Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
16:12 - 12 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։   Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։   Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։  
21:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
15:19 - 05 հոկտեմբերի, 2021
Պատերազմը փորձություն էր, որի պատճառած ավերներն ու ծառացած մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում․ Գարեգին Բ

Պատերազմը փորձություն էր, որի պատճառած ավերներն ու ծառացած մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում․ Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել սեպտեմբերի 27-ի առիթով։ Հայրապետական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները: Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն  է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. Ամեն»:
11:18 - 27 սեպտեմբերի, 2021
Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ-ի ուղերձը

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։ Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։ Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։ Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։ Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. Ամեն»։
09:28 - 21 սեպտեմբերի, 2021
Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ինչպես փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն  կապին առնչվող տարբեր հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու,  ինչպես նաև՝ նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
15:41 - 10 սեպտեմբերի, 2021
Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում․ Գարեգին Բ

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում․ Գարեգին Բ

Գարեգին Բ-ն հայրապետական ուղերձը է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։ Այս տեսլականով են վերստին բացվում մեր կրթական հաստատությունների դռները։Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում: Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու  նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման։Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։ Սուրբ Գիրքը պատգամում է. «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6)։Բարձրյալի զորակցությունն ենք հայցում մանկավարժներին և կրթության գործի կազմակերպիչներին, մաղթում արգասավոր ուսումնական տարի։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդի կյանքը և կրթության մշակների շնորհընկալ առաքելությունը՝ ի պայծառություն և ի փառս ազգիս։
10:14 - 01 սեպտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր  մաղթանքները: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում  և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին: Թող Երկնավոր Տերը Իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին և Ձեզ՝ հայրենաշահ ձեռքբերումներ»:
17:41 - 02 օգոստոսի, 2021
Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: ԱԺ ութերորդ գումարման նիստին հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը, բոլորիս փափագն ու ձգտումը մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ»,-ասաց Վեհափառը: Նա իր ելույթում նշեց, որ այսօր պատգամավորները ստանձնում են իրենց պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների: «Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը հասարակությունում, խորհրդարական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու ու սխալները շտկելու նպատակով»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս:
10:33 - 02 օգոստոսի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Օլիվեր Վարհեի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Վեհափառ Հայրապետը նաև ողջունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը  Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական Միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական գործակցություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս հանձնակատարի մասնավոր իր գնահատանքն է հայտնել Եվրոպական Միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար: Այնուհետև Հայաստան այցին անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ այդ շրջանակներում կարևորելով իր հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։ Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրել է այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։ Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորել է գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մտահոգությամբ անդրադարձ է կատարել հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։ Ողջունելով ԵՄ պատրաստակամությունը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով նպաստելու տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը՝ Վեհափառ Հայրապետը ընդգծել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը: Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին, ապա իր մտահոգություններն արտահայտեց Հայաստանի սահմանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արձանագրված սրբապղծության, ավերման և պատմական պատկանելության կեղծման հարցերի առնչությամբ։ Հիշյալ հարցերի հաղթահարման և հայատյացության քարոզի դադարեցման գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունն ու կեցվածքը։
16:13 - 09 հուլիսի, 2021
Մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել

Մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Սիրելի ժողովուրդ,Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը։Նաև կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը: Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ։Միշտ հիշենք, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախաբնակ մեր քույրերի ու եղբայրների հիմնախնդիրների հաղթահարումը։ Այս գիտակցությամբ, այս ոգով ու հանձնառությամբ մասնակցություն բերենք ընտրություններին, անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, որպեսզի մեր ազգային ու հայրենական անդաստանում տեղ չգտնեն նեղություններ ու տառապանքներ, նոր արհավիրքներ, որպեսզի միասիրտ ու միախորհուրդ հաղթահարենք ներքին ու արտաքին մարտահրավերները, կառուցենք հզոր ու պայծառ հայրենիք՝ խարսխված մեր ինքնությունը պայմանավորող ազգային ու հոգևոր մեր արժեքների վրա։ Այս ընթացքով ի զորու կլինենք առատացնել տերունական օրհնությունը մեր կյանքում և Հայաստանում ու Արցախում մարմնավորել մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի լուսավոր տեսիլքները։ Սիրելիներ, աղոթենք միասնաբար, որ առկա ճգնաժամի հաղթահարման բոլոր ջանքերը Աստծո ողորմությամբ պսակվեն բարի արդյունքներով։ Հայցենք, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների և օրհնության ներքո պահի ու պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին, պարգևի իմաստություն ու զորություն, խաղաղ ու ապահով կյանք Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։ Աստծո սերը, օրհնությունն ու ողորմությունը մեր հայրենիքին ու մեզ ամենքիս. Ամեն»։
12:18 - 19 հունիսի, 2021
Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․ «Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։ Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։ Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։ Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։ Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։
17:18 - 11 հունիսի, 2021
Գարեգին Բ-ն Ղազախստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգություններին

Գարեգին Բ-ն Ղազախստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգություններին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրել է միջկրոնական երկխոսության ոլորտում գործակցությունը՝ վերհիշելով Հայոց Եկեղեցու մասնակցությունը Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի աշխատանքներում և համագումարի շրջանակներում իր այցը Ղազախստան։ Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է հետպատերազմյան դժվարին իրավիճակին՝ հույս հայտնելով, որ բարեկամ Ղազախստանն իբրև ՀԱՊԿ-ի անդամ երկիր իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Նորին Սրբությունը դեսպան Իմանբաևի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների մտոհոգիչ փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։ Իր հերթին Ղազախստանի նորանշանակ դեսպանը Հայոց Հովվապետին փոխանցել է երկրի նախագահի և ղեկավարության բարեմաղթանքները։ Դեսպանը ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ կեցության գործում կարևոր է նկատել նաև միջկրոնական երկխոսությունը։ Այս առումով դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կազմակերպչական աշխատանքներին և անցկացմանը Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցության համար։ Խոսելով երկրների միջև առավել զարգացող և ամրապնդվող քաղաքական և տնտեսական համագործակցության մասին՝ Ղազախստանի դեսպանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է շարունակել ձևավորված բարեկամության ավանդույթները։ Պրն․ Իմանբաևը հավաստիացրել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ պիտի շարունակի ջանքեր ներդնել Մայր Աթոռի և Ղազախստանի միջև գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում։
17:20 - 10 հունիսի, 2021