Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել արգելված զինատեսակներ․ՄԻՊ

 |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել արգելված զինատեսակներ․ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է երկրորդ ուսումնասիրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:   «Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի և մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։ Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի բազմակի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքի, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և սեփականության իրավունքին վերաբերող պոզիտիվ պարտավորությունների կոպիտ խախտում է, չնայած Ադրբեջանը Կասետային զինատեսակների վերաբերյալ 2008 թվականի կոնվենցիայի մասնակից չէ: Ցանկացած պարագայում է արգելված կասետային զինատեսակներ օգտագործելը, երբ այդպիսի օգտագործման հետևանքները չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքով, այն է՝ երբ հնարավոր չէ ապահովել ռազմական թիրախների տարբերակում: Սկզբունքը, որ պետությունները չպետք է երբեք օգտագործենզինատեսակներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարբերակելքաղաքացիական և ռազմական թիրախները, ոչ միայն ամրագրված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրությամբ (և լրացուցիչ ներառված է ոչ անդամ երկրների օրենսդրության մեջ), այլ նաև Արդարադատության միջազգային դատարանը դա ճանաչել է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքները բխում են մարդասիրության տարրական նկատառումներից և հանրային խղճի թելադրանքից, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար զինված հակամարտության յուրաքանչյուր իրավիճակում: Նշված կասետային զինատեսակները բնույթով այնպիսին են, որ անխուսափելիորեն նրանց անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ տարբերակումը ռազմական և քաղաքացիական թիրախների միջև, երբ դրանք օգտագործվում են քաղաքացիական և քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ, առավել ևս երբ դրանք օգտագործվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Ինչպես հոկտեմբերի 4-ին տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսման), քաղաքացիական բնակավայրերը եղել են թիրախավորված LAR-160 և կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներով: Ըստ նրա «Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ» 2020 թվականի սպետեմբերի հրապարակային միջանկյալ զեկույցի՝ մեծ է ռիսկը, որ քաղաքացիական բնակչությունը դեռևս շատ երկար ժամանակ սպառնալիքի տակ կլինի՝ հաշվի առնելով կիրառվող զենքի չափը, ծավալը և տեսակը: Հետևաբար, Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» կասետային հրթիռային համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ: Ավելին, ակնհայտ է, որ կասետային զինատեակների բազմակի օգտագործումը, էթնիկական զտման քաղաքականության մի մասն են, քանի որ այդպիսի կիրառումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից քաղաքացիական հայկական բնակչության դեմ կիրառվող բռնություն և ահաբեկչություն խթանող քաղաքականությունը։ Սույն հայտարարության փաստերը և գնահատականները հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու զեկույցների, լրատվամիջոցների հրապարակումների և քաղաքացիական բնակչությունից հաղորդվող արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պաշտոնական աղբյուրներով հաստատված տվյալների վրա»,-ասված է ուսումնասիրությունում:
15:03 - 04 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին. Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ  ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Հայտարարությունը՝ ստորև։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» |տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է Արցախի տարածքում՝ ապահով վայրում»։
14:32 - 04 հոկտեմբերի, 2020
173 ֆրանսիացի քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիային աջակցելու Հայաստանին |lragir.am|

173 ֆրանսիացի քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիային աջակցելու Հայաստանին |lragir.am|

lragir.am: Հիդալգո, Պեկրես, Ռուբիոլա, Վոքիե ․․․․ Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Հայաստանին  Լը ժուղնալ դյու Դիմանշի (ԺԴԴ) խմբագրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Հիդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան`  173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտությունում իր ռազմավարությունը»։ Նկարում՝ Անն Հիդալգո, Վալերի  Պեկրես, Լորան Վոքիե, Միշել Ռուբիրոլա Լեռնային Ղարաբաղում հակամարտող Հայաստանին և Ադրբեջանին Էմանուել Մակրոնն իր միջնորդությունն է առաջարկել՝ բանակցությունների գործընթացը վերսկսելու նպատակով։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ստորագրահավաք կազմակերպած 173 քաղաքական գործիչները, որոնց թվում են Անն Հիդալգոն, Լորան Վոքիեն, Վալերի Պեկրեսը, Միշել Ռուբիրոլան, անբավարար են համարում Մակրոնի առաջարկությունը։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում»։ Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջաննին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ և քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց և պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված և ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է քան աչքակապություն։ Ֆրանսիական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում։ Որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծած Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան հայտարարել է իր չեզոքությունը և տասնամյակներ ի վեր վճռականորեն աշխատում է այդ բնակչության անվտանգությունն և խաղաղությունը երաշխավորող լուծում գտնելու հարցում։ Սակայն այս տարվա վերջին դեպքերից հետո Ֆրանսիան պետք է արմատապես վերանայի իր ռազմավարությունը։ Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա։ Մինսկի խումբը կոչված է թույլ չտալու ուժի կիրառումը Թուրքիայի և Իրանի սահմանին և Սիրիայից ոչ հեռու գտնվող այս ծայրահեղ անկայուն տարածաշրջանում և առավել ևս հակամարտության տարածվելը դրա սահմաններից դուրս ։ Ավելին, մենք չենք կարող հանդուրժել ռազմական ագրեսիան  Ֆրանսիայի բարեկամ երկրի դեմ, որի ժողովուրդը 1915թ․ ցեղասպանության զոհ է եղել և որի հանդեպ մենք կրում ենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն։ Այդ  պատասխանատվությունը մեզ պետք է ստիպի դուրս գալ չեզոքությունից։ Այդ չեզոքությունը  բացարձակապես չի պաշտպանում ժամեր շարունակ կրակի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը․ զոհվել են կանայք, երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը ռազմաճակատից բազմաթիվ կիլոմետր հեռու է, ռմբակոծությունների թիրախ է։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու նպատակ ունեցող ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունն աչքակապություն է։ Մեզ մտահոգում է նաև Թուրքիան, որի մասնակցությունն այս հակամարտությանն այլևս անհնար է հերքել։ Հուլիսին Հայաստանի դեմ հարձակումից ի վեր, Թուրքիան կատաղորեն բորբոքում է հակամարտությունը՝  ռազմատենչ հայտարարություններով աջակցելով Ադրբեջանին։ Պատահական չէ, որ հուլիսից ի վեր թուրքական ծայրահեղ աջակողմյան ռազմական Գորշ գայլեր խմբավորումը բռնություններ է կատարում մեր երկրում՝ մասնավորապես հուլիսի 24-ին Դեսին-Շապիոյում (Ռոնի դեպարտամենտ) խաղաղ հայ ցուցարարների դեմ։ Տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։ Սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայից երեք օր առաջ, Մարդու իրավունքների սիրիական դիտակը հայտնել էր Թուրքիայի հաշվին աշխարհազորայիններ, ասել կուզե ջիհադիստներ, Ադրբեջան տեղափոխելու մասին։ Այդ վարձկանները Սիրիայում մահ էին սփռում քուրդ ազգաբնակչության շրջանում։ Այս պահին հայերը հե´նց նրանց դեմ են ճակատամարտում։ Ինչպիսի ցավալի հեգնանք․ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է։ Անկարայի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ Թուրքիան նենգորեն վիժեցնում է բազմակողմ նախաձեռնությունները՝ կողմ լինելով ուժային լուծմանը։ Հաշվի առնելով այս ամենը՝ հաստատում ենք, որ տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։ Այսօր այդ չեզոքությունն ավելի շատ իր թուրք դաշնակցի հետ սերտորեն համաձայնեցված ադրբեջանական ագրեսիայի անպատժելիության երաշխիք է, քան հակամարտության լուծում գտնելու լծակ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը։ Այն է՝ օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։ Ստորագրողների ցանկը այստեղ
14:31 - 04 հոկտեմբերի, 2020
ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն չի իրականացվել դեռևս․ Դավիթ Տոնոյան

Կարծում եմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվորական գիտելիքներով խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապոտությունը, մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և ԱԹՍ-ներ։ Այս մասին Զինուժ մեդիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու մարտական գործողությունների գոտին։ «Եվ եթե դա նրա համար մարտական գործողությունների ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացությունները անեն»,- հավելել է նախարարը։ Անդրադառնալով ադրբեջանցի նախարարի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ տարածքից հրետակոծվում են Ադրբեջանի բնակավայրերը, Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս։ «Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկաման վայր են, մեր ՊԲ-ի, Արցախի ԶՈՒ-ի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանելու են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,- եզրափակել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
14:27 - 04 հոկտեմբերի, 2020
Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ

Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ Սմերչով, Պոլոնեզով, ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ստեփանակերտի գլխին ամեն վայրկյան պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ եւ չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները համազարկ են տվել։ Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի։ Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին՝ Գյանջային, Կիրովաբադին ենք խփել՝ նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին»,- ասաց նա՝ հավելելով, որ խփել ենք, որովհետեւ նրանք են պարտադրել։ Նա կոչ արեց հակառակորդին ուշքի գալ, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների էլ, և որ այս կրակը եղել է նախազգուշացման կրակ «Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք, մտածեք։ Նշում եմ՝ մինչեւ վերջին մարդը, մինչեւ վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Նման պարագայում անհնար է հաղթել մեզ»,- ընդգծեց Արցախի նախագահը։ Նա նաև կոչ արեց սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայրենակիցներին։ «Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում՝ եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետեւ այսօր, քան երբեւէ, ԱՀ եւ ՀՀ իշխանության դերը բարձր է, պատասխանատու է, վճռորոշ է։ Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ո՛չ ադրբեջանցիների»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ ուզում է, որ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին, որովհետեւ նրանց աշխարհաքաղաքական կեղծ ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի տակ տառապում են։ «Տառապում են, որովհետեւ այս ամբողջի խնդիրները, հետեւանքները քաղելու է խաղաղ ժողովուրդը։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը եւս տուժող կողմ է լինելու իր իշխանության եւ Թուրքիայի ձեռքին։ Դրա համար մենք աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ Եւ այդ պայքարի ձեւերը դուք գիտեք։ Այս փուլում պայքարեք քաղաքակիրթ եղանակով, բայց նշում եմ՝ այս փուլում»,- հավելեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիեւի ընտանիքը։ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին։ «Ուզում եմ, որ պատրաստ լինենք կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին, մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- եզրափակեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  
14:10 - 04 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց  է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց  է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։ ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների զինյալների տեղակայման միջոցով,  ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:
13:14 - 04 հոկտեմբերի, 2020
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները․ Արայիկ Հարությունյան

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:
13:02 - 04 հոկտեմբերի, 2020
Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ վարել է ագրեսիվ պատերազմ:  ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  գնացել է դրան՝ խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի, 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևյան կոնվենցիային կից 1-ին Լրացուցիչ արձանագրության, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի պահանջները:   Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և այդ նպատակով խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ագրեսիան կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելու, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների, վեճերի կարգավորմանը հասնելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի բարեկամական հարաբերությունները զարգացնելու միջազգային-իրավական պարտավորությունը, ոտնահարելով ագրեսիայի դրսևորման, անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելու և ռմբակոծելու արգելքն ու ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջը և հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կիրառվող բանակցային ձևաչափը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Այդ թվում, թիրախ են դարձրել ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի և շփման սահմանագծին հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող մանկահասակ երեխաներին, կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները: Այդ հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ռազմական գործողություններին չմասնակցող անձինք, վիրավորվել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցին, ֆիզիկական և իրավաբականական անձանց անշարժ և շարժական գույքին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ  հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից խոցվել է Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում այրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար Համայնքի Սոթք բնակավայրում գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակելի տները: Հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, ռմբակոծվել են նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ: Հակառակորդը հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորում: Հակառակորդի կողմից հրետակոծվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Վարդենիսի Կութ գյուղը: Հակառակորդի չորս անօդաչու թռչող սարքեր, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում, որոնք չեզոքացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել և արկակոծել են Արցախը ՀՀ-ին կապող ավտոճանապարհի վրա գտնվող՝ Հակարի գետի վրայով անցնող կամուրջը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը, ձգտելով հասնել ռազմական գերազանցության, ամբողջ ծավալով օգտագործելով բոլոր տեսակի զորամիավորումները, կիրառելով ծանր հրթիռահրետանային և համազարկային կրակի ռեակտիվ ժամանակաից համակարգեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, շարունակաբար, գործնականում անդադար, ռազմական լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտի նկատմամբ՝ կիրառելով միջազգային հիշատակված կոնվենցիաներով խստորեն արգելված հրթիռահրետանային արկեր և այլ զինտեխնիկա: Բացի այդ, դիտավորությամբ թիրախավորվել են առաջնագծից զգալիորեն հեռու, բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում իրենց մասնագիտական պարտքը կատարող, մամուլի ներկայացուցիչ լինելու տարբերանշան և համապատասխան արտահագուստ կրող լրագրողները, նրանց տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցները: Մարդկության և խաղաղության դեմ ուղղված այս հանցավոր գործողությունները քննության առարկա են  Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում: Նշված բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման և ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:    ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ քննության ընթացքում ձեռք բերված՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները տրամադրելու գործընթացի շրջանակներում: 
12:42 - 04 հոկտեմբերի, 2020
Այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ. ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը «Ուկրաինա 24»-ին |armenpress.am|

Այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ. ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը «Ուկրաինա 24»-ին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը կրակել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: -Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։ -Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։ -Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյակ եք, թե ի՞նչ տեսակի զենք են կիրառել և կա՞ն արդյոք կորուստներ։ Եվ ի՞նչ է առկա ենթակառուցվածքների դեպքում։ - Գիտեք, հարցը նրանում չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլ ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի արդյունքում։ Իհարկե Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ, սակայն բոլոր դեպքերում  այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։ -Դուք ապացույցներ ունե՞ք թուրքական ներգրավվածության։ Եթե այո, ապա ինչպիսի՞։ - Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մեք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։ -Կցանկանայինք ձեզնից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչո՞ւ հետ կանչվեց դեսպանը։ Ինչպիսի՞ դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպե՞ս եք դուք այն գնահատում։ -Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը ետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր, սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է, դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն, դա նշանակում է ռազմական գործողությունների ձգձգում, հակառակ ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։
12:38 - 04 հոկտեմբերի, 2020
Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել վարձկանների հավաքագրման գործընթացում. Ավետ Ադոնց |armenpress.am|

Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել վարձկանների հավաքագրման գործընթացում. Ավետ Ադոնց |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հնդկական «WION»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: -Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված է․ կան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը։ -Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել: Ակնհայտ է, որ անհրաժեշտ դե-եսկալացիա: Միջազգային հանրությունը, առաջնորդները լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են անում, սակայն այդ բոլոր կոչերը հասցեագրված են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողություններում չափազանց մեծ է, և սա քաղաքական քարտեզի այս հատվածում նոր գործոն է: Նրանք գործնականորեն այնտեղ են, նրանք օժանդակում, աջակցում են Ադրբեջանին ոչ միայն քաղաքականապես, այլև շատ գործնականորեն. ես նկատի ունեմ նրանց ռազմական ներկայությունը, նրանց զենքերը, օդանավերը, դրոնները և, իհարկե, ռազմական անձնակազմը: -Մենք լուրեր ենք ստանում Թուրքիայի կողմից այս մարտերին ջիհադիստների տեղափոխման վերաբերյալ: Ինչ կասեք այս առնչությամբ, այդ լուրերն արժանահավա՞տ են: -Դա հարցականի տակ չի դրվում: Եթե տարբեր անձինք, լրատվամիջոցներ, նույնիսկ որոշ երկրներ սկզբում որոշակի կասկածներ ունեին այդ հաղորդումների, սակայն, այժմ այդ կասկածները լիովին փարատվել են: Ես խոսում եմ ոչ միայն ջիհադիստներին, այլև Սիրիայի հյուսիսային հատվածի տարբեր վարձկանների մասին, որոնք հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան, և Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել այդ հավաքագրման գործընթացում: Թվերը տատանվում են հազարից հինգ հազարի միջակայքում, սակայն փաստերից ակնհայտ և ապացուցված է դառնում, որ նրանք արդեն իսկ այնտեղ են, կռվում են Արցախի ժողովրդի, Արցախի Պաշտպանության բանակի դեմ:
12:13 - 04 հոկտեմբերի, 2020