Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից նրանք այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան |tert.am|
12:39 - 01 հուլիսի, 2021

Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից նրանք այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թշնամին Արցախի ճանապարհներից տիրակալի պահվածքով է օգտվում։

«Բավականին աշխատանքներ տարվել են և տարվում են, որոնք չեն էլ երևում։ Իհարկե, այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են երաշխավորում, և խոշոր առումով մենք տեսել ենք, որ անվտանգությունն ապահովված է․ իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ, գործողություններ են եղել»,-ասաց Արցախի պետնախարարը։

Նա նշեց՝ ինքն իր ընտանիքով մնալու է Արցախում և իրենց կախված առավելագույնը կատարելու է, որ բոլորի ապագան Արցախում լուսավոր լինի։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե զինվորականներն անընդհատ հետ քաշվելու, նահանջի հրաման են ստացել, Բեգլարյանն արձագանքեց, թե դա ամբողջությամբ իրավապահների ուսումնասիրության հարց է․ «Ես էլ նույն հարցերն ունեմ, բայց իմ հորդորն է, որ ամեն առասպելի, զրույցի չհավատանք, քանի դեռ դրանք հիմնավորված չեն, և առավել ևս դրանք չընդհանրականացնենք։ Եթե 4-5 տեղ նահանջի հրաման է տրվել, չի նշանակում, որ բոլոր տեղերում նահանջի հրաման է տրվել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պետք է մնային Արցախի վերահսկողության տակ, բայց հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց այդ գյուղերը՝ զոհերով ու գերիներով, անցել են թշնամուն,  Բեգլարյանն ասաց, թե դա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է։

«Ես էլ շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ, և որոշ դեպքերում ես էլ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով, և դրանցով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը Արցախում, բայց ես չեմ կարող ասել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, պետք է պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են եղել բանակցություններում, պատասխան տան։ Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է փաստացի մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել