Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել իր ու հանրահավաքի մասնակիցների միջև
10:09 - 23 հունիսի, 2021

Արտակ Բեգլարյանը պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել իր ու հանրահավաքի մասնակիցների միջև

«Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով»:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պարզաբանելով, թե ինչ է տեղի ունեցել երեկվա հանրահավաքի ժամանակ իր ու քաղաքացիների միջև: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ:

Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է:
Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց:
Հ.Գ. Ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում եմ ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Ինչպես միշտ, ես լիովին պատրաստ եմ իմ կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել