Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ
13:14 - 07 մարտի, 2019

Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձեւավորվելիք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարեւոր օղակ են օրենսդիր մարմինների միջեւ կապերի զարգացման գործում: 

Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարեւորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի եւ TIFA խորհրդի դերը:

Արարատ Միրզոյանը, խոսելով մեր երկրում իրականացվող բարեփոխումների շարունակական գործընթացից, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, եւ Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով: Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաեւ Միացյալ Նահանգներին կանգնել մեր կողքին եւ աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»: 

Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:
«Պատիվ է հանդիպել Ձեզ հետ Ազգային ժողովի նախագահ եւ վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,-ընդգծել է Լին Թրեյսին: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել