Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ
14:05 - 17 մարտի, 2020

Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում է անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։

«Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, ինչի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց: Անձնագրային և վիզաների վարչության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, մեկ անձը իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի, կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:

«Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։ Հանրային առողջության պահպանումը նաև մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել