«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

tert.am: Կամ կգան, խելոք կնստեն կամ կզրկվեն մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոնից զրկելու հարցին։ «Ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը ասաց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։ Սիմոնյանն անդրադարձավ նաև Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի խոսակցության հայտնի ձայնագրությանը, նշելով․ «Ես չեմ մեկնաբանելու անօրինական արված որևէ գործողություն, համարում եմ, որ անբարոյական կերպով արված այդ ձայնագրությունը ավելի շատ վնաս հասցրեց ձայնագրությունն անողին»։
13:00 - 30 հունիսի, 2022
Հայկ Կոնջորյանը անդրադարձավ  ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց՝ ամենագլխավորը և ամենացավոտ հարցերը, որ մարդիկ իրենց տալիս են, վերաբերում է Հայաստանում արդարությանն ու արդարադատությանը։ Կոնջորյանը ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, այսօր քննարկում է գլխավոր դատախազի հարցը՝ «նորից ընդդիմության դատարկ աթոռներով»։ «Ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդանում ինքնադրսևորվելու, լավագույն շանսն են՝ սեփական քննադատությունը, դիտարկումները ներկայացնելու համար, բայց ինչևէ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, մենք ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այս քննարկումը ևս պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ունեն ոչ միայն մեր ընտրողները, ունեն նաև ընդդիմության ընտրողները և մեր Հանրապետության բոլոր քաղաքացիները»։ Պատգամավորն ասաց՝ իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը․ «Դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և կլինի անընդունելի։ Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքը իրագործվի»։ Կոնջորյանի խոսքով՝ ավանդական ընկալումներում իշխանության թևերի միջև զսպումներն ու հակակշռումները դիտարկվում ե որպես այդ թևերի միջև հակամարտություն․ «Ցավոք սրտի, վերջին տարիներին մասնավորապես դատաիրավական ոլորտի մի շար ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է նաև այդ հակամարտության հրապարակային դրսևորումների և ցավոտ դրսևորումների։  Մենք՝ որպես հանրություն, որպես պետություն պիտի հաղթահարենք այդ հակամարտությունը և պիտի ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասարակշռումը և զսպումները հակամարտություն չէ, որ իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, և իշխանության թևերը պետք է համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի և ոչ թե հանուն մասնավոր բարիքի, որը ծնում է համընդհանուր չարիք»։ Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է․ «Այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք ստեղծելու և համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը այսօր, ըստ էության, իմ կարծիքով ուղղակիորեն կապ ունի նաև, որ դահլիճի այս հատվածը (ընդդիմության հատվածը, խմբ․) դատարկ է։ Եվ Հայաստանում ներքաղաքական գործընթացների հիմքերում գտնվում են նաև այդ օրենքը և այդ օրենքի կիրարկումը»։ Հայկ Կոնջորյանը նշեց՝ հավատամք ունի, որ Աննա Վարդապետյանը իր լիազորությունների շրջանակում հավատարիմ է մնալու օրենքի սահմանած լիազորությանը։
16:25 - 29 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կքննարկենք խմբակցությունով ու վարչությունով՝ արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է, եւ կա երկու կարծիք։  Կա կարծիք, որ այսպես, թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ինչպե՞ս են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից եւ սպանել։ Նաեւ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչ իրենք արեցին»,- ասաց Սիմոնյանը: Վերջինս հայտնեց՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը: Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, որը այժմ նաեւ բացահայտ կերպով են անում: «Առաջին օրվանից էլ սա պաշտոնակռիվ է: Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում եւ բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել. առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ: Նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, արել են, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք եւ այլն: Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»,- շեշտեց ԱԺ նախագահը:Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր, փողոցային պայքար էր իրականացնում, բախումներ էին լինում եւ այլն, սակայն այդ ժամանակ ոչ ոք մանդատից զրկելու հարց չէր բարձրացնում: Սիմոնյանն էլ, արձագանքելով դիտարկմանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բացակայությունների թույլատրելի շեմը չէր անցել: Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ համեմատականներ տանելը տեղին չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցական աջակիցների պահվածքը անհամեմատելի են: «Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից: Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով՝ ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում. տարան դրեցին զոհասեղանին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
13:37 - 28 հունիսի, 2022
Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն |armenpress.am|

Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կլինի, եթե օրինակ երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն ու նշել է․ «Օրենսգիրքը սահմանում է, որ, եթե ընտրական ցուցակի հերթական բոլոր հաջորդ թեկնածուները հրաժարվում են, ու ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, ապա այդ դեպքում այդ մանդատը թողնվում է թափուր, չի փոխանցվում որևէ այլ անձի: Նշված պայմաններում խորհրդարանը, ըստ առկա օրենսդրական կարգավորումների՝  այդ թափուր մանդատով շարունակում է գործունեությունը: «Եթե մնում է միայն մեկ խմբակցություն և այդ խմբակցությունն ունի 50 տոկոսից ավել պատգամավորներ, մյուսները բոլորը հրաժարվել են, չկա որևէ այլ անձ, որ մանդատ փոխանցվի, ապա խորհրդարանը շարունակում է գործել այդ խմբակցությամբ»,-ասաց ԿԸՀ նախագահը: Նա նաև պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո: Մուկուչյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար` խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»,-ասաց Մուկուչյանը: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ, եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այն մնում է թափուր: Կարգն այսպես է՝ ԿԸՀ-ում ստացվում է լիազորությունների դադարեցման վերաբերյալ արձանագրությունը, այս պահի դրությամբ ԿԸՀ-ում նման դիմում չի ստացվել, ստանալուց հետո ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են հերթական հաջորդ թեկնածուների հետ կապված ինքնաբացարկների հարց, քննում է, եթե չեն լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:
16:53 - 23 հունիսի, 2022
Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

 «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տարածել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որում նշվում է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Հայտարարությունը՝ ստորև․    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։   «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։   Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։   Հարգելի՛ հայրենակիցներ,   2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։   Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։   Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
13:25 - 21 հունիսի, 2022
Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում: Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին: «Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել են այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,- ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,- նշեց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:01 - 16 հունիսի, 2022
Վրանները հավաքել են՝ լավ են արել, ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի չեն վերադառնում. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը
 |news.am|

Վրանները հավաքել են՝ լավ են արել, ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի չեն վերադառնում. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |news.am|

news.am: Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշեց, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և բացեց ճանապարհը։ Հարցին՝ ընդդիմությունը ասում է, որ իրենց պայքարը արդարացված է եղել, քանի որ իշխանությունը փաստաթուղթ պետք է ստորագրեր, և ընդդիմությանը հաջողվել է Արցախի ժողովրդին համախմբել և ոտքի հանել: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լու՞րջ եք ասում: Ինչի մինչև էդ Արցախի ժողովուրդը համախմված չէր, իրենք պետք է համախմբեին: Իրենց էին սպասում: Թե մի քանի հոգու, որ Արցախից բերել են գործուղման, շարժմանը մասնակից դարձնելու՝  ըստ էության որևէ արդյունք չարձանագրելով: Իրենք իրենց երեկվա որոշումը պետք է արձանագրեին որպես հաղթանակ: Հաղթանակի մեջ պետքա տեսնեն այն, որ իրենք չլինեին Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչնչացված լիներ:Բայց դա այդպես չի: Մենք ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը ԱԺ է: Ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի՞ չեն վերադառնում»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ եթե ընդդիմությունը ցանկանում է ապագայում իշխանություն դառնալ, ապա պետք է շարժվի սահմանադրության պահանջներով: Անդրադառնալով հարցին, որ իշխանության բախտը բերել է, որ մնացել է դեռևս իշխանության այն բանի համար, որ իրենց հրաժարականը պահանջողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ ամենը թող «Դաշնակցությունն» ու «Պատիվ ունեմ»-ը հասկանան, իրենք հասկանալու խնդիր չունեն: «Մենք շարժվում ենք ժողովրդի տված մանդատների պահանջով»,- ասաց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:41 - 15 հունիսի, 2022
Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
10:42 - 15 հունիսի, 2022
Ֆրանսիայի հրապարակում լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ
 |armtimes.com|

Ֆրանսիայի հրապարակում լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ |armtimes.com|

armtimes.com: Այս լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ  է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը: Այս մասին հայտնում են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վրաններից մեկը վնասվել է: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտնեց, որ վրանի մեջ կային քաղաքացիներ, այս պահին ճշտում են՝ տուժածներ կան, թե ոչ: Նա նաև նշեց, որ վարորդը հեռացել է հրապարակից, ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել, ավտոմեքենայի համարանիշները չեն ֆիքսվել: Նրա խոսքով՝ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:  
09:57 - 14 հունիսի, 2022
Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:19 - 13 հունիսի, 2022