«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը
21:00 - 07 փետրվարի, 2024

«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։

Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք:

Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել