Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի հանձնաժողով Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմին, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից: Այն ստեղծվել է 1990 թվականին, Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ խիստ կարիք կար օգնելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին սահմանադրական բարեփոխումների մեջ: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով։

Վենետիկի հանձնաժողովի հիմնական գործառույթն է սահմանադրությունների նախագծերի և դրանց փոփոխությունների մասին կարծիք հայտնելը, սակայն հանձնաժողովը նաև ուշադրություն է դարձնում սահմանադրական օրենքների վրա, ինչպիսիք են ընտրական կամ փոքրամասնությունների մասին օրենքները:

Կարծիքի համար դիմում են անդամ երկրները, Եվրախորհրդի մարմինները, Եվրոպական կամ միջազգային կազմակերպությունները, կամ հանձնաժողովի աշխատանքներին մասնակից մարմինները: Հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, սակայն գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից:

Սահմանադրական դատարանը «ապօրինի գույքի մասով» խորհրդատվական կարծիք է խնդրում Վենետիկի հանձնաժողովից
 |hetq.am|

Սահմանադրական դատարանը «ապօրինի գույքի մասով» խորհրդատվական կարծիք է խնդրում Վենետիկի հանձնաժողովից |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է կայացրել դիմել` Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:  Նշված գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:  Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մինչ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկվում է դատարանում` օրեր առաջ Գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը: ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ առաջ է քաշել 4 հարց, որոնց վերաբերյալ էլ ակնկալում է Վենետիկի հանձնաժողովից ստանալ դրանց պատասխանները: Մասնավորապես, ՍԴ-ին հետաքրքրում է՝ արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի՞ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,  արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,   հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,  արդյոք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի՞ է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ: ՍԴ-ն գործով վարույթը կասեցրել է մինչև Վենետիկի հանձնաժողովի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդարդառնալով Վետենիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշմանը, նշել է, որ դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց։ «Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից»,-նշել է Ա. Ղազարյանը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը: Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում գլխավոր դատախազությունն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։ Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ: Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։
17:03 - 28 հուլիսի, 2022
Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մշտական երկխոսության առկայությունը թույլ է տալիս ավելի վստահ շարունակել արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։  Նախարարը Անդրեասյանը հավելել  է, որ Սահմանադրության «իրավական աուդիտը» կօգնի հասկանալ սահմանադրական զարգացումների հետագա ուղղությունները։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման և անկախ, բարեվարք դատական համակարգի կայացման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի կարևորությունը: Կողմերը կարևորել են բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Կողմերը քննարկել են նաև դատավորների կարգապահական պատասխանատվության գործիքակազմերին առնչվող հարցեր, դիտարկել ոլորտային այլ բարեփոխումներ՝ անդրադառնալով նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը վերահաստատել է արդեն իսկ ձևավորված բարեփոխումների օրակարգով առաջ շարժվելու Կառավարության վճռականությունը:
22:34 - 09 հունիսի, 2022
Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով պատվիրակության այցը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն անկախությունից ի վեր շատ սերտ համագործակցում է ԵԽ-ի հետ և վերջինս հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը:Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը և Վենետիկի հանձնաժողովը շարունակաբար աջակցում են Հայաստանի՝ բարեփոխումների իրականացման և ժողովրդավարության ամրապնդման օրակարգին, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության և արդյունավետ աշխատանքի ապահովմանը:Կլեր Բազի Մալորին իր հերթին նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է:
15:19 - 09 հունիսի, 2022
Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ Հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: ՀՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել անդամակցությունից ի վեր ԵԽ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով: Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2021 թ. ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում:  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:
19:08 - 08 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը: Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում: Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս: Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:
17:12 - 08 հունիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։«Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենղինին: Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս հարցում փոխխոսնակն ընդգծել է հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւորել է արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ»:
16:19 - 08 հունիսի, 2022
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հունիսի 7-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։ ՍԴ նախագահը նախևառաջ ջերմորեն ողջունեց Կլեր Բազի Մալորիին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և Հայաստանի Հանրապետություն այց կատարելու համար։ « Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բավական բարդ ժամանակներ է ապրում Եվրոպա մայրցամաքը, և հուսով եմ ձեր աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ ենք կարևորում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, շատ կարևորում Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համագործակցությունը։ Մենք վաղեմի ավանդույթներ ունենք համագործակցության, տասնամյակներ են արդեն։ Հուսով եմ, որ ձեր նախագահության օրոք ոչ միայն կամրապնդվեն այդ կապերը, այլ նաև նոր լիցք կհաղորդվի այդ հարաբերություններին»,- ասաց Դիլանյանը` ևս մեկ անգամ ողջունելով Մալորիին։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, նա կարևորեց հանդիպումը հատկապես կորոնավիրուսային համավարակից հետո և հարաբերությունների թարմացումը ԵԽ անդամ պետության հետ։
10:22 - 08 հունիսի, 2022
Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական: Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: Հանձնաժողովի ամբողջական և պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, և հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով: Երբ 1990-ականների սկզբին հանձնաժողովը նոր էր ձևավորվում, նրա անդամ էին ընդամենը 18 երկիր, սակայն հետագա տարիներին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, իսկ արդեն 2002 թվականից սկսած հանձնաժողովի լիարժեք անդամ կարող է դառնալ նաև ցանկացած ոչ եվրոպական երկիր: 2022 թվականի դրությամբ Հանձնաժողովի անդամ են 61 պետություն, որոնցից 46-ը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Հարավային Կորեայից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից ու Աֆրիկայից մինչև Մեքսիկա ու Բրազիլիա: 2004-2010 թվականների ընթացքում Հանձնաժողովին անդամակցեցին ԱՄՆ, Ղրղզստանը, Չիլին, Հարավային Կորեան, Կոստա Ռիկան, Մարոկկոն, Ալժիրը, Իսրայելը, Բրազիլիան, Պերուն, Թունիսը և Մեքսիկան: Հանձնաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Ճապոնիան և Ուրուգվայը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Պաղեստինյան Ինքնավարությունն ունեն հատուկ գործընկերոջ կարգավիճակ, որը գրեթե համապատասխանում է դիտորդի կարգավիճակին: Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին և նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն: Ներկայումս Հանձնաժողովի նախագահն է տիկին Կլեր Բազի Մալորին, որn այդ պաշտոնին է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները իրականացվում են Եվրոպայի Խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, ք. Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա): Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունն ու երկխոսությունը մշտապես եղել են բարեկամական և ունեցել են դրական դինամիկա: Համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ձևավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից, երբ Բարձր դատարանն անդամակցեց Վենետիկի հանձնաժողով սահմանադրական արդարադատության միասնական խորհրդին: Այդուհանդերձ, 2018–2021 թվականների ընթացքում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համակարգային երկխոսությունը և գործընկերությունը՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամով, 44-օրյա պատերազմով և COVID-19 համավարակի հետևանքով, ընդհատվել էր ու կրում էր հատվածական բնույթ: Հայաստանում 2020 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո և որպես արդյունք՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունից հետո սկզբունքորեն վերանայվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը միջազգային համագործակցությանը և երկկողմանի կապերի զարգացմանը, այդ թվում և Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտական կառույցների հետ: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և այլ պատասխանատու գերատեսչությունները մեծապես կարևորում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու լավագույն եվրոպական փորձի փոխանակման ոլորտներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ երկարամյա համագործակցության շարունակական ամրապնդմանը և Հանձնաժողովի նորընտիր նախագահի այցն առավել կարևորվում է այդ իմաստով: Կառույցի հետ գործընկերությունն առավել կարևոր է դառնում նաև Հայաստանում ներկայումս առկա ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը կարող է մեծապես նպաստել հատկապես Հայաստանի դատական համակարգի ու իրավական բարեփոխւմների հանդեպ ազգաբնակչության կողմից հանրային վստահության հետագա բարձրացմանը:  
11:09 - 07 հունիսի, 2022
ՀՀ դատավորների միությունը հայցում է միջազգային կառույցների աջակցությունը՝ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում

ՀՀ դատավորների միությունը հայցում է միջազգային կառույցների աջակցությունը՝ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում

ՀՀ դատավորների միությունը դիմել է միջազգային մի շարք կառույցների՝ ՀՀ-ում դատավորների եւ դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Թվարկելով քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի եւ վարքագծի մի շարք օրինակներ՝ Միությունը դիմել է, մասնավորապես, Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (ԳՐԵԿՈ), ՄԱԿ     մարդու իրավունքների խորհրդին,    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական,դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին, Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը։ Դատավորների միության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ Հայաստանի անկախության ողջ ընթացքում ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները մշտապես զգացել են միջազգային գործընկերների հատուկ վերաբերմունքը դատարանների անկախության ամրապնդման հարցում։ Տևական համագործակցության արդյունքում դատարանների անկախությունը մեզանում լայնորեն ընկալվում է՝ որպես մարդու իրավունքների հիմնարար երաշխիք և ժողովրդավարության զարգացման պարտադիր պայման։ Շնորհակալ եմ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ցուցաբերված լայնածավալ ու բազմաբովանդակ աջակցության համար և ակնկալում եմ շարունակական համագործակցություն, սակայն ստիպված եմ արձանագրել վերջին տարիներին ի հայտ եկած որոշակի իրողություններ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծել Հայաստանում դատական իշխանության անկախությանը։ Այդ իրողությունները հանգում են հետևյալին․ 1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դատավորներին hրապարակայնորեն սպառնալը, այդ թվում՝ կայացված որոշումների համար 1.1․ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշում է կայացրել նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կալա­նավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քա­ղաքի ընդ­հանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բա­վա­րարելու, դատական ակտը բեկանելու և կալանա­վորման միջ­նորդությունը մերժելու մասին, ինչի հետևանքով տվյալ անձը ազատ է արձակվել։ Նշված որոշումը գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով անմիջապես արժանացել է հրա­պարակային պարսավանքի, ավելին, բազմահազարանոց հանրահա­վաքի ընթաց­քում վերջինս հայ­տա­րարել է․ «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞․․․ էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ:  (․․․)»: Այնուհետև, վերոհիշյալ դատավորի նկատմամբ տևական ժամանակ իրականացվել է աննախադեպ հանրային ճնշում՝ սոցցանցերում վիրավորանքներ, զրպարտություններ և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով, որպիսի հանգամանքը մինչ օրս որևէ գնահատականի չի արժանացել։ 1.2․ Նույն գործի, ըստ էության, քննության ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սութ­յան դա­տա­րանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել նույն պաշտոն­յայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անձնա­կան երաշ­խավորությամբ փոփոխելու մասին, որի արդյունքում վերջինս կրկին ազատ է արձակվել արգե­լանքից։ Անմիջապես դրա հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 19-ին գործադիր իշխանության ղե­կավարը համացանցի իր անձնական էջով բազմահազարանոց լսարանին կոչ է արել 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել ՀՀ բոլոր դա­տարան­ների վար­չական շենքերի մուտքերը: Այդ հորդորին հետևել և դատարանների մուտքերի արգելա­փակմանն անմիջականորեն մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արգելելով հանրության, նույնիսկ դա­տավորների մուտքը դա­տարաններ։ Նշված հանգամանքը ողջունվել է քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ 2) Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինստիտուցիոնալ երաշխիքների թուլացում և անբողոքարկելի որոշումների ընդունման համար ձայների բաշխվածության փոփոխում 2.1․ 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանն արդեն իսկ վերը հիշատակված գործով որոշում է կայացրել՝ վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որին հաջորդել են Բարձ­րագույն դատական խորհրդի 10-ը անդամից 4-ի, այդ թվում՝ խորհրդի նախա­գահ Գ․Հա­րությունյանի հրաժարա­կան­ները։ 2․2․ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 10-ը անդամից կազմված ԲԴԽ-ում դատավորների ներ­կա­յաց­­վածությունը կազմում է 50 տոկոս։ Մինչդեռ եվրոպական հեղինա­կավոր կա­ռույցների կարծիքների և առաջարկների համաձայն՝ դատավորների թիվն այդ մարմնում, առնվազն կար­գապահական վարույ­թի քննության և լուծման համար առանձնացվող աշխատանքային խմբերում պետք է լինի գերակշռող, որով կերաշ­խավոր­վի դատարանների և դատավոր­ների արտաքին անկախությունը իշխանության մյուս թևերի հնարավոր նե­րազդեցությունից: Ավելին, ԲԴԽ 5 ոչ-դատավոր անդամներին ընտ­րելու գործըն­թացում պետք է ապահովվեր ընդդիմադիր ուժերի զգալի աջակ­ցութ­յունը։ Միայն այդ կերպ էր հնա­րավոր ապահովել ԲԴԽ-ում հասարա­կութ­յան բազ­մաշերտ ներկա­յաց­­վածութ­յան վերաբերյալ պայ­մանը, որը անհրաժեշտ էր ամրագրել օրենսդրորեն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում օրենսդրական փոփոխություն­ների ձևով, կամ առնվազն ապահովել գործ­նականում՝ ոչ-դատավոր անդամների թեկնածութ­յուններն առաջադրելիս և նրանց որպես ԲԴԽ անդամ ընտ­րելիս։ Այդպիսի կամք իշ­խանության մյուս թևերը չեն դրսևորել, ուստի ԲԴԽ գործող կազմի 5 ոչ-դատավոր անդամներից 4-ի ընտրության ժամանակ այն չի ապա­հովվել: 2․3․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման հիման վրա կասեցվել են Խորհրդի նախագահ, գործող դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես՝ մինչև Ռ․Վարդազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի ավարտը, ստանձնել է խորհրդի անդամ­ներից տարիքով ամենա­ավագը, ով իշխող քաղաքական ուժի թեկնածուն է և այդ պաշտո­նում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն կազմող, բացառապես այդ քաղա­քական ուժի ջանքերով։ Արդյունքում, վերոհիշյալ գործընթացի հետևանքով ի վնաս դատավորների՝ խախտվել է Բարձ­րագույն դատական խորհրդի աշխատանքներին, այդ թվում՝ որոշումներ կայացնելուն մաս­նակցելու՝ գիտնա­կան անդամների և դատավորների հա­վասար հարաբերակցությունը, որը պահպանվում է մինչ օրս։ 2․4․ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել և հաջորդ օրը, առանց խորհրդարանական ընդդիմության աջակցության, ընդունվել է խորհրդա­րանական մեծամասնությունը կազմող խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ դատական օրենսգիրք սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կա­տա­րե­լու մասին» օրենքի նախագիծը, որով ԲԴԽ-ի կողմից որպես դատարան հանդես գալու դեպքում որոշումների ընդուն­ման համար անհրաժեշտ շեմը նվազեցվել է։ Սահմանվել է, որ այն կազմում է նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան 5-ը։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ անհրաժեշտ էր 6 ձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և 7 ձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: Հարկ է ընդգծել, որ հապճեպորեն ընդունված օրինագիծը հանրային քննարկման չի ներկայացվել, նախապես չի շրջանառվել և չի քննարկվել փաստաբանների, գիտ­նականների և, հատկապես, դատավորների շրջանում, թեև ուղղակիորեն շոշափում է առաջին հերթին դատա­վոր­ների, իսկ միջ­նոր­դավորված կերպով՝ անկախ և անաչառ դատարաններից ար­դարադատություն ակնկալողների իրա­վունքներն ու օրինական շահերը։ 2022 թվականի փետրվարի 10-ին կայացած կառավա­րության նիստի ընթացքում բա­ցա­հայտ­վեց տվյալ օրինագիծն հապճեպորեն քննարկման ներկայացնելու և արագորեն ընդունելու բուն նպատակը։ Այսպես, անդրա­դառ­նա­լով ԱԺ կողմից արդեն իսկ ընդունված վերոնշյալ օրինագծին, որն ըն­դամենը վե­րա­բե­րում է ԲԴԽ-ի կողմից գումարվող նիստերի իրավազորության շեմն իջեցնելուն և որո­շումներ ընդու­նելու համար անհրաժեշտ ձայների քանակը նվազեցնելուն, ՀՀ արդա­րա­դատության նախա­րարը հայտա­րարել է, որ դրանով «բարձրացվել է դա­տավոր­ների պատասխանատ­վութ­յան շեմը, այն հնարա­վո­րութ­յուն է տալիս խստացնելու և պատասխա­նատ­­վության ենթարկելու դա­տա­վորներին, ովքեր իրենց աշ­խա­տան­քում թե­րանում են», ավելին՝ իրենք աշխատանք են տանում, որ «վատ դատա­վոր­ները դուրս բերվեն հա­մա­կար­գից»։ Ավելորդ չէ նշել նաև, որ դատելով վերջին ժամանակահատվածում ՀՀ արդա­րա­դատության նախա­րարների կողմից հարուցված կարգապահական վարույթներից, պետք է արձանագրել, որ դրանք հիմնականում հարուցվում են դատական համակարգում և հանրության մեջ մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող դատավորների նկատմամբ։ Օրենքի հիշատակված փոփոխությունը գործում է 2022 թվականի փետրվարի 25-ից։ 2․5․ Հեղինակավոր միջազգային կառույցների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումներն արդյունավետորեն բողոքարկելու ըն­թացակարգ։ Այն փաստացի անբողոքարկելի որոշում է, թեև դրա արդյունքում դա­տավորի լիազո­րութ­յունները կարող են ընդհուպ դադարեցվել։ Հարկ է ընդգծել, որ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումների բողոքարկման ընթացակարգը մինչ օրս բացակայում է։ 3)  <Պատժի> ցուցադրության տպավորություն 3․1․ 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դա­տարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատ­մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով քրեա­կան հետապնդում իրականացնելու և նրան կալանավորելու վերա­բերյալ համաձայ­նություն ստա­նալու մասին։ Այդ միջնորդություններն անմիջապես հաջորդել են հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով դատավոր Բ․Բախշիյանի կողմից մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու մասին որոշմանը։ Վերոնշյալ երկու միջնորդություններն էլ ԲԴԽ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 1-ին բավարարվել են։ Այնուհետև,  դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանա­վորում ընտրե­լու միջնորդություն է ներկայացվել դա­տա­րան, որը բավարարվել է, և դատավոր Բ․Բախշիյանը մինչ օրս գտնվում է անազատության մեջ։ Հարկ է նշել, որ դատավոր Բ․Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է իր վարույ­թում քննվող գործերից մեկով դա­տական ակտ, մասնավորապես՝ դատական նիստի չներկայացած ամբաս­տանյալներից մեկի նկատ­մամբ նախկինում ընտրված խա­փանման միջոցը կալանավոր­մամբ փոխարի­նելու մասին որոշում կայացնելու համար,  ընդ որում՝ դատաքննչական պրակ­տիկայում վերջին 19 տարվա ըն­թացքում երբևէ չկիրառված, բայց Բ․Բախշիյանի դեպքում կիրառելի դարձած ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով հարուց­ված քրեական գործի և իրականացվող հետապնդման շրջա­նակ­­­ներում: Ավելորդ չէ նշել, որ վերը նկարագրված գործընթացի հետևանքով դատավոր Բ․Բախշիյանի արդար դա­տաքննության և անձ­նա­կան ազատության իրավունքների երաշխիքների խախտման մասին դիրքո­րո­շումներ է ներկա­յացրել նաև ՀՀ Մարդու իրա­վունք­ների պաշտպանը (տե՛ս ՄԻՊ 2022 թվականի փետրվարի 10–ի հայտարարությունը (https://ombuds.am/am/site/ViewNews/2123): Ինչպես դատավոր Բ․Բախշիյանի, այնպես էլ դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ իրականացված գործողությունները թողնում են անցանկալի դատական ակտեր կայացնելու համար «պատժի» ցուցադրության տպավորություն, որը, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում օրինակ ծառայել այն դատավորների համար, որոնք ապագայում կանգնելու են կա՛մ իրավաչափ, կա՛մ ապօրինի, բայց քաղաքական իշխող ուժի համար «ցանկալի» որոշում կայացնելու երկընտրանքի առջև։ 4) Արդարադատության իրականացումից անցանկալի դատավորների մեկուսացում Նշված գործընթացը դրսևորվել է հետևյալ երեք միջոցներով՝ (1) գործերի մակագրման՝ պատահականութ­յան սկզբունքի վրա ստեղծված համակարգչային համակարգի փոխարեն «ձեռքով» մակագրման հա­մակարգի ներդրում, (2) առանձին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման արդյունքում լիազորության կասեցում և նրանց վարույթում գտնվող գործերի վերամակագրում, (3) դատավորների կողմնակալության արհեստական փաստարկների ձևավորում և դրա արդյունքում այդ դատավորների բացարկում։ 4․1․ Արտաքին և ներքին ազդեցությունից դատարանի և դատավորների անկախությունները երաշ­խա­վո­րելու նպատակով 2011 թվականին Հայաստանում ներդրվել է գործերի պատահական բաշխման և վերա­բաշխման հատուկ համա­կարգչային ծրագիր, որը դադարեց գործել 2021 թվականի հուլիսին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից այն առգրավելու հետևանքով: Փոխարենը դատարանների նախա­գահների կողմից գործերը սկսեցին մակագրվել «ձեռքով», ինչը հնարավորություն չի տալիս ստուգելի դարձնել գործերը բաշխելիս պատահականության սկզբունքի կիրառությունը։ Ավելին, համակարգչային ծրագիրն առգրավելուց հետո անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հնարավորինս արագ այն վերադարձնելու կամ որևէ համարժեք այլընտրանք ժամանակավորապես գործարկելու ուղղությամբ։ Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման հավասարաչափ և պատահական չա­փանիշների համատարած խախտումների մասին բարձրաձայնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև՝ մի շարք հեղինակավոր փաստաբաններ, իրավապաշտպաններ և այլոք։ Ի պատասխան քննադատության՝ ԲԴԽ-ն հայտարարել է, որ «ձեռքով» մակագրման միջոցով գործերի բաշխումը պետք է իրականացվի դատարանների նախա­գահների կողմից՝ այբբենական կարգով, ընդ որում, այդ գործընթացը չի գտնվում իր վե­րահսկողության ներքո: Մինչդեռ գործերի բաշխման այբբենական կարգի պահպանումը ստուգելի չէ, ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրվել են այդ սկզբունքի խախտման առանձին դեպքեր։ Ստուգելիությունը քիչ թե շատ ապահովող միակ հարթակը՝ «Դատալեքս» տեղեկատվական էլեկտ­­րո­նային կայքը, 2021 թվականի դեկտեմբերից պատշաճ չի գործում։ 4․2․ Հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, նշված գործով Սահմանադրական դատարան դիմելուց հետո, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մա­սով՝ չկայացած դա­տական նիստի արձա­նագրության բովանդա­կութ­յունը ենթադրաբար կեղծելու դեպ­քի առթիվ։ Նոր անդամներով համալրված Բարձրագույն դատական խոր­հուրդը 2019 թվականի հուլիսի 27-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և տվել դատավոր Դ․Գրիգոր­յանի նկատմամբ քրեական հետապնդում իրա­կանաց­նելու համա­ձայ­նություն։ Դատավոր Դ․Գրիգորյանի լիազորութ­յունները կա­սեցվել են և մինչ օրս մնում են կասեցված, քանի որ նրա նկատմամբ հետագայում կայացված արդարացման դատական ակտը դատախա­զությունը բողոքարկել է և այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Դատավոր Դ․Գրիգորյանի վարույթում առկա բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ վերը նշված քրեական գործը համակարգչային ծրագրով վերամա­կագրվել է այլ դատավորի։ Սույն հայտարարության 3․1․ կետում ներկայացված դեպքում ևս դատավոր Բ․Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրելու մասին ԲԴԽ որոշման հետևանքով նրա լիազո­րությունները կասեցվել են, և դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող, վերա­մա­կագրվել են այլ դատավորների։ 4․3․ Քրեական հետապնդման մարմինները 4․2․ կետում ներկայացված դեպքի կապակցությամբ դատավոր Դ․Գրիգորյանի կողմից իրականացվող արդարադատությանն իբր խոչըն­դո­տելու մեղադրանքով 2019 թվականի մայիսից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա նաև քննչական գործողություններ են իրակա­նացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր­ներ Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Երևան քաղաքի ընդ­հանուր իրավասության դատա­րանի դատա­վորներ Դավիթ Հարություն­յանի և Արման Հով­հաննիսյանի նկատմամբ։ Մասնավո­րա­պես՝ առնվազն երկու ամիս տևողութ­յամբ գաղտ­նալսվել են նրանց հե­ռա­­խո­սահամարները, պահանջվել են վե­րոնշյալ դատավորների անձ­նական հեռա­­խո­­սահամարների մուտ­քային և (կամ) ելքային հեռախո­սազանգերի, կարճ հաղոր­դագրութ­յունների (sms), ալեհավաքների վերծանումները, հավաքվել այլ անձ­նա­կան տվյալներ։ Դատավոր­ներին զրպարտելու համար դա­տավորներ Դ.Գրիգորյանի և Մ.Պապո­յանի հա­ղորդման հիման վրա արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների հատկա­նիշներով ՀՀ ԱԱԾ քննչա­կան դեպարտամենտում, թեև հա­րուցվել են քրեական գործեր, սա­կայն մեկ վարույթում միացված այդ գործերի քննությունը շարունակվում է արդեն շուրջ երեք տարի, և մինչ օրս քրեական հետապնդման մարմիններն այդ գործով որևէ անձի քրեական պա­տասխա­նատ­վության չեն կանչել, մինչդեռ ենթադրյալ հան­ցանք կատա­րած անձանց ինքնությունները, իմ համոզմամբ, նրանց ի սկզբանե հայտնի են եղել: Պետք է փաստել, որ վերոհիշյալ հանգամանքների բերումով նշված դատավորների նկատմամբ փաստացի ձևավորվել են կողմնակալության պնդումների արհեստական հիմքեր, և դրա արդյունքում որոշակի խումբ քրեական գործեր վարույթ ընդունելիս այդ դատավորները պարբերաբար բացարկվում են։ 5) Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորության չարաշահումը 5․1․ Վերջին տարիներին նկատվում է արդարադատության նախարարի կողմից դատա­վոր­ների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու դեպքերի շեշտակի աճ։ Այսպես, 2019 թվականին հարուցվել է 5, 2020 թվականին՝ 13, իսկ 2021 թվականին՝ 18 կար­գապահական վարույթ։ Մտահոգիչ են արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ ուղարկվող կարգապահական վարույթների ոչ միայն քանակական աճը, այլև դրանց որակական բնութագրիչները։ Այսպես․ 1․ Վա­րույթների հարուցման և դրանք ԲԴԽ ուղարկելու գործըն­թացն իրա­կանացվում է առերևույթ խտրական պայմաններում. փաստական հանգամանքներով նույն արար­քը մի դա­տավորի պարա­գայում հանգեցրել է նրա նկատմամբ կարգապա­հական վարույթ հարու­ցելուն և այդ դատավորին պատասխանատ­վության են­թարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելուն, իսկ մեկ այլ դատա­վորի դեպքում՝ կարգապահական վա­րույթը կար­ճելուն: 2․ Նշված կարգապահական վարույթների գերակշռող մեծամաս­նութ­յունը վերաբերում են դատավորի կողմից իր վա­րույթում քննվող այս կամ այն գործով որևէ որոշում կայաց­նելուն։ 3․ Նշված վարույթներով թիրախա­վորվում են ինչպես հասարակությունում, այնպես էլ իրավաբանական համայնքի շրջա­նակներում, այդ թվում՝ դատական համակարգում մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող այն­պիսի դատա­վորներ, ինչպիսիք են՝ Արման Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Դավիթ Գրիգորյանը, Լուսինե Աբգար­յանը, Զա­րուհի Նախշքարյանը, Սերգեյ Մարաբյանը, Վազգեն Ռշտունին, Դանիել Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ սույն գործընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Վենետիկի հանձնաժողովը, «ԳՐԵԿՈ»-ն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս մատնանշել են դա­տա­­վոր­ների նկատ­մամբ կար­գա­պահական վարույթ հարուցելու արդարադատության նախա­րարի լիազորության վերանայման անհրաժեշտությունը։ Ավելին, արտահայտվել է մոտեցում, որ այդ լիազորությունը ենթակա է դա­դա­րեցման այն պահից, երբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված մյուս մարմինը՝ Դատավորների ընդ­հանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նորացված կազմով հանձնա­ժողովը (որում այլևս ընդգրկված են հասարակական կազմա­կերպությունների ներ­կայա­ցուցիչներ), ապա­ցուցի իր արդ­յու­­նավե­տութ­յունը: Տվյալ հանձնաժողովը ձևավորված է և գործում է, սա­կայն արդարադատության նախարարի՝ կարգա­պա­հա­կան վարույթ հարուցելու լիազորության գործ­նական կիրառումը ոչ թե սահմանափակվել կամ դադա­րեցվել է, այլ ընդհա­կառակը, ստացել է նոր թափ։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաս­տանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով։ Այսպիսով, ներկայացված փաստերի շղթան ակնհայտ ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության վերը թվարկված դրսևորումներն անհա­մատեղելի են անկախ դատական իշխանության գոյութ­յան հետ։ Սույնով հրավիրում եմ Ձեր` որպես միջազգային կառույցների ուշադրությունը և հայցում ձեր աջակցությունը՝ Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։   Հարգանքով ՀՀ դատավորների միության նախագահ Ա․ Ազարյան   Գլխավոր լուսանկարում՝ Ա․ Ազարյանը  
15:37 - 06 մայիսի, 2022
Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Բադասյան

Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Բադասյան

Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որտեղ որևէ խնդիր չի արձանագրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համձայն արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա ըստ էության չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով»,- նշել է նա։ ՀՀ արդարադատության նախարարը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի առաջիկայում։  
18:50 - 22 ապրիլի, 2021
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|

armenpress.am: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը: Այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա: «Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը »,- ասված է փաստաթղթում: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:
18:03 - 22 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: «Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաեւ՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաեւ զրպարտանքի եւ վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանը եւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրատվամիջոցների դեմ պայքարում։Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին եւ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին»,- գրել է Զոհրաբյանը։
20:25 - 20 ապրիլի, 2021
Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները շարունակվում են՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում: Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթեն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:  Կոնջորյանը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի միակ փոփոխությունը ընտրակարգն է, սակայն բազմաթիվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են: Հարցին՝ միայն պարզ համամասնական ընտրակարգի անցնելը կլինի՞ փոփոխությունը, թե՞ այլ փոփոխություններ ևս կլինեն: «Քանի որ պայմանավորված առաջիկա ընտրություններով ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետը, նաև այդ մասով քննարկումները շարունակում ենք: Կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետի հայտարարությունը վերաբերել է հենց ընտրակարգի հատվածին, սակայն փաթեթով շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը, մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ էության, բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը:  Եվ պատրաստակամ ենք այդ հանձնառությունն իրականացնելու: Պարզ համամասնական ընտրակարգի անցում կատարելու որոշումը կայացվել է: Այս պահին քննարկումները շարունակվում են, շարունակվում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ մեր քննարկումները»,-ասաց նա: Առաջիկայում կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Պատգամավորի խոսքով՝ քննարկումների հաջորդականության արդյունքներով կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին:
13:10 - 26 մարտի, 2021
Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: Նա այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում: Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,- ասաց պատգամավորը:
12:35 - 26 մարտի, 2021
Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը |armenpress.am|

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am:  Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը: Մարտի 24-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ իրականացվի, օրենքով և սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն: «Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և կարևորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը:
13:56 - 24 մարտի, 2021
Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։Ավելի վաղ  Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։
11:32 - 24 մարտի, 2021