Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան
09:32 - 08 մարտի, 2019

Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

«Այսօր կանանց միջազգային օրն է։

Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի։

Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։

Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել