Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մտահոգություն են առաջացրել Վրաստանի նախագահի՝  Բաքվում հնչեցրած ձեւակերպումները. ԱԺ նախագահ

Մտահոգություն են առաջացրել Վրաստանի նախագահի՝ Բաքվում հնչեցրած ձեւակերպումները. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական ու առանձնահատուկ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների վրա: Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի պատգամավորական բարեկամական խումբը: Խոսելով միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության կարեւորության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով:ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը, անդրադարձել հայ համայնքի գործունեությանը՝ ընդգծելով, որ հայերը դարեր շարունակ իրենց նշանակալի ներդրումն են ունեցել Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում եւ կարող են լինել հուսալի կամուրջ երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: Վրաստանի նախագահը, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:«Կարեւոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից: Մենք՝ որպես հարեւան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ: Այդ կապերը պետք է առավել խորանան եւ ընդլայնվեն»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ եւս կարեւորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին: Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկայում պատրաստ է սիրով ընդունելու իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:  ՀՀ Ազգային ժողով
13:12 - 14 մարտի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին:  Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը: Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն: Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է եւ խաղաղության հաստատման հարցում կարեւոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաեւ ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: ՀՀ ազգային ժողով
16:36 - 13 մարտի, 2019
Բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտ է. Արարատ Միրզոյան

Բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտ է. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին: Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018 թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման եւ տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը: Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն: Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է եւ խաղաղության հաստատման հարցում կարեւոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաեւ ադրբեջանական կողմից: Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, եւ՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը: Անդրադառնալով հայ-սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաեւ Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը:
14:59 - 13 մարտի, 2019
Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան

Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: «Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։ Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի։ Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։ Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում»։
09:32 - 08 մարտի, 2019
Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ

Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձեւավորվելիք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարեւոր օղակ են օրենսդիր մարմինների միջեւ կապերի զարգացման գործում:  Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարեւորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի եւ TIFA խորհրդի դերը: Արարատ Միրզոյանը, խոսելով մեր երկրում իրականացվող բարեփոխումների շարունակական գործընթացից, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, եւ Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով: Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաեւ Միացյալ Նահանգներին կանգնել մեր կողքին եւ աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»:  Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում: «Պատիվ է հանդիպել Ձեզ հետ Ազգային ժողովի նախագահ եւ վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,-ընդգծել է Լին Թրեյսին:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա:
13:14 - 07 մարտի, 2019
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001