Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|
13:59 - 10 հունիսի, 2020

Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|

civilnet.am: Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018-20)՝ Գրիգոր Հովհաննիսյանը կարևոր դեր է խաղացել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու գործում։ Մինչ այդ նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր (2016-18): Մինչ 2006-ին Հայաստան վերադառնալը՝ Հովհաննիսյանն աշխատում էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) առաքելություններում՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելում։ Անցած ապրիլ Հովհաննիսյանը լքեց արտաքին գործերի նախարարությունը՝ մասնավոր հատվածում աշխատելու համար։ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նա պատասխանել է Էմիլ Սանամյանի հարցերին։

Ի՞նչ կարգավիճակ ունի Իսրայելում Հայաստանի դեսպանատունը։ Այն պաշտոնապես բացվել և գործո՞ւմ է։

Այն պաշտոնապես բաց է, ունի հասցե և հավատարմագրված դիվանագիտական անձնակազմ։ Համավարակի և ճանապարհորդելու սահմանափակումներով պայմանավորված՝ մեր դիվանագետները չեն կարողացել վերադառնալ Թել Ավիվ, բայց կարծում եմ՝ դա շաբաթների հարց է։

Դեսպանատուն բացելու ի՞նչ խոչընդոտներ կային այս տարիներին, և ինչպե՞ս դրանք վերջապես հաղթահարվեցին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, պաշտոնական խոչընդոտներ չկային։ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում Իսրայելը բավականին բաց էր հարաբերություններ կառուցելու առումով, բայց հայկական կողմում ինչ-որ զսպվածություն կար։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թիմը չափազանց զգույշ էին Իսրայելի հետ հարաբերություններում, որպեսզի չվնասեն Հայաստանի հարաբերությունները Միջին Արևելքի մնացած գործընկերների հետ։

Թեև Հայաստանը մշտապես հայտնում էր Իսրայելի հետ համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին՝ Մեծ Մերձավոր Արևելքի խորհրդային ավանդական մտածելակերպից,- որ բնորոշ է Հայաստանի դիվանագետների առաջին սերնդին,- իրապես ազգային տեսլականի անցման դանդաղկոտությունը, իմ կարծիքով, կանխեց պահանջվող համարձակ քայլը։ Այդ նույն ժամանակ Իսրայելը բավականին ակտիվ էր նախկին խորհրդային բլոկի՝ գործնականորեն բոլոր երկրների հետ համագործակցելու գործում, ներառյալ՝ մեր տարածաշրջանային գլխավոր թշնամու, որը դարձավ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հաճախորդ և էներգիայի մատակարար այդ երկրի համար։

Քսան տարուց ավելի փոխադարձ կամ միաժամանակ դեսպանատներ բացելու մասին ակտիվ քննարկումներ են ընթացել, սակայն տարածաշրջանի անկայուն աշխարհառազմավարական միջավայրը դրան չէր նպաստում։ Հայաստանում հարկավոր եղավ պարադիգմի փոփոխություն՝ կարծրատիպային մտածողությունը և անիմաստ փակուղին հաղթահարելու համար։ Մեծ Մերձավոր Արևելքում հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը ենթադրում է տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ ակտիվ ներգրավվածություն։

Թեև Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաստատված միջազգային լեգիտիմությանը, սակայն մենք այլևս չենք կարող կարևոր գործընկերների հետ մեր հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրների հետ մեր հարաբերություններով։ Մենք անկեղծորեն խոսել ենք Իրանի և արաբական մայրաքաղաքների մեր ավանդական գործընկերների հետ ակտիվ ներգրավվածության այս քաղաքականության մասին, և կարծում եմ՝ այն շատ լավ ընդունվեց և հասկացվեց։

Ես գրեթե վստահ եմ, որ Իսրայելը շուտով փոխադարձ քայլ կանի և իր սեփական դեսպանատունը Երևանում կբացի։ Թեև դա կարող է նախատեսվածից երկար տևել՝ Իսրայելում կոալիցիոն կառավարություն կազմելու դրամատիկ գործընթացների պատճառով։

Որո՞նք են Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունները։

Իսրայելը տարածաշրջանում և դրանից դուրս տեխնոլոգիական ուժային կենտրոն է։ Գիտելիքահեն տնտեսության ցատկելու մեր տեսլականն իրականացնելու համար Իսրայելը դիտվում է որպես շատ անհրաժեշտ դաշնակից՝ իր R&D-ով (հետազոտություն և զարգացում), ՏՏ-ով, ագրոտեխնոլոգիաներով, կիբերանվտանգությամբ, պաշտպանական համակարգով, բժշկական հետազոտություններով, բիոինժեներիայով և Startup համայնքներով, համալսարաններով և վենչուրային կապիտալիստներով։ Թերևս, սա ապագա հարաբերությունների առաջին հիմնաքարը կլինի։

Իսրայելի տեսանկյունից, Հայաստանը՝ կառավարման իր լիբերալ ռեժիմով, աճող թափանցիկությամբ և Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Մաքսային միություն տանող հնարավոր դարպաս է։ Հայաստանը տարածաշրջանում լավ է դիրքավորված՝ ՏՏ-ում և կիբերանվտանգության ոլորտում համագործակցելու համար։ Բացի այդ, Հայաստանը իսրայելցի զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է, այդ պատճառով զբոսաշրջութունը ևս պետք է դիտվի որպես համագործակցության խոստումնալից ոլորտ։ Ապագայում ես տեսնում եմ Իսրայելի հետ անվտանգության մասին ավելի մեծ երկխոսություն, քանի որ Իսրայելը Լևանտի և Արևելյան Միջերկրականի միջոցով գնալով ավելի շատ կապեր է հաստատում մեր ռազմավարական դաշնակիցների հետ, օրինակ՝ ՀԱՊԿ-ի կամ Հնդկաստանի։

Եվ վերջապես, մենք՝ հայերս, Իսրայելում ունենք մշակութային և պատմական հսկայական ժառանգություն, որը պահանջում է «խնամք և պահպանում», ինչպես նաև մեծ սփյուռք՝ Խորհրդային և ավելի հին ժամանակներից, ինչը ևս համակարգված աշխատանք և ծառայություն է պահանջում։

Այսպես, կարճ ասած, ներկա պահին կառուցվող երկկողմանի օրակարգը ունի տնտեսական համագործակցության, քաղաքական երկխոսության և սփյուռքի հետ հարաբերությունների տարրեր։

Ինչպես նշեցիք, Իսրայելը Ադրբեջանի՝ զենքի ամենամեծ մատակարարն է։ Վերջերս, Իսրայելը մատակարարեց LORA հրթիռային համակարգ, և Ադրբեջանը սպառնաց դա օգտագործել Հայաստանի ատոմակայանի դեմ։ Ի՞նչ պետք է անեն այս առիթով Հայաստանը և նրա բարեկամները Իսրայելում։

Դա, ակնհայտորեն, շատ լուրջ և անհանգստացնող զարգացում է։ Չնայած, որ Երևանից հրապարակային պարզաբանումներ չենք լսել, ես գրեթե վստահ եմ, որ մեր ծառայությունները այս զարգացումը ի գիտություն են ընդունել և հետևում են կամ կհետևեն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների և Իսրայելի հետ։

Նախկինում, երբ Իսրայելին հարց էր ուղղվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նա հակադարձում էր, թե ինչու է մյուս երկրների դեպքում Ադրբեջանին զենք վաճառելը նորմալ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամների, իսկ Իսրայելի դեպքում՝ ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը բավական պարզ է․ քանի որ Իսրայելական զենքը փոխում է սովորական (կոնվենցիոնալ) պատերազմի ռազմավարական հավասարակշռությունը և հրահրում է սպառազինության մեծ մրցավազք։ Դա ցավալիորեն զգացվեց 2016-ին՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ապրիլյան բռնկման ժամանակ, երբ իսրայելական մահապարտ-դրոնները ծանր կորուստներ պատճառեցին մեր ռազմական անձնակազմին։

Պետք է նշել նաև, որ Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները Հայաստանին հասանելի են զեղչով, եթե ոչ լրիվ նույն տեսակները, որոնք մատակարարվում են Ադրբեջանին, բայց նմանատիպները։ Այդ նպատակով իսրայելցի արտադրողներն ու զենք վաճառողները արդեն բավական ժամանակ է դիմում են մեզ։ Գործարքային քաղաքականության այսօրվա աշխարհում, բարոյական փաստարկներին և խոսույթներին քիչ տեղ է հատկացվում, բայց ես Իսրայելի քաղաքական առաջնորդների հետ համատեղ աշխատանքի ներուժ եմ տեսնում՝ նպատակով, որ Իսրայելը սահմանափակի մասնակցությունը արցախա-ադրբեջանական հակամարտությանը՝ պատասխանատու վարքագիծ, որին հավատարիմ է ժողովրդավար երկրների մեծ մասը։

ԱՄՆ-ի հետ վերջին տարիների հարաբերությունների մասին

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձեր գլխավոր ձեռքբերումը որպես դեսպան, ինչի՞ն չկարողացաք հասնել և ի՞նչ եք ակնկալում հայ-ամերիկյան հարաբերություններից մոտակա տարիներին։

Իմ պաշտոնավարումը Վաշինգտոնում համընկավ Օբամայի լիբերալ կառավարումից անցմանը Թրամփի՝ աշխարհի ամերիկակենտրոն տեսլականի հետ, որում Հայաստանը հազիվ թե տեղ ուներ։ Այսպիսով, դա բեկումների և մեծաքանակ ձեռքբերումների ժամանակ չէր, ավելի շուտ դա փոփոխության խորությունը հասկանալու և Երևանին նոր կառավարության և նրա առաջնահերթություններին ճիշտ մոտենալու խորհուրդներ տալու շրջան էր։ Օբամայի կառավարման վերջին տարին էլ բավական լարված/ինտենսիվ էր, և ի դեմս մեր ներքին քաղաքականության կամ աշխարհաքաղաքական որոշումների նկատմամբ աճող դժգոհության՝ իմ առաքելությունն էր մեր քաղաքական երկխոսության ինտենսիվությունը պահելը և այն նոր մակարդակի բարձրացնել փորձելը։

Նշեմ նաև, որ ես կարծում եմ, որ իմ թիմի հետ միասին շատ բանի հասանք։ Մենք հաջողեցինք մեր երկրի մասին ընկալումը Վաշինգտոնում փոխելու և ԱՄՆ մայրաքաղաքի քարտեզի վրա Հայաստանի դեսպանատունը որպես քաղաքական, ակադեմիական և մշակութային փոխանակման, արվեստի և գաստրոնոմիայի վայր նշելու գործում։ Մենք Հայաստանը ավելի ճանաչելի դարձրինք նորարարական մշակութային և կրթական միջոցառումների միջոցով, ինչպիսին է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը։

Քանի դեռ կառավարությունը փոփոխությունների երկարատև շրջանում էր, մենք ամրացրինք հարաբերությունները Կոնգրեսի հետ։ Վաշինգտնում գտնվելուս 2,5 տարվա ընթացքում անձնապես հանդիպել եմ Կոնգրեսի ավելի քան 250 անդամի հետ։ Եվ ավելի քան տասը տարի դադարից հետո մենք վերսկսեցինք կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան և Արցախ, որոնք դարձան ամենամյա։ Ի լրումն Հայ դատի հանձնախմբի, որն ավանդապես զբաղվում է հայկական հարցերով Կապիտոլիումի բլրում, մենք հարաբերությունները զարգացրինք Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության ծրագրի հետ։

Մենք ընդլայնեցինք մեր հարաբերությունները Կալիֆոռնիայի և Մասաչուսեթս նահանգների հետ, Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր կնքեցինք: Մեր ավանդական «ընտրատարածքի»՝ ամերիկահայ համայնքի հետ Հայաստանի շփման ուղղությամբ, որպես նշանակալի քայլ, ընդլայնեցինք պատվո հյուպատոսությունների ցանկը։ Ընդհուպ հասանք մեքսիկա-ամերիկյան ազդեցիկ ավետարանական համայնքների, տեղացի հրեաների իրավապաշտպան խմբերի հետ համագործակցային հարաբերությունների խորացմանը: 

Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը թերևս ամերիկահայ համայնքի հետ ինտենսիվ երկխոսությունը և բեղմնավոր աշխատանքն էր։ Այդ 2,5 տարիները Վաշինգտոնում դեպի հեռավոր համայնքներ, եկեղեցիներ և դպրոցներ անդադար ճամփորդությունների տարիներ էին, որոնց ընթացքում ես տասնյակ հազարավոր մարդկանց եմ հանդիպել, նրանց մեր  ընդհանուր հայրենիքի տեսլականով ոգևորել և ինքս ոգևորվել մեր հայրենակիցների նվիրվածությամբ և պատրաստակամությամբ։ 

Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել