջինների կողմից ցուցարարները ձերբակալվել եմ:
10:43 - 12 հուլիսի, 2020
Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|

Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|

civilnet.am: Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018-20)՝ Գրիգոր Հովհաննիսյանը կարևոր դեր է խաղացել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու գործում։ Մինչ այդ նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր (2016-18): Մինչ 2006-ին Հայաստան վերադառնալը՝ Հովհաննիսյանն աշխատում էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) առաքելություններում՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելում։ Անցած ապրիլ Հովհաննիսյանը լքեց արտաքին գործերի նախարարությունը՝ մասնավոր հատվածում աշխատելու համար։ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նա պատասխանել է Էմիլ Սանամյանի հարցերին։ Ի՞նչ կարգավիճակ ունի Իսրայելում Հայաստանի դեսպանատունը։ Այն պաշտոնապես բացվել և գործո՞ւմ է։ Այն պաշտոնապես բաց է, ունի հասցե և հավատարմագրված դիվանագիտական անձնակազմ։ Համավարակի և ճանապարհորդելու սահմանափակումներով պայմանավորված՝ մեր դիվանագետները չեն կարողացել վերադառնալ Թել Ավիվ, բայց կարծում եմ՝ դա շաբաթների հարց է։ Դեսպանատուն բացելու ի՞նչ խոչընդոտներ կային այս տարիներին, և ինչպե՞ս դրանք վերջապես հաղթահարվեցին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, պաշտոնական խոչընդոտներ չկային։ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում Իսրայելը բավականին բաց էր հարաբերություններ կառուցելու առումով, բայց հայկական կողմում ինչ-որ զսպվածություն կար։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թիմը չափազանց զգույշ էին Իսրայելի հետ հարաբերություններում, որպեսզի չվնասեն Հայաստանի հարաբերությունները Միջին Արևելքի մնացած գործընկերների հետ։ Թեև Հայաստանը մշտապես հայտնում էր Իսրայելի հետ համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին՝ Մեծ Մերձավոր Արևելքի խորհրդային ավանդական մտածելակերպից,- որ բնորոշ է Հայաստանի դիվանագետների առաջին սերնդին,- իրապես ազգային տեսլականի անցման դանդաղկոտությունը, իմ կարծիքով, կանխեց պահանջվող համարձակ քայլը։ Այդ նույն ժամանակ Իսրայելը բավականին ակտիվ էր նախկին խորհրդային բլոկի՝ գործնականորեն բոլոր երկրների հետ համագործակցելու գործում, ներառյալ՝ մեր տարածաշրջանային գլխավոր թշնամու, որը դարձավ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հաճախորդ և էներգիայի մատակարար այդ երկրի համար։ Քսան տարուց ավելի փոխադարձ կամ միաժամանակ դեսպանատներ բացելու մասին ակտիվ քննարկումներ են ընթացել, սակայն տարածաշրջանի անկայուն աշխարհառազմավարական միջավայրը դրան չէր նպաստում։ Հայաստանում հարկավոր եղավ պարադիգմի փոփոխություն՝ կարծրատիպային մտածողությունը և անիմաստ փակուղին հաղթահարելու համար։ Մեծ Մերձավոր Արևելքում հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը ենթադրում է տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ ակտիվ ներգրավվածություն։ Թեև Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաստատված միջազգային լեգիտիմությանը, սակայն մենք այլևս չենք կարող կարևոր գործընկերների հետ մեր հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրների հետ մեր հարաբերություններով։ Մենք անկեղծորեն խոսել ենք Իրանի և արաբական մայրաքաղաքների մեր ավանդական գործընկերների հետ ակտիվ ներգրավվածության այս քաղաքականության մասին, և կարծում եմ՝ այն շատ լավ ընդունվեց և հասկացվեց։ Ես գրեթե վստահ եմ, որ Իսրայելը շուտով փոխադարձ քայլ կանի և իր սեփական դեսպանատունը Երևանում կբացի։ Թեև դա կարող է նախատեսվածից երկար տևել՝ Իսրայելում կոալիցիոն կառավարություն կազմելու դրամատիկ գործընթացների պատճառով։ Որո՞նք են Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունները։ Իսրայելը տարածաշրջանում և դրանից դուրս տեխնոլոգիական ուժային կենտրոն է։ Գիտելիքահեն տնտեսության ցատկելու մեր տեսլականն իրականացնելու համար Իսրայելը դիտվում է որպես շատ անհրաժեշտ դաշնակից՝ իր R&D-ով (հետազոտություն և զարգացում), ՏՏ-ով, ագրոտեխնոլոգիաներով, կիբերանվտանգությամբ, պաշտպանական համակարգով, բժշկական հետազոտություններով, բիոինժեներիայով և Startup համայնքներով, համալսարաններով և վենչուրային կապիտալիստներով։ Թերևս, սա ապագա հարաբերությունների առաջին հիմնաքարը կլինի։ Իսրայելի տեսանկյունից, Հայաստանը՝ կառավարման իր լիբերալ ռեժիմով, աճող թափանցիկությամբ և Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Մաքսային միություն տանող հնարավոր դարպաս է։ Հայաստանը տարածաշրջանում լավ է դիրքավորված՝ ՏՏ-ում և կիբերանվտանգության ոլորտում համագործակցելու համար։ Բացի այդ, Հայաստանը իսրայելցի զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է, այդ պատճառով զբոսաշրջութունը ևս պետք է դիտվի որպես համագործակցության խոստումնալից ոլորտ։ Ապագայում ես տեսնում եմ Իսրայելի հետ անվտանգության մասին ավելի մեծ երկխոսություն, քանի որ Իսրայելը Լևանտի և Արևելյան Միջերկրականի միջոցով գնալով ավելի շատ կապեր է հաստատում մեր ռազմավարական դաշնակիցների հետ, օրինակ՝ ՀԱՊԿ-ի կամ Հնդկաստանի։ Եվ վերջապես, մենք՝ հայերս, Իսրայելում ունենք մշակութային և պատմական հսկայական ժառանգություն, որը պահանջում է «խնամք և պահպանում», ինչպես նաև մեծ սփյուռք՝ Խորհրդային և ավելի հին ժամանակներից, ինչը ևս համակարգված աշխատանք և ծառայություն է պահանջում։ Այսպես, կարճ ասած, ներկա պահին կառուցվող երկկողմանի օրակարգը ունի տնտեսական համագործակցության, քաղաքական երկխոսության և սփյուռքի հետ հարաբերությունների տարրեր։ Ինչպես նշեցիք, Իսրայելը Ադրբեջանի՝ զենքի ամենամեծ մատակարարն է։ Վերջերս, Իսրայելը մատակարարեց LORA հրթիռային համակարգ, և Ադրբեջանը սպառնաց դա օգտագործել Հայաստանի ատոմակայանի դեմ։ Ի՞նչ պետք է անեն այս առիթով Հայաստանը և նրա բարեկամները Իսրայելում։ Դա, ակնհայտորեն, շատ լուրջ և անհանգստացնող զարգացում է։ Չնայած, որ Երևանից հրապարակային պարզաբանումներ չենք լսել, ես գրեթե վստահ եմ, որ մեր ծառայությունները այս զարգացումը ի գիտություն են ընդունել և հետևում են կամ կհետևեն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների և Իսրայելի հետ։ Նախկինում, երբ Իսրայելին հարց էր ուղղվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նա հակադարձում էր, թե ինչու է մյուս երկրների դեպքում Ադրբեջանին զենք վաճառելը նորմալ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամների, իսկ Իսրայելի դեպքում՝ ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը բավական պարզ է․ քանի որ Իսրայելական զենքը փոխում է սովորական (կոնվենցիոնալ) պատերազմի ռազմավարական հավասարակշռությունը և հրահրում է սպառազինության մեծ մրցավազք։ Դա ցավալիորեն զգացվեց 2016-ին՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ապրիլյան բռնկման ժամանակ, երբ իսրայելական մահապարտ-դրոնները ծանր կորուստներ պատճառեցին մեր ռազմական անձնակազմին։ Պետք է նշել նաև, որ Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները Հայաստանին հասանելի են զեղչով, եթե ոչ լրիվ նույն տեսակները, որոնք մատակարարվում են Ադրբեջանին, բայց նմանատիպները։ Այդ նպատակով իսրայելցի արտադրողներն ու զենք վաճառողները արդեն բավական ժամանակ է դիմում են մեզ։ Գործարքային քաղաքականության այսօրվա աշխարհում, բարոյական փաստարկներին և խոսույթներին քիչ տեղ է հատկացվում, բայց ես Իսրայելի քաղաքական առաջնորդների հետ համատեղ աշխատանքի ներուժ եմ տեսնում՝ նպատակով, որ Իսրայելը սահմանափակի մասնակցությունը արցախա-ադրբեջանական հակամարտությանը՝ պատասխանատու վարքագիծ, որին հավատարիմ է ժողովրդավար երկրների մեծ մասը։ ԱՄՆ-ի հետ վերջին տարիների հարաբերությունների մասին Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձեր գլխավոր ձեռքբերումը որպես դեսպան, ինչի՞ն չկարողացաք հասնել և ի՞նչ եք ակնկալում հայ-ամերիկյան հարաբերություններից մոտակա տարիներին։ Իմ պաշտոնավարումը Վաշինգտոնում համընկավ Օբամայի լիբերալ կառավարումից անցմանը Թրամփի՝ աշխարհի ամերիկակենտրոն տեսլականի հետ, որում Հայաստանը հազիվ թե տեղ ուներ։ Այսպիսով, դա բեկումների և մեծաքանակ ձեռքբերումների ժամանակ չէր, ավելի շուտ դա փոփոխության խորությունը հասկանալու և Երևանին նոր կառավարության և նրա առաջնահերթություններին ճիշտ մոտենալու խորհուրդներ տալու շրջան էր։ Օբամայի կառավարման վերջին տարին էլ բավական լարված/ինտենսիվ էր, և ի դեմս մեր ներքին քաղաքականության կամ աշխարհաքաղաքական որոշումների նկատմամբ աճող դժգոհության՝ իմ առաքելությունն էր մեր քաղաքական երկխոսության ինտենսիվությունը պահելը և այն նոր մակարդակի բարձրացնել փորձելը։ Նշեմ նաև, որ ես կարծում եմ, որ իմ թիմի հետ միասին շատ բանի հասանք։ Մենք հաջողեցինք մեր երկրի մասին ընկալումը Վաշինգտոնում փոխելու և ԱՄՆ մայրաքաղաքի քարտեզի վրա Հայաստանի դեսպանատունը որպես քաղաքական, ակադեմիական և մշակութային փոխանակման, արվեստի և գաստրոնոմիայի վայր նշելու գործում։ Մենք Հայաստանը ավելի ճանաչելի դարձրինք նորարարական մշակութային և կրթական միջոցառումների միջոցով, ինչպիսին է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը։ Քանի դեռ կառավարությունը փոփոխությունների երկարատև շրջանում էր, մենք ամրացրինք հարաբերությունները Կոնգրեսի հետ։ Վաշինգտնում գտնվելուս 2,5 տարվա ընթացքում անձնապես հանդիպել եմ Կոնգրեսի ավելի քան 250 անդամի հետ։ Եվ ավելի քան տասը տարի դադարից հետո մենք վերսկսեցինք կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան և Արցախ, որոնք դարձան ամենամյա։ Ի լրումն Հայ դատի հանձնախմբի, որն ավանդապես զբաղվում է հայկական հարցերով Կապիտոլիումի բլրում, մենք հարաբերությունները զարգացրինք Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության ծրագրի հետ։ Մենք ընդլայնեցինք մեր հարաբերությունները Կալիֆոռնիայի և Մասաչուսեթս նահանգների հետ, Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր կնքեցինք: Մեր ավանդական «ընտրատարածքի»՝ ամերիկահայ համայնքի հետ Հայաստանի շփման ուղղությամբ, որպես նշանակալի քայլ, ընդլայնեցինք պատվո հյուպատոսությունների ցանկը։ Ընդհուպ հասանք մեքսիկա-ամերիկյան ազդեցիկ ավետարանական համայնքների, տեղացի հրեաների իրավապաշտպան խմբերի հետ համագործակցային հարաբերությունների խորացմանը:  Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը թերևս ամերիկահայ համայնքի հետ ինտենսիվ երկխոսությունը և բեղմնավոր աշխատանքն էր։ Այդ 2,5 տարիները Վաշինգտոնում դեպի հեռավոր համայնքներ, եկեղեցիներ և դպրոցներ անդադար ճամփորդությունների տարիներ էին, որոնց ընթացքում ես տասնյակ հազարավոր մարդկանց եմ հանդիպել, նրանց մեր  ընդհանուր հայրենիքի տեսլականով ոգևորել և ինքս ոգևորվել մեր հայրենակիցների նվիրվածությամբ և պատրաստակամությամբ։  Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։   
13:59 - 10 հունիսի, 2020
Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության  վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.  «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա­վարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա­վա­րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։   Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար­բեր բնա­գա­վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ­գոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց­նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ­շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո­վուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե­կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։
19:30 - 19 մայիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը  պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների: Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»։
13:08 - 29 ապրիլի, 2020
Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում բազմամարդ հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Չնայած կորոնավիրուսի համաճարակին Թել Ավիվի քաղաքապետարանի առջև շուրջ երկու հազար մարդ է հավաքվել, որոնք, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սոցիալական տարածությունը և ցույցին ներկայացել են բժշկական պաշտպանիչ դիմակներով: Բողոքի ակցիայի մասնակիցները Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և երկրի ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար: «Մենք պայքարում ենք հանուն կենսական նշանակություն ունեցող մի երևույթի, որի անունն է իսրայելական ժողովրդավարություն: Բացի այդ, մենք վրդովված ենք, թե որքան փնթիորեն է Նեթանյահուի կառավարությունը պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ»,- հայտարարում էր ցույցի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր գործիչ Յաիր Լապիդը: Պաշտոնական տվյալների համաձայն` Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 13 հազար դեպք է արձանագրվել, 172 մարդ մահացել է: Մարտի սկզբին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելում նոր կառավարություն չի ձևավորվել: Իշխող «Լիկուդ» կուսակցությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, որի ղեկավարությունը կրկին պետք է ստանձնի Բենյամին Նեթանյահուն:
16:02 - 20 ապրիլի, 2020
Իսրայելը սկսել է մեղմել կարանտինը
 |news.am|

Իսրայելը սկսել է մեղմել կարանտինը |news.am|

news.am: Կիրակի Իսրայելի իշխանությունները սկսել են թուլացնել որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հաղորդում է AFP-ը։ Մասնավորապես, չեղարկվել է ազատ տեղաշարժման արգելքը, ընդ որում՝ կառավարությունում դեռեւս խուսափում են հայտարարել ամբողջ կարանտինը չեղարկելու մասին՝ խուսափելով կորոնավիրուսի տարածման նոր ալիքից։ Վաղ առավոտնյան կառավարությունը քվեարկել է մի շարք արգելքներ չեղարկելու օգտին։ Մասնավորապես, կրկին կբացվեն խոշոր խանութները, հատուկ կարիքներով երեխաների համար դպրոցները, ինչպես նաեւ կրկին կթույլատրվեն հավատացյալների փոքր խմբերով հավաքներն աղոթքների համար, հայտարարել են երկրի վարչապետի գրասենյակում։ Ընդունված որոշումների մեծ մասը հիմնականում ուժի մեջ է մտնում կիրակի, իսկ հատուկ դպրոները կբացվեն երեքշաբթի։ Ըստ կառավարության որոշման՝ կրոնական հավաքներում հավատացյալների թիվը չպետք է գերազանցի 19-ը։ Ընդ որում՝ մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու պահպանեն առնվազն 2 մետր հեռավորությունը։ Վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 360 դեպք, որոնցից 171-ը՝ մահվան ելքով։
16:57 - 19 ապրիլի, 2020
Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի հաղթահարման թեմայով

Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի հաղթահարման թեմայով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար: Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
15:19 - 01 ապրիլի, 2020
ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվենի հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։  
09:19 - 23 մարտի, 2020