ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստկանները բացահայտել են «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի ապօրինությունները

Ոստկանները բացահայտել են «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-ից 2020 թվականներին մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
16:49 - 20 մարտի, 2020
Ոստիկանությունը խուճապ տարածող էջեր է բացահայտել համացանցում

Ոստիկանությունը խուճապ տարածող էջեր է բացահայտել համացանցում

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության հետ պայմանավորված համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։
16:37 - 20 մարտի, 2020
1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|

1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|

armtimes.com: Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից՝ ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք, ոստիկանությունից չասացին: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում էին, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ: Ավելին՝ armtimes.com-ում
12:33 - 20 մարտի, 2020
Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը` խոսելով արտակարգ դրության առանձնահատկությունների մասին։ Նա նշեց, որ քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել են առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն․ «Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը»։ Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ սահմանափակում կա ռոստորանների սրճարանների գործունեության համար։ Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։ Իսկ թե պետությունն ինչպես պետք է վիրուսակիր անձանց պաշտպանի հոգեբանական ճնշումներից, արդարադատության փոխնապարարն ասաց, որ արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Դանիելյանը շեշտեց՝ ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։ Բացի այս, նա նշեց, որ վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։ Դանիելյանն ասաց, որ ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ Վահե Դանիելյանն ասաց, որ կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Նրա համոզմամբ՝ հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։ Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ Սակայն ՔԿՀ-ներում թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել․ «Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա»,- ընդգծեց պաշտոնյան։
17:29 - 17 մարտի, 2020
Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելու վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում է անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ «Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, ինչի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց: Անձնագրային և վիզաների վարչության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, մեկ անձը իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի, կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ: «Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։ Հանրային առողջության պահպանումը նաև մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:05 - 17 մարտի, 2020
Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|

Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|

armtimes.com: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվի: Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է կալանավորման որոշման դեմ իր բողոքը: Հարցին՝ Վճռաբեկ բողոք ներկայացվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասում է նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին. դրանց վերաբերյալ նա դեռեւս տեղեկություն չունի: Հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: 
12:57 - 16 մարտի, 2020
Ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենայի գրանցման համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ

Ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենայի գրանցման համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ

ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հորդորում է տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման), վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց 2․ Ճանապարհային ոստիկանության վարչական մասի, նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու, կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
20:53 - 13 մարտի, 2020
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի տարածմանը կանխարգելելու նպատակով տարածել է հայտարարություն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի քաղաքացինե՛ր, Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաեւ մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում եւ հորդորում ենք․ 1․ Անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչեւ 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու եւ այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաեւ երեխայի հետ, որի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչեւ 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետեւաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց: 2․Անձնագրային եւ վիզաների վարչության վարչական մասի, ինչպես նաեւ այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ 3. Տեղեկացնում ենք նաեւ, որ բացի անձնագիր ստանալու եւ ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաեւ լիազորված անձի միջոցով: Հետեւաբար, մեկ անձը՝ իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի կարող է դիմել նաեւ այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ: Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը եւ հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։ Հանրային առողջության պահպանումը նաեւ մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»։      
20:46 - 13 մարտի, 2020