Հնդկաստան

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
23:03 - 24 սեպտեմբերի, 2022
Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերը դեռ թարմ են մեր հիշողություններում։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստում նշել է Հնդկաստանի ներկայացուցիչը։ «Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
20:30 - 15 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հերքել է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

 |armenpress.am|

Պեսկովը հերքել է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները: «Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին: Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը  կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:58 - 12 սեպտեմբերի, 2022
Բանգալորում տեղի է ունեցել բիզնես համաժողով՝ «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով

Բանգալորում տեղի է ունեցել բիզնես համաժողով՝ «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով

Օգոստոսի 21-ին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հնդկաստանի տնտեսական-առևտրային կազմակերպության համատեղ ջանքերով Հնդկաստանի Կարնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորում (գիտական, արդյունաբերական և ՏՏ ոլորտի կենտրոն) տեղի է ունեցել բիզնես համաժողով «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով: Համաժողովին ներկա են եղել շուրջ 70 մասնակիցներ Կարնատակա նահանգի կառավարական, գործարար, ինչպես նաև կրթական և առողջապահական շրջանակներից: Միջոցառման ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ դեսպանի հետ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ներկայացրել մի շարք հետաքրքիր առաջարկներ՝ համատեղ իրագործման նպատակով: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահի ղեկավարած պատվիրակության հայաստանյան այցի դրական արդյունքների լույսի ներքո։ Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսել է ավանդաբար լավ երկկողմ քաղաքական հարաբերությունների պատմական հիմքերի մասին և գոհունակությամբ նշել դրանցում առավել դրական մթնոլորտի ձևավորման փաստը վերջին տարիներին, ինչին իր հերթին շատ են նպաստել երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելությունները: Դեսպան Բաբախանյանը նշել է, որ հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել, նախևառաջ, հայկական և հնդկական տարբեր ընկերությունների միջև փոխադարձ ճանաչելիության և վստահության աճի ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել ներկաներին՝ առավել ակտիվ մասնակցել Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին: Միջոցառման ավարտին Հնդկաստանի Եվրասիական առևտրի խորհրդի հանձնակատար Յաթեշ Վենկատեշի և Բանգալորի արվեստի միջազգային փառատոնի տնօրենի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդ օրը տեղի է ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպանի և Կարնատակա նահանգի ՏՏ ոլորտի և բարձրագույն կրթության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գիտության, կրթության և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ հարցեր։     
16:20 - 31 օգոստոսի, 2022
Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում. ՀՀ վարչապետ

Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել   Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին: Դրա լավագույն վկայությունն է օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում: Ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, արդյունավետ գործում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը, սերտ համագործակցություն է ձևավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում։ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի, հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ։ Հուսով եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մենք նորանոր հաջողություններ կգրանցենք՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների: Ձերդ գերազանցություն, Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում, քանի որ խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում: Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
10:50 - 31 օգոստոսի, 2022
Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին. Countrymetrics.info
 |tert.am|

Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին. Countrymetrics.info |tert.am|

tert.am: Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի և շարունակում է աճել։ Նման տվյալներ օգոստոսի 14-ին տրամադրել է Countrymetrics.info պորտալը, որը պարունակում է մոլորակի բնակիչների վիրտուալ հաշվիչը իրական ժամանակի ռեժիմում։Այս տվյալների հիման վրա կարելի է տեսնել, որ Երկրի վրա արական սեռի բնակչության թիվը 4 միլիարդից մի փոքր ավելի է: Իսկ կանանց թիվը 3,9 միլիարդ բնակչի մակարդակում է։Նշվում է, որ ներկայում Երկրի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են Չինաստանը (1 456 069 777), Հնդկաստանը (1 419 020 594) և ԱՄՆ-ն (336 590 217):Մինչդեռ աշխարհամասերի առումով առաջատար է Ասիան (4 752 867 241), որին հաջորդում են Աֆրիկան (1 415 609 502), Եվրոպան (751 031 667), Հյուսիսային Ամերիկան (604 839 042), Հարավային Ամերիկան (440 892 078), Օվկիանիա (44 157 174):
10:36 - 15 օգոստոսի, 2022
Շախմատի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին. Օլիմպիադա

 |armenpress.am|

Շախմատի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին. Օլիմպիադա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ուզբեկստանի ընտրանու հետ և զիջեց 1:3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի հավաքականը կիսում է երկրորդ և երրորդ տեղերը: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի: Համաշխարհային Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 9-ին:
20:02 - 07 օգոստոսի, 2022
Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը
 |1lurer.am|

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։ ԱՄՆ հավաքականը 16-րդ տեղում է՝ 12 միավորով։ Ամերիկացիներն այսօր մրցել են Հնդկաստանի երկրորդ թիմի հետ և անակնկալ պարտություն կրել 1։3 հաշվով։ Կարուանան զիջել է 16-ամյա Գուկեշին, հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, Ուեսլի Սոն ևս ոչ-ոքի է խաղացել, իսկ Լեյնտեր Դոմինգեսը պարտվել է։ Հայաստանի կանանց հավաքականը 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:
20:45 - 06 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն վաղը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանակի առցանց հանդիպում կանցկացնի |azatutyun.am|

ԱՄՆ-ն վաղը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանակի առցանց հանդիպում կանցկացնի |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները վաղը առցանց հանդիպում կանցկացնի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական ծրագրին միացած 14 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք կքննարկեն առևտրի, մատակարարման շղթաների և այլ հարցեր: Հանդիպումը տեղի կունենա Ասիայի հետ շփումներն ընդլայնելու Վաշինգտոնի ջանքերի ֆոնին։ Միացյալ Նահանգները կորցրել էր իր տնտեսական բաղադրիչը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ հարաբերություններում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային գործարքից դուրս գալուց հետո, ինչը Չինաստանի համար ընդլայնել է ազդեցությունն ընդլայնելու հնարավորությունները: Բացի ԱՄՆ-ից, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանակում ընդգրկված են Ավստրալիան, Բրունեյը, Ֆիջին, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը և Վիետնամը:
10:57 - 25 հուլիսի, 2022
Պատասխանատվություն զգում ենք ամբողջ թիմով. Արման Փաշիկյանը` համաշխարհային Օլիմպիադայից սպասելիքների մասին

 |armenpress.am|

Պատասխանատվություն զգում ենք ամբողջ թիմով. Արման Փաշիկյանը` համաշխարհային Օլիմպիադայից սպասելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: Շախմատասերների ուշադրությունն օրեր անց սևեռվելու է Հնդկաստանի վրա, որտեղ մեկնարկելու է  44-րդ Համաշխարհային Օլիմպիադան: Այս տարի Հայաստանի ընտրանին մրցաշարին կմասնակցի նոր գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանի գլխավորությամբ: Փաշիկյանը խոսել է սպասելիքների մասին, հայտնել, թե որ թիմին է համարում մրցաշարի ֆավորիտ: -Պարոն Փաշիկյան, ի՞նչ նախապատրաստական փուլ եք անցնում մինչև 44-րդ Օլիմպիադան: - Նախապատրաստական այս շրջանն անցկացնում ենք Ծաղկաձորում և հիմնականում հենց շախմատով էլ զբաղվում ենք: Փորձում ենք լուծումներ գտնել այն սկզբնախաղերում, որտեղ առկա են խնդիրներ, ինչպես նաև ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական վիճակին: Այս ամենի հետ մեկտեղ, նաև փորձում ենք վայելել հանգիստը Ծաղկաձորում: -Այս տարի Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանում: Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանում իսկապես շոգ է, և սնունդն էլ առօրեական չի լինելու, արդյոք այս ամենը կարող է անդրադառնալ խաղի որակի վրա: -Խաղի արդյունքի վրա միշտ և ամեն բան կարող է ազդել, հատկապես շախմատում: Բայց լիահույս եմ, որ ոչ շոգը, ոչ էլ սնունդը բացասական ազդեցություն չեն ունենա մեր  հավաքականի վրա: Կարող եմ ասել, որ Երևանում, Ծաղկաձորում էլ այժմ սարսափելի շոգ է: Բայց բոլորն էլ փորձված շախմատիստներ են, որոնք տարբեր երկրներում մասնակցել են տարբեր մրցաշարերի: -Պարոն Փաշիկյան, սա ձեր առաջին պաշտոնական մրցաշարն է, որտեղ ներկայանում եք հավաքականի գլխավոր մարզչի կարգավիճակում: -Չեմ ասի, թե որպես մարզիչ ավելի լարված եմ, քանի որ պատասխանատվություն զգում ենք բոլորս և զգում ենք ամբողջ թիմի հանդեպ: Բոլորին ծանոթ եմ, բոլորի հետ մասնակցել եմ մրցաշարերի: -Հայաստանի հավաքականի կազմում այս տարի ունենք հիմնական կորիզը, կան նաև  երիտասարդներ Մանուէլ  Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: -Երիտասարդները թիմում նոր չեն և բոլորի հետ շատ միջազգային մրցաշարերի են մասնակցել: Բայց այստեղ առավել կարևոր է, որ Սամվելը և  Մանուէլը շատ մեծ ճնշում չզգան: Նրանք պատրաստ են թիմային մրցաշարի: -Այս տարի տարօրինակ իրավիճակի ենք բախվելու` ԱՄՆ թիմի կազմում տեսնելու ենք Լևոն Արոնյանին: Ի՞նչ նրբություններ պետք է հաշվի առնենք, եթե ստացվի այնպես, որ մրցենք ԱՄՆ-ի հավաքականի հետ: -Եթե անկեղծ, ապա ես վստահ չեմ, որ Լևոնը կմասնակցի Հայաստանի հետ կայանալիք խաղին, եթե այդպիսի խաղի լինի, իհարկե: Բայց եթե մրցեն, պետք է մի շարք նրբություններ հաշվի առնենք, քանի որ Լևոնը և մյուսները շատ լավ են ճանաչում միմյանց: -Այս տարի Համաշխարհային Օլիմպիադային չի մասնակցում Ռուսաստանի հավաքականը: Արդյոք նրանց բացակայությունը նվազ մրցակցային կդարձնի՞ մրցաշարը: -Ցանկացած մրցաշարի Ռուսաստանի հավաքականի մասնակցելը կամ չմասնակցելը  ազգում է մրցաշարի մակարդակի վրա: Սակայն այս տարի Համաշխարհային Օլիմպիադան ուժեղ կազմ է հավաքել տարբեր երկրներից: Իհարկե, բոլոր շախմատիստերը կցանկանային, որ ամբողջական մրցաշար լիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք: -Եվ, որոնք են ֆավորիտ թիմերը, որոնք պայքարելու են ոսկե մեդալի համար: -Որպես այդպիսին ԱՄՆ հավաքականը, որը գործակիցներով գերազանցում է բոլորին:  
10:33 - 20 հուլիսի, 2022
Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը. «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ,  Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։ Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։ Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները: Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին: Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության  բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար: Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը: Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։ Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝  հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։ Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ: Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»:
15:23 - 04 հուլիսի, 2022