Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին
 |news.am|

Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին |news.am|

news.am: Մենակ Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետեւ Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ  ունենք լրջագույն խնդիրներ խրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մարդիկ Արցախում ունեն մանկական կերի խնդիր, տակդիրի խնդիր: Այսինքն ունենք հումանիտար լրջագույն ճգնաժամ, իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ առավոտից սաղավարտներով զինված եկել է ընդդիմությանը քննադատելու անհեթեթ պատճառաբանությամբ: Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ ՀՀ սահմանին, եւ միջազգային հանրության հետ աշխատանքում, որ ահազանգենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ: Հայաստանի սուվերեն տարածքը վտանգված է ամեն օր, 24 ժամ: Մենք կարծես հարմարվել ենք Արցախի շրջափակմանը: Նույնիսկ եթե Կարմիր խաչի՝ հիվանդներին տեղափոխելը վերականգնվել է, ես դա համարում եմ մեղմ ասած, ոչ բավարար: Դա նշանակում է 1-2 մարդ փրկել, բայց 120 հազար մարդու կյանք այսօր վտանգված է»,-ասաց նա: Թովմասյանի խոսքով, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ՌԴ-ն այն երկիրն է, որը երաշխավորել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը եւ ՌԴ նախագահը ստորագրել է այն. «Իսկ հայտարարության մեջ գրված է, որ պետք է Լաչինի միջանցքը գործի անխափոն, երկկողմանի եւ  դրա երաշխավորը ՌԴ-ն է: Այսինքն միայն կոչ անելը, այս դեպքում,  խիստ  անբավարար է, պետք են կոնկրետ գործիքակազմերի կիրառում, խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, եւ դա պետք է անեին առաջին օրվանից, ոչ թե թողնեին, որ ադրբեջանցիները էնտեղ սկաներ են դրել, սարքեր են դրել եւ այլն: Ռուս խաղաղապահները պարտավոր են դա անել»:  
15:40 - 26 հունիսի, 2023
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցի մեկամյա փոքրիկը ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցի մեկամյա փոքրիկը ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱՆ-ն։   Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:   Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։   Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
13:29 - 24 հունիսի, 2023
Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ, որում նշված է. «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախ՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։ Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ և կամայական սահմանափակումներով և օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։Արցախի լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և պարարտ հող  նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը պահանջում են միջազգային հանրությունից ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն։Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական  միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։
16:39 - 21 հունիսի, 2023
Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

news.am: Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը. էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման․ այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ: Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի․ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության եւ մարդու առեւանգման համար իրենց պատիժը կրող Գուլիեւին եւ Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների եւ հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխքի չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է: Այսինքն, ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի եւ Գուլիեւի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու եւ Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադարի առաջարկը լիարժեք ընդունելի է: Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաեւ պետք է փոխանակվեիրն գերիները եւ զոհվածների աճյունները: Ես համաձայնեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հետեւյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով: ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպտակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա: Հոկտեմբերի 9-ին սկսվեց ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավատվեց լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետեւյալ հայտարարությամբ. «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի, եւ համապատասխան ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների, կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված հարցերի շուրջ. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից մարդասիրական նկատառումներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ: Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»: Այս հայտարարութունն ըդնունելի էր մեզ համար եւ բնականաբար, հայտարարության ընդունումից հետո ՊՆ-ին եւ Գլխավոր շտաբին եղել է հրաման պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում այդ ռեժիմը, այլեւ ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն նախկին ԼՂԻՄ տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին՝ գրոհելով Հադրութի ուղղությամբ: Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում՝ համաձայն մոսկովյան փաստաթղթի հրադադար հաստատելու եւ այն պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին, դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետեւեն իրադրությանը եւ կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանն անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց եւ ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:  Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետեւյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման եւ պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր: Մեր ներքին քննարկումների ժամանակ իմ եզրակացությունը եղել է հետեւյալը. մինչեւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնելու հրադադարին: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր եւ հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունը այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետեւ հրադադարի մոսկովյան բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում: Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետեւյալ ուղիղ եւ երկիմաստություններից զերծ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին եւ ՌԴ նախագահը կարծիք հայտեց, որ կարելի է փրոձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որեւէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:
11:22 - 20 հունիսի, 2023
ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|

ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է: «Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը: Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:
20:30 - 16 հունիսի, 2023
Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այդ մասին ասված է Արցախի առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում: «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ:Այսօր նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ: Բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում՝ օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- նշված է գրառման մեջ:    
17:31 - 16 հունիսի, 2023
ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|

ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միությունը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանին և ի տարբերություն աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ գաղտնի օրակարգ չունի։ Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում և Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հանդես է եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։  «ԵՄ-ն շահագրգռված է խաղաղաշինությամբ և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ձեռքբերմանն աջակցելով։ Ինչպես ասացի, մենք դա անում ենք մարդասիրական օգնության առաքելության, ընթացիկ քննարկումների, պատերազմից լրջորեն տուժած տարածաշրջաններում ականազերծման միջոցով՝ փորձելով նվազեցնել հակամարտության ռիսկը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ամենը պահանջում է տարածաշրջանում ամենօրյա ներկայություն։ Բորելը նաև նշել է, որ եթե չիրականացվի մարդասիրական օգնության տրամադրում, ականազերծում, անհետ կորածների որոնում և պահվող անձանց ազատ արձակում, ապա իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։ Խոսելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի մասին՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում։ «ՌԴ խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված են Ղարաբաղում, և դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում»,- ասել է Բորելը։  Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող պարբերական բախումներին ու ՌԴ-ի կողմից Հայաստանին օգնության չտրամադրմանը՝ Բորելը նշել է, որ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, ոչ մի օգնություն չտվեցին Հայաստանին։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իր ազդեցությունն է թողել տարածաշրջանային, համաշխարհային գործընթացների, հատկապես՝ Հարավային Կովկասի վրա։ Այն նաև էական ազդեցություն է թողել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի ժամանակ, ռազմական օգնություն է խնդրել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ՌԴ-ից»,- հայտարարել է Բորելը։ Պատասխանելով նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցին, եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ասել է, որ այդ առումով և՛ ԵՄ-ի, և՛ միջազգային հանրության կողմից ջանքեր են գործադրվել՝ դիմումներ հղելով Ադրբեջանին։
22:00 - 13 հունիսի, 2023
Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան
 |news.am|

Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը: Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։ Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։  
14:05 - 13 հունիսի, 2023
ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ

ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ

Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթևեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց: Նշում. Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 173-օրյա շրջափակման շարունակականությունը, ապրիլի 23-ից Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի քաղաքացիների հանդեպ ապօրինի հսկողական միջոցների կիրառումը, ՌԴ խաղաղապահ զորակազմի շարունակական անկարողությունը ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված միջանցքի ռեժիմը, միջազգային հանրության շարունակական անկարողությունը ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի երաշխավորման պահանջով, ինչպես նաև Արցախի բնակչության շրջանում օրեցօր խորացող մարդասիրական կարիքները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ Ապօրինի է համարում 2022թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակումը և ապրիլի 23-ից ադրբեջանական անցակետի գոյությունը, ինչպես նաև՝ Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի հանդեպ հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները. Ընդգծում է այդպիսի պայմաններում Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական բազմաթիվ իրավունքների շարունակական ու սրվող խախտումների առկայությունը. Շեշտադրում է Լաչինի միջանցքի՝ Եռակողմ հայտարարությամբ ամրագրված և ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ հաստատված ռեժիմի հրատապ վերականգնման և անվտանգության նախատեսված նվազագույն պայմանների ապահովման անհրաժեշտությունը. Հայտարարում է, որ նախքան Լաչինի միջանցքի ռեժիմի լրիվ վերականգնումը՝ Արցախի կառավարությունը հնարավորինս կփորձի ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և ուղեկցությամբ ապահովել իր քաղաքացիների հրատապ մարդասիրական կարիքների բավարարման համար միջանցքով որոշակի տեղաշարժը. Ընդգծում է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի խախտման ու Արցախի շրջափակման պայմաններում միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական գոյություն չունեցող իրավազորությունն ընդունող գործողություն, քանի որ այդ տեղաշարժերը կատարվում են հարկադրված՝ ելնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովման ու պաշտպանության խիստ անհրաժեշտությունից և Արցախի Հանրապետության իշխանությունների՝ սեփական ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորություններից: Արձանագրում է, որ մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկա են ադրբեջանական հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները: 
23:16 - 02 հունիսի, 2023