Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները. Միրզոյան

Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ: Հայտարարության մեջ ասվում է.  «Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,Տիկի՛ն Համաժողովի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ դատախազ, Հարգելի՛ քարտուղար, Հարգելի՛ դատավորներ և դատախազի տեղակալներ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, 1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց՝ վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։ Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը: Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:  ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։ Տիկնայք և պարոնայք, Մենք ընդգծում ենք Դատարանի կարևոր դերն աներևակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը: Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի: Շնորհակալություն»:
17:24 - 08 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։  Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:  Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:45 - 08 փետրվարի, 2024
«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։ Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները: Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք: Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:00 - 07 փետրվարի, 2024
ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք. Միրզոյանը՝ Նիդերլանդների խորհրդարանականներին

ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք. Միրզոյանը՝ Նիդերլանդների խորհրդարանականներին

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային համապատասխան ցուցանիշներում։  Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի ու հստակ հանձնառության ցուցաբերման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը:  Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ի կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել և արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև, այդ թվում՝ խորհրդարանականների մակարդակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ձևաչափում փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայունությանն աջակցելու նպատակով և ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման։
17:31 - 07 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում: Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության աճի պայմաններում խորհրդարանական շրջանակները կարող են դեր խաղալ միջազգային իրավունքի խախտումների բարձրաձայնման, արդար լուծումների շուրջ հրապարակային քննարկման ծավալման և դրանով իսկ խաղաղությանը միտված ջանքերին նպաստելու հարցում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները. շեշտվել է տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության աներկբա հարգման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է այս հարցում ՀՀ հստակ մտադրությունն ու հանձնառությունը՝ հավելելով, որ մյուս կողմից առավելապաշտական հռետորաբանությունն ու ապակառուցողական քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը:
16:23 - 30 հունվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության: Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:
17:28 - 29 հունվարի, 2024
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները համաձայնագիր են ստորագրել

Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջկառավարական նիստին իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ 2023թ. ընթացքում Վրաստանի հետ քաղաքական երկխոսության հետևողական ակտիվացումն ու խորացումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը և ապահովվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ փոխգործակցությունը. տարբեր հարթակներում կայացել են երկու նախարարների և գերատեսչությունների պաշտոնյաների հանդիպումներ, Երևանում անցկացվել են ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, ակտիվ աշխատանքներ են տարվել երկու երկրներում դեսպանությունների կողմից՝ նպատակ ունենալով երկու պետությունների միջև հարաբերություների բարձրացումը ռազմավարական մակարդակի՝ համաձայն ամռանը Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռքբերված պայմանավորվածության։ Արարատ Միրզոյանը նշել է, որ օրակարգում է գտնվում նաև Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը. ինչպես և քննարկվել է նախկինում, առաջարկվում է ակտիվացնել հանձնաժողովների համատեղ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև միջազգային կոմպետենտ մեխանիզմներից, և հարցն ամբողջությամբ կարգավորել բարիդրացիական մթնոլորտում։ Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն ավարտել է հանձնաժողովի ձևավորման աշխատանքները և պատրաստ է ամենասեղմ ժամկետներում մեկնարկել քննարկումները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում՝ այն համարելով տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մեր այս մտադրությունն արտացոլված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ նպատակ ունենալով այդ թվում մեր վրաց գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասը վերածել բոլոր տեսակի ենթակառուցվածքների խաչման տարածաշրջանի՝ առանցքում ունենալով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։ Պատահական չէ, որ հենց Վրաստանում՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետն առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացրել է մեր այս նախաձեռնությունը»: Նախարար Միրզոյանը հավելել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերություններում կարևոր դեր ունի ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը. Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների տարածումը, այդ թվում՝ ԵՄ հետ սերտ փոխգործակցության միջոցով, իր նպաստը կբերի տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման գործընթացին։
22:46 - 26 հունվարի, 2024
Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա
 |armeniasputnik.am|

Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:   Ավելի վաղ Միրզոյանը ռուս գործընկերներին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրությունը:   «Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երևանի կողմից»,- ասել Է Զախարովան։   Նրա խոսքով՝ այս ամենը վերաբերում է և՛ ՌԴ-ի հետ հարաբերություններին, և՛ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստին։   Զախարովան նշել է, որ հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր մասում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրումների: Նա չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, լրացուցիչ մեկնաբանություն հրապարակի այդ կապակցությամբ։
19:30 - 26 հունվարի, 2024