«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց՝ ամենագլխավորը և ամենացավոտ հարցերը, որ մարդիկ իրենց տալիս են, վերաբերում է Հայաստանում արդարությանն ու արդարադատությանը։
Կոնջորյանը ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, այսօր քննարկում է գլխավոր դատախազի հարցը՝ «նորից ընդդիմության դատարկ աթոռներով»։
«Ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդանում ինքնադրսևորվելու, լավագույն շանսն են՝ սեփական քննադատությունը, դիտարկումները ներկայացնելու համար, բայց ինչևէ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, մենք ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այս քննարկումը ևս պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ունեն ոչ միայն մեր ընտրողները, ունեն նաև ընդդիմության ընտրողները և մեր Հանրապետության բոլոր քաղաքացիները»։
Պատգամավորն ասաց՝ իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը․ «Դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և կլինի անընդունելի։ Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքը իրագործվի»։
Կոնջորյանի խոսքով՝ ավանդական ընկալումներում իշխանության թևերի միջև զսպումներն ու հակակշռումները դիտարկվում ե որպես այդ թևերի միջև հակամարտություն․ «Ցավոք սրտի, վերջին տարիներին մասնավորապես դատաիրավական ոլորտի մի շար ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է նաև այդ հակամարտության հրապարակային դրսևորումների և ցավոտ դրսևորումների։ Մենք՝ որպես հանրություն, որպես պետություն պիտի հաղթահարենք այդ հակամարտությունը և պիտի ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասարակշռումը և զսպումները հակամարտություն չէ, որ իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, և իշխանության թևերը պետք է համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի և ոչ թե հանուն մասնավոր բարիքի, որը ծնում է համընդհանուր չարիք»։
Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է․ «Այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք ստեղծելու և համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը այսօր, ըստ էության, իմ կարծիքով ուղղակիորեն կապ ունի նաև, որ դահլիճի այս հատվածը (ընդդիմության հատվածը, խմբ․) դատարկ է։ Եվ Հայաստանում ներքաղաքական գործընթացների հիմքերում գտնվում են նաև այդ օրենքը և այդ օրենքի կիրարկումը»։
Հայկ Կոնջորյանը նշեց՝ հավատամք ունի, որ Աննա Վարդապետյանը իր լիազորությունների շրջանակում հավատարիմ է մնալու օրենքի սահմանած լիազորությանը։
comment.count (0)