Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան

Հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով: Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև՝ ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը: Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Նա ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, որքան՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում՝ նշելով, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Նշվում է, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:
11:15 - 26 հոկտեմբերի, 2021
Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը

Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ահազանգում է, որ կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: «Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:   Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:   Ուստի, հորդորում եմ    1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:   2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:   Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:   Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:   3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:   4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:   Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:  
20:01 - 25 հոկտեմբերի, 2021
Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ

Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, հոկտեմբերի 22-ին անցկացրել է հեռավար խորհրդակցություն` նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին:ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ: Արտակ Բեգլարյանը լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել է ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով: Պետական նախարարն ընդգծել է նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը: Արտակ Բեգլարյանը նշել է, որ «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և հանձնարարել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն:
17:53 - 22 հոկտեմբերի, 2021
Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախի պետնախարար Արտակ Բեգրալյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․«Հարգելի՛ հայրենակիցներ,Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «Արցախի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը սահմանելու մասին»: Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1–ը:2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:Առողջություն ու զգոնություն բոլորիս»:
20:45 - 12 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության ղեկավարությանը

Արտակ Բեգլարյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության ղեկավարությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ Արտակ Բեգլարյանը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով, այլև հաճախակի այցելություններով: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ այս այցը նշանավորվում է կրթության համակարգի հետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով: Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական: Պետական նախարար Ա. Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով մի շարք դպրոցների ցուցաբերված աջակցության համար, անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին:  
15:40 - 19 օգոստոսի, 2021
Արտակ Բեգլարյանն, Արցախի ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազն այցելել են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր

Արտակ Բեգլարյանն, Արցախի ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազն այցելել են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարների ուղեկցությամբ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին:  Արտակ Բեգլարյանը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, մանրամասնել մի շարք ոլորտներում պետական քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները:  Պետական նախարարն իր խոսքում կարևորել է համայնքային կյանքի ու նախաձեռնողականության նշանակությունը բարձրացված հիմնախնդիրների լուծման գործում: Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ այս անգամ հանդիպումները տեղի են ունենում մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ մարմինների հետ համագործակցության միջոցով բարձրացնել որոշ հիմնախնդիրների լուծման արդյունավետության մակարդակը:
12:15 - 16 օգոստոսի, 2021
Արտակ Բեգլարյանը բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

Արտակ Բեգլարյանը բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը: Պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող մեր հայրենակիցների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ: «Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
20:40 - 10 օգոստոսի, 2021
ԱՀ պետնախարար Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում

ԱՀ պետնախարար Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու կառավարության ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին: Բնակիչների հարցերը հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, բնակարանային շինարարությանը, պետական աջակցության ծրագրերի առանձին դրույթների: «Տեղերում անմիջական շփումները բնակիչների հետ ճշգրիտ տեղեկատվություն են ապահովում և ուղղակիորեն ազդում կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, որի միակ հասցեատերը այդ նույն բնակիչն է, նրա ֆիզիկապես, հոգեպես անվտանգ ու սոցիալապես ապահով ապագան: Հանրապետության իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են նախաձեռնողականություն ու սրտացավություն պետական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում՝ նպատակ ունենալով արդյունավետ ու ներառական կերպով լուծել հանրային ու անհատական հիմնախնդիրները»,- նշել է պետնախարարը: Ըստ աղբյուրի՝ Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցի շրջանակներում Վերին Հոռաթաղում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացմանը, որը 5-րդն է ընթացիկ տարում: Նա կարևորել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի ընդլայնումը՝ շեշտադրելով կառավարության պատրաստակամությունը նպաստելու նմանօրինակ կրթական ծրագրերի կյանքի կոչմանը: «Պետական նախարարը այցելել է նաև Գետավանի տեղամասային հիվանդանոց, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, լսել հիվանդանոցի հետագա գործունեությանն ու առկա պայմանների բարելավմանն առնչվող առաջարկները: Պետնախարարն ընդգծել է, որ մշակվում են ծրագրեր տեղամասային հիվանդանոցների կարողությունները և քաղաքացիների բուժսպասարկման մատչելիության մակարդակը նշանակալիորեն բարելավելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Արտակ Բեգլարյանի հաջորդ կանգառը Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում էր, որտեղ լայն թափով բնակարանաշինական ու ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում: Պետական նախարարի հագեցած աշխատանքային օրվա ավարտը Վաղուհասում էր: Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել ու գիշերել է Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում, որտեղ և անմիջական մթնոլորտում նա հաղորդակից է դարձել գյուղի և գյուղացու առօրյային ու հիմնախնդիրներին:  
21:52 - 29 հուլիսի, 2021
Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան

Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Մասնավորապես՝ 1. Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու: 2. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբուտներ և դրանք զարգացնելու ու ամրապնդելու անկոտրում կամք: Իսկ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ, և հետևողական պայքարով հասնելու ենք մեր անկախության միջազգային ճանաչմանը: 3. Ստախոսության հերթական դրսևորում էր նաև այն պնդումը, որ Արցախում այժմ 25,000 բնակիչ կա,դա այն դեպքում, երբ շուրջ 115,000-120,000 մարդ է բնակվում Արցախում: Այստեղ հետաքրքրական է նրա պնդման համատեքստը, քանի որ դրա միջոցով նա խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից, և փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականությունը: 4. Նա կրկին կեղծում է պատմությունը՝ արդարացիորեն նշելով, որ ԼՂԻՄ-ը արհեստական միավորում էր, բայց դա ներկայացնում է որպես Ադրբեջանի դեմ քայլ՝ անտեսելով այն փաստը, որ իրականում հենց հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել Արցախը Ադրբեջանին բռնակցելիս: Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացվել են խորհրդային առաջին տարիներին՝ ամբողջությամբ հայաբնակ Արցախի բնակչության կամքին հակառակ: Հետևաբար, տեղին չէ հակամարտությունը դիտարկել 1988 թվականից ի վեր, և պետք է ընդունել իրավական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցվել է Ադրբեջանին, այլ նաև այդ ժամանակ ու մինչև ԽՍՀՄ փլուզումը արհեստականորեն ու մեծապես կրճատվել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թվում՝ 1928թ. ԼՂԻՄ-ը կտրվել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականորեն փոխվել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն: Փաստորեն, ԼՂԻՄ-ի ձևավորմանն անդրադառնալով՝ ստացվում է, որ Ալիևն ընդունում է հակամարտության կարգավորման գործում դրա հիմքերը (ներառյալ՝ սահմանային ու ժողովրդագրական պատկերը) հաշվի առնելու անհրաժեշտությունը: 5. Եթե հայերը Արցախում եկվորներ են 19-րդ դարի սկզբից, ապա ու՞մ հետ էին պատերազմում զավթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18-րդ դարի կեսերին, ովքե՞ր են ջարդել օսմանյան զորքերին Արցախում 18-րդ դարի սկզբին, ի՞նչ լեզվով են գրված Գանձասարի ու Դադիվանքի միջնադարյան արձանագրությունները, արդյո՞ք կաշառված էին անտիկ ու միջնադարյան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս, և այլն, և այլն: Հ.Գ. Լուսանկարը՝ հունիսմեկյան մի միջոցառումից՝ առաջնագծին մերձակա բնակավայրերի մի խումբ մանուկներ՝ Արցախի հավերժության առհավատչյան»:
12:08 - 26 հուլիսի, 2021
Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից նրանք այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան |tert.am|

Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից նրանք այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թշնամին Արցախի ճանապարհներից տիրակալի պահվածքով է օգտվում։ «Բավականին աշխատանքներ տարվել են և տարվում են, որոնք չեն էլ երևում։ Իհարկե, այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են երաշխավորում, և խոշոր առումով մենք տեսել ենք, որ անվտանգությունն ապահովված է․ իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ, գործողություններ են եղել»,-ասաց Արցախի պետնախարարը։ Նա նշեց՝ ինքն իր ընտանիքով մնալու է Արցախում և իրենց կախված առավելագույնը կատարելու է, որ բոլորի ապագան Արցախում լուսավոր լինի։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե զինվորականներն անընդհատ հետ քաշվելու, նահանջի հրաման են ստացել, Բեգլարյանն արձագանքեց, թե դա ամբողջությամբ իրավապահների ուսումնասիրության հարց է․ «Ես էլ նույն հարցերն ունեմ, բայց իմ հորդորն է, որ ամեն առասպելի, զրույցի չհավատանք, քանի դեռ դրանք հիմնավորված չեն, և առավել ևս դրանք չընդհանրականացնենք։ Եթե 4-5 տեղ նահանջի հրաման է տրվել, չի նշանակում, որ բոլոր տեղերում նահանջի հրաման է տրվել»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պետք է մնային Արցախի վերահսկողության տակ, բայց հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց այդ գյուղերը՝ զոհերով ու գերիներով, անցել են թշնամուն,  Բեգլարյանն ասաց, թե դա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է։ «Ես էլ շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ, և որոշ դեպքերում ես էլ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով, և դրանցով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը Արցախում, բայց ես չեմ կարող ասել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, պետք է պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են եղել բանակցություններում, պատասխան տան։ Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է փաստացի մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել»,-ասաց նա։
12:39 - 01 հուլիսի, 2021
Չեմ կարծում՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով է սահմանափակվելու․ վստահաբար Արցախի իշխանությունները, ժողովուրդը չեն ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ․ Ա․ Բեգլարյան

Չեմ կարծում՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով է սահմանափակվելու․ վստահաբար Արցախի իշխանությունները, ժողովուրդը չեն ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ․ Ա․ Բեգլարյան

Այո, ես վստահաբար ասում եմ, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունելու որևէ նմանատիպ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Իհարկե, մեր պայմանները շատ ավելի ծանր, դժվար են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու․ մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գոնե փաստարկների առումով դա ընկալելի է միջազգային հանրությանը։ «Հակամարտության կարգավորման 3 հիմնական սկզբունքներից 2-ը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով, մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը և Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։ Մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք, իհարկե, պետք է ՀՀ-ն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում արդեն որոշակի դրական առաջընթաց լինելուն է այս մասով»,-ասաց Բեգլարյանը։ Անդրադառնալով հարցերին, թե 4,5 տարի հետո ինչ է լինելու, երբ ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետն ավարտվի, Բեգլարյանը նշեց, թե կարծում է, որ նրանց ներկայությունը 5 տարով չի սահմանափակելու։ «Ես համոզված եմ, որ մենք այստեղ երկար ժամանակ ունենալու ենք ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը, իհարկե՝ մեր ՊԲ-ն, Զինված ուժերն իրենց մասով երաշխավորում են և ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու, բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,-ասաց Արցախի պետնախարարը։
11:40 - 01 հուլիսի, 2021
Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել իր ու հանրահավաքի մասնակիցների միջև

Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել իր ու հանրահավաքի մասնակիցների միջև

«Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պարզաբանելով, թե ինչ է տեղի ունեցել երեկվա հանրահավաքի ժամանակ իր ու քաղաքացիների միջև: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ: Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց: Հ.Գ. Ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում եմ ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Ինչպես միշտ, ես լիովին պատրաստ եմ իմ կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում»:
10:09 - 23 հունիսի, 2021
Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահի պաշտոնից, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ Նախագահի խոսքով՝ այս փուլում խնդիրներն ու անելիքները շատ են, և Կարեն Շահրամանյանը կշարունակի իրականացնել իր լիազորությունները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:  
12:01 - 10 հունիսի, 2021
Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել

Արտակ Բեգլարյանը Գարեգին Բ-ի հետ մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել

Արտակ Բեգլարյանը մարդասիրական ծրագրերի շուրջ քննարկում է ունեցել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։ «Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:  Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու:  «Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն զորակցելու հավատավոր ժողովրդին: Նա շեշտադրել է, որ Հայ առաքելական եկեղեցին զորավիգ է արցախահայության պայքարին և՛ հոգևոր, և՛ մարդասիրական աջակցության միջոցներով: Կողմերը քննարկել են Արցախում իրագործվող մի շարք մարդասիրական ծրագրեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության եզրերը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով համազգային նշանակության որոշ հարցերի՝ երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:
13:13 - 06 հունիսի, 2021
Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծման շուրջ

Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծման շուրջ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին: Ընդլայնված կազմով  անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները և մի շարք այլ սկզբունքային պայմաններ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ բնակարանային խնդիրները համալիր ու համակարգային կերպով լուծելու հարցը կառավարության առաջնահերթությունների թվում է, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ավելի վաղ: Մասնավորապես, տարբեր գերատեսչություններ իրականացնում են համապատասխան ենթածրագրեր, ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի ու բնակավայրերի կառուցման, բնակելի տների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման, բնակվարձերի փոխհատուցման և պետական աջակցության այլ ծրագրեր: «Հնարավորինս արագ պետք է մշակվի պատերազմական գործողություններով պայմանավորված խոցելի դարձած ընտանիքների՝ զոհվածների, անհայտ կորածների, առաջին կարգի հաշմանդամների, տեղահանված ընտանիքների  բնակարանային ապահովվածության ծրագիրը՝ առաջիկա օրերին այն վերջնական նախագծի տեսքով ներկայացնելու գործադիրի հաստատմանը: Այդ ծրագիրը լինելու է հետագա գործընթացների հստակեցման ու արդյունավետ իրականացման համար հիմնարար փաստաթուղթը»,- նշել է Արտակ Բեգլարյանը: Պետական նախարարը շեշտել է, որ զուգահեռաբար իրականացվելու են սոցիալական մնացած խմբերին պատկանող քաղաքացիների բնակարանային պայմանների ապահովման ու բարելավման ծրագրերը, որոնց մասով պետությունը պարտավորություններ ունի այլ գործող ծրագրերի շրջանակներում: Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Պետական նախարարը վերջում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ ու արագ ապահովման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուներ և ներկայացուցիչներ, Ստեփանակերտի քաղաքապետը:
22:10 - 04 հունիսի, 2021