Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Հունաստանը որոշել է ազատ արձակել իրանական նավթով բեռնված լցանավը, բեռը կվերադարձվի սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Իրանի  նավահանգիստների և նավարկության կազմակերպության հայտարարությունը։ Ավելի վաղ հունական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ լցանավի նավթը կարող էր փոխանցվել ԱՄՆ-ին, սակայն, Reuters-ի տվյալներով, այդ որոշումը չեղարկվել էր։ «Հունաստանի կառավարությունը համապատասխան հրահանգ է տվել, և ներկա պահին իրականացվում է նավն ազատ արձակելու և բեռը սեփականատիրոջը վերադարձնելու ընթացակարգ», - ասված է իրանական գերատեսչության հաղորդագրությունում։ Ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas լցանավը ձերբակալվել էր հունական Կարիստոս քաղաքի նավամատույցում ապրիլի 19-ին։ Ձերբակալման մասին որոշումն ընդունվել էր ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում, որոնց համաձայն՝ արգելվում է ռուսական նավերի մուքտը եվրոպական նավահանգիստներ։ Մայիսին, հունական լրատվամիջոցների տվյալնլերով, ԱՄՆ-ն Հունաստանի դատական մարմիններին հարցում էր ուղարկել՝ պահանջելով կալանք դնել ռուսական լցանավի նավթի վրա։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ նավթն Իրանից է, իսկ ընկերությունը, «որը շահույթ կստանա դրա վաճառքից», ԱՄՆ սև ցուցակում է՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների պատճառով։   Նորա Վանյան  
17:33 - 14 հունիսի, 2022
Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022
Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտադրել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը: «ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին և շատ ենք կարևորում համագործակցությունը մեր և Հունաստանի ուսումնական հաստատությունների միջև»,-ասել է փոխնախարարը: Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը: Այնուհետև բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից: Հաջորդիվ տեղի է ունեցել գործնական քննարկում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին: «Լեզվի իմացությունը դառնում է մասնագիտությունը սովորելու նոր հնարավորություն՝ աշխատանքային պրակտիկան անցնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և  համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպումն անցել է կառուցողական և փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:  
11:02 - 03 հունիսի, 2022
Սուրեն Պապիկյանն Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը

Սուրեն Պապիկյանն Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Նիկոս Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները: Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները:  
20:38 - 02 հունիսի, 2022
Հունաստանի ՊՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում. Նիկոս Խարդալիաս

Հունաստանի ՊՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում. Նիկոս Խարդալիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։   Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։   Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պարոն Նիկոս Խարդալիասի, իր երախտագիտությունն է հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։   Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։   Նիկոս Խարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշել է, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։   Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցեց Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ Արքեպիսկոպոսին:   Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր ու խաղաղ կյանքի:  
18:38 - 02 հունիսի, 2022
Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի հիման վրա կիպրական հեղինակավոր Financial Mirror լրատվականը պատրաստել է «Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները» վերնագրով հոդվածը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հոդվածի թարգմանությունը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Ներկայացնում ենք թարգմանությունն ամբողջությամբ։ «Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած երեք տասնամյակների անկախությունից հետո փոքրիկ Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ոչ առանց իր հարևանների թշնամական մտադրությունների պատճառով: Երկրի հեղինակությունը բարձրացնելու և պատերազմների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու համար ունենալով սահմանափակ ռեսուրսներ, հարաբերություններն ամրապնդելու և նոր գործընկերություններ կառուցելու համար Երևանն ընտրում է դիվանագիտության ուղին, հատկապես ավանդական դաշնակիցներ Հունաստանի և Կիպրոսի հետ: «Կան հինգ մարտահրավերներ, և դրանք շատ ակնհայտ են»,- նշում է Աթենքում ՀՀ նոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և ազնիվ լուծումն է։ [2020թ.] Պատերազմում պարտությունից հետո հակառակ կողմում գտնվող ադրբեջանցիները փորձում են շահարկել իրավիճակը, ինչպես նաև՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, բանակցություններում հնարավորինս շատ բան կորզելու համար։ Սա երկու հարթություն ունի` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քննարկումների և, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Երբ խոսում ենք բանակցություններին վերադառնալու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում (որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան), ուկրաինական հակամարտության հետ կապված այժմ հասկանալիորեն տարաձայնություններ կան, մի կողմում Ֆրանսիան և ԱՄՆ-ն են, մյուս կողմում՝ Ռուսաստանը։ «Մենք մեծ հույս ունենք, որ միջազգայնորեն լիազորված այս ձևաչափը կվերսկսի իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ։ Այնպես որ, այս շրջանակում հակամարտությանն արդար լուծում գտնելու համար բանակցություններին վերադառնալը ամենամեծ մարտահրավերն է», - Financial Mirror-ին տված հարցազրույցում ասաց դեսպանը։ «Երկրորդ, իհարկե, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անկախ գործընթաց է, և դրա մասին հստակ ասվել է Անկարային։ Թուրքական կողմը ներգրավվել է այս բանակցություններում այն ենթադրությամբ, որ մենք առանց որևէ նախապայմանի գնում ենք սահմանների երկայնքով հարաբերությունների կարգավորմանը»։ Մկրտչյանն ասաց, որ երրորդ ամենամեծ մարտահրավերը «շարունակել հարաբերություններ կառուցել մեր մտերիմ գործընկերների՝ ԵՄ-ի և Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, դաշնակիցների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը»: Եվ խորացնել այդ հարաբերությունները։ «Մյուս մարտահրավերը, որը մեզանից կախված չէ, Ուկրաինայում ծավալվող պատերազմն է և դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ կորստով դուրս գալ այս ամենից, հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայում ունենք շուրջ 500,000 հայ՝ հակամարտության երկու կողմերում»:   Վերածնունդ Դեսպանը, ում նախորդ նշանակումը Բալթյան երկրներում էր, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հինգերորդ հիմնական մարտահրավերը Հայաստանը տնտեսապես վերականգնելն է։ «Այս ամենն ունի որոշակի ներքաղաքական հարթություններ. մենք Հայաստանում բողոքի ցույցեր ենք տեսնում սահմանազատման բանակցությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի կամ տնտեսության իրավիճակի դեմ։ Որոշներին, ընդդիմությանը դուր չի գալիս, թե ինչպես է իշխանությունը վարում այդ գործընթացները։ Երբ վարչակազմը որոշակի հաջողությունների հասնի այս բոլոր հարթություններում, ներքին իրավիճակը կհանդարտվի»։ Նա ասաց, որ այս հաջողության գրավականը հայկական սփյուռքի կարևոր դերն է։ Ներկայացնելով 3 միլիոնանոց փոքր պետություն` Հայաստանը և նրա դիվանագիտական անձնակազմը մշտապես պետք է հավասարակշռեն իրենց հարաբերությունները։ Դեսպան Մկրտչյանն ասաց, որ իր աշխատանքին օգնում է երեք գործոն. «Նախ՝ մեր իմիջի հիանալի աջակցությունը. Հայաստանը ժողովրդավարության կղզի է, որը հիմնականում, ոչ ամբողջությամբ, շրջապատված է ոչ այդքան ժողովրդավարական պետություններով։ Հայաստանի ընտրած ճանապարհը՝ շարունակական ժողովրդավարացումն ու բարեփոխումները, մեր արևմտյան գործընկերների կողմից բարձր է գնահատվում։ «Այնուհետև, մենք ունենք մարդկային ռեսուրսներ և գիտական նոու-հաու, տասնամյակների զարգացում, նույնիսկ խորհրդային ժամանակներից, երբ Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ Սիլիկոնային հովիտը: Այս նոու-հաուն դեռ կա, և այն ավելի է զարգացել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք գրանցում տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտում։ Եվ երրորդն այն է, որ հայերը «համաշխարհային ազգ» են, որոնց սփյուռքն ավելի մեծ է, քան Հանրապետությունում է»։ «Անկախության այս երեք տասնամյակների ընթացքում մենք ուղիներ ենք փնտրել մեր սփյուռքի հետ օրինակելի համագործակցության բանալին գտնելու համար: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ակնհայտ է, որ ես չեմ ուզում համեմատել մեզ ամուր և բարձր ինստիտուցիոնալ կապերի հետ, որոնք Իսրայելն ու Հունաստանն ունեն իրենց համապատասխան սփյուռքների հետ, բայց ռեսուրսն առկա է: Ելնելով այս երեք գործոններից՝ կարծում եմ, որ Հայաստանը հաջողության, վերածնվելու հնարավորություն ունի այն աղետալի պատերազմից, որին ականատես եղանք 2020 թվականին»։   Դեպի ծով ելք չունեցած Շրջապատված լինելով թշնամական Թուրքիայով և Ադրբեջանով, իսկ հարավում՝ Իրանով, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը դարավոր կապեր է ունեցել Կովկասի իր հյուսիսային հարևանի հետ, որոնք հաճախ համարվում են եղբայրական, երբեմն նաև մրցակցային: «Բացի ընդհանուր պատմությունից, Վրաստանն ու Հայաստանը ունեն ընդհանուր արժեքներ և համոզմունքներ։ Մենք նաև ընդհանուր մոտեցումներ ունենք մեր ժողովրդավարական ապագայի վերաբերյալ: Եվ սա ահռելի ռեսուրս է, որի վրա հենվում են երկու կառավարությունները, ինչը վկայում է վերնախավերի միջև վստահության մասին»: «Միանշանակ, Վրաստանի հայ համայնքը մեծ դեր է խաղում երկու ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների ցանկացած մերձեցման գործում։ Մենք միասին ենք նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում. շատ ընդհանուր բաներ կան, որ մենք կիսում ենք: Տնտեսական առումով հարավից հյուսիս, հարավից Եվրոպա երթուղիները հաշվի են առնում, որ Հայաստանը կարող է լինել այլընտրանքային առևտրային ճանապարհ, և այդ երթուղին անցնում է Վրաստանով։ Ուստի Վրաստանը վճռորոշ դեր ունի նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք պետք է հասկանանք այս աշխարհատնտեսական դերը»։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի հետ հարաբերությունները խորացել են. հուսով եմ, որ մեր եղբայրության առաջխաղացման համար խոչընդոտներ չեն լինի, քանի որ մենք նախընտրում ենք մեր հարաբերությունները «եղբայրական» կոչել»: Դեսպան Մկրտչյանն ասաց, որ Թբիլիսին 20-րդ դարի սկզբի Կովկասի ինտելեկտուալ կենտրոնն էր։ Այնտեղ էր, որ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Հայաստանի առաջին կառավարությունը ստեղծվեց և որոշ ժամանակ գործում էր Թբիլիսիից։ «Թբիլիսին մեզ համար Երևանից հետո երկրորդ կարևոր քաղաքն է».   Բաց վերք Բայց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը բաց վերք է թողել ողջ հայության մեջ, հատկապես կապված մեծ թվով կարուստների և գերիների հետ, որոնք Ադրբեջանը գերեվարել է և հրաժարվում հանձնել նրանց մի մասին: «Ըստ Ադրբեջանի՝ նրանք ռազմագերի չեն։ Արևմուտքի կողմից այս մեկնաբանությունը չի ընդունվում։ Դա ոչ մեկի կողմից չի ընդունվում, և նրանք պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն»,- ասաց Մկրտչյանը։ «Մինչ մենք խոսում ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն արեց, որտեղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրեց ձերբակալվածներին վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը վերաբերում է «վերջին դրական զարգացումներին և ապագա կոնկրետ քայլերին Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, ներառյալ սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացումը և մնացած հայ կալանավորների ազատումը: Սա մեր օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է։ «Հավանաբար, Հայաստանի իշխանությունն ամեն օր բացեիբաց չի խոսում այս մասին, քանի որ երբեմն մեր մտադրությունների հրապարակայնացումը կարող է անպայման նույն արդյունքն ու ազդեցությունը չունենալ։ Դիվանագիտությունն անպայմանորեն չի նշանակում գաղտնիություն. Քանի որ հանրային հաղորդակցության միջոցները երբեմն օգտագործվում են որոշակի արդյունքի հասնելու համար, ուստի դիվանագիտությունը նույնպես ունի աշխատանքի այս տարրերը, նաև գաղտնիության, և երբեմն նաև հրապարակայնորեն աշխատելու կողմը»: Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի դեսպան լինելը մարտահրավեր է, և դա պահանջում է եռակի կամ քառակի ջանքեր, քան սովորական այլ դեսպանական աշխատանքը։ «Աշխատանքը պետք է կազմակերպվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներով: Եվ հաշվի առնելով հայկական սփյուռքի ռեսուրսներն ու ներուժը»։   Սփյուռքի հետ առողջ հարաբերություններ «Ես բախտավոր եմ եղել իմ նախկին պաշտոնում Բալթյան երկրներում, իսկ այժմ Հունաստանում և Կիպրոսում, որտեղ մենք առողջ հարաբերություններ ունենք սփյուռքի խմբերի հետ: Ես դա ի վերուստ տրված չեմ համարում և կշարունակեմ մեծ ջանքեր գործադրել՝ սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ առողջ և արդյունավետ համագործակցություն պահպանելու համար»։ Աջակցության համար դեսպանն ասաց, որ Հայաստանը դիմել է պատվավոր հյուպատոսությունների հիմնադրմանը՝ Սալոնիկում և Լիմասոլում։ «Մենք դա արել ենք նաև իմ նախորդ պաշտոնավարման ընթացքում: Մենք պատվավոր հյուպատոսություն բացեցինք Լիտվայի Կաունաս քաղաքում, և ես սկսեցի պատվավոր հյուպատոս նշանակելու գործընթացը նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Դա չափազանց օգտակար է, քանի որ դա նման է խոշոր քաղաքում գրասենյակ ունենալուն: Բայց հիմնական նպատակը տնտեսական դիվանագիտությունը խթանելու գործում դեսպանությանն աջակցելն է։ Մենք դեռ այդքան տնտեսական կցորդներ չունենք, միայն մի քանի մայրաքաղաքներում: Մեզ բոլոր մայրաքաղաքներում անհրաժեշտ է ավելի մեծ տնտեսական ներկայություն»։ Անդրադառնալով Աթենքի հետ ջերմ հարաբերություններին՝ Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանից բնական գազի Տրանսադրիատիկ գազատարի (TAP) բացումը չի վնասել Երևանի հետ Հունաստանի կապերին։ «TAP-ը չի կարող փոխարինել Ռուսաստանի կողմից Եվրոպային տրամադրվող գազի ծավալը։ Այն չունի այդ ֆիզիկական կարողությունը. դա այլընտրանքներից մեկն է: Առաջինը, կա չափազանցվածություն TAP-ի կարողությունների և ադրբեջանական գազի պաշարների կարողությունների վերաբերյալ: Երկրորդ, դա բազմազգ նախագիծ է. այն պատկանում է մի քանի ընկերությունների և պատրաստվում է անցնել մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով: Հունաստանը չի դառնում կախված և չի կարող կախվածություն ունենալ ադրբեջանական բնական գազից։ Եվ երրորդ, այն փաստը, որ դուք գնում եք որոշակի քանակությամբ և ոչ մեծ քանակությամբ էներգառեսուրսներ որևէ երկրից, չի խանգարում ձեզ խոսել այդ երկրում մարդու իրավունքների չարաշահման, ժողովրդավարության պայմանների մասին կամ շարունակել աջակցել ձեր պատմական ամենամոտ բարեկամներից մեկին՝ Հայաստանին: Մենք պետք է հասկանանք այս բաները»։ «Երբ մենք տեսնում ենք ադրբեջանական քարոզչական խաղը, թե «մենք ձեզ ենք տալիս TAP, հետևաբար մենք ձեր ընկերներն ենք, և դուք մեզ չպետք է քննադատեք», այս տրամաբանությունը չափազանց պարզունակ է, և այն չի աշխատի։ Չեմ կարծում, որ TAP-ի առումով նման համագործակցությունը կլինի Հունաստան-Հայաստան համագործակցության և բարեկամության գնով։ Ավելին, մենք բարձրացնում ենք Հունաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը, և հուսով ենք, որ մոտ ապագայում կունենանք արդյունքներ»»։
11:32 - 22 մայիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովմունքով է արձագանքել հույների ցեղասպանության վերաբերյալ Աթենքի հայտարարություններին
 |1lurer.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովմունքով է արձագանքել հույների ցեղասպանության վերաբերյալ Աթենքի հայտարարություններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին: Անկարան այդ իրադարձությունների տարելիցի վերաբերյալ հայտարարություններն «անհեթեթություն» է որակել: Նախարարությունում նաև զգուշացրել են. «Անցյալի վրա հիմնված թշնամանք հրահրելու փորձերը միայն մոլորության մեջ են դնում երիտասարդ սերնդին և օգուտ չեն բերում խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին»: «Մենք Հունաստանին առաջարկում ենք փաստերը խեղաթյուրելու փոխարեն՝ համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել՝ խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար»,- ասված է հայտարարության մեջ: Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայաստանը ճանաչել է 2015 թ. մարտի 24-ին: Հունաստանում մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր:
20:27 - 19 մայիսի, 2022
Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

 Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մայիսի 19-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ-երին, ավելի քան 350 000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։ «Այլևս երբե´ք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև՝ վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը: Հիշում ենք և խոնարհվում»:  
15:27 - 19 մայիսի, 2022
ՀՀ ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ

ՀՀ ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 10-ին անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսի, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսի գլխավորած պատվիրակությունները: «Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և եռակողմ ձևաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել են 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը (Հայաստանի և Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022թ. ծրագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբեր ամսին): Նշվում է, որ ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ:
19:54 - 10 մայիսի, 2022
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են  Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը: Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները: Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին: Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 
15:14 - 08 ապրիլի, 2022
Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Դեսպան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել  Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ: Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի հույն  ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։ Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Պապադիմուլիսը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունել է  Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատել է  իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:
12:17 - 08 ապրիլի, 2022