ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|
22:00 - 13 հունիսի, 2023

ԵՄ-ն շահագրգռված է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միությունը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանին և ի տարբերություն աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ գաղտնի օրակարգ չունի։ Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում և Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հանդես է եկել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«ԵՄ-ն շահագրգռված է խաղաղաշինությամբ և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ձեռքբերմանն աջակցելով։ Ինչպես ասացի, մենք դա անում ենք մարդասիրական օգնության առաքելության, ընթացիկ քննարկումների, պատերազմից լրջորեն տուժած տարածաշրջաններում ականազերծման միջոցով՝ փորձելով նվազեցնել հակամարտության ռիսկը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ամենը պահանջում է տարածաշրջանում ամենօրյա ներկայություն։

Բորելը նաև նշել է, որ եթե չիրականացվի մարդասիրական օգնության տրամադրում, ականազերծում, անհետ կորածների որոնում և պահվող անձանց ազատ արձակում, ապա իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։

Խոսելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի մասին՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում։ «ՌԴ խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված են Ղարաբաղում, և դա Ռուսաստանի դերի էական ասպեկտն է այս հակամարտությունում»,- ասել է Բորելը։ 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող պարբերական բախումներին ու ՌԴ-ի կողմից Հայաստանին օգնության չտրամադրմանը՝ Բորելը նշել է, որ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, ոչ մի օգնություն չտվեցին Հայաստանին։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իր ազդեցությունն է թողել տարածաշրջանային, համաշխարհային գործընթացների, հատկապես՝ Հարավային Կովկասի վրա։ Այն նաև էական ազդեցություն է թողել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի ժամանակ, ռազմական օգնություն է խնդրել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ՌԴ-ից»,- հայտարարել է Բորելը։

Պատասխանելով նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցին, եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ասել է, որ այդ առումով և՛ ԵՄ-ի, և՛ միջազգային հանրության կողմից ջանքեր են գործադրվել՝ դիմումներ հղելով Ադրբեջանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել