ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչևը: Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնևյան կոնվենցիայի և միջազգային օրենքի պաշտպանության տակ են և դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ: «Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը: Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:
15:03 - 20 մայիսի, 2021
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 9-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի Հանրապետության դեմ` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:04 - 18 մայիսի, 2021
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռով խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումը

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռով խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ-ն: Հղում կատարելով մի կողմից խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի juscogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել էր Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի կոլեգիան 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը։
20:48 - 13 մայիսի, 2021
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները


 |armenpress.am|

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը: Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ, գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին: «Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել՝ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով կարծիքը, որ իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է առաջացրել, դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման, այդ թվում ՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելուն, և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ 2021-ի մարտի 9-ին Պալատը, որին հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, կողմերին տեղեկացրել է, որ գործը կքննի Մեծ պալատը:
19:46 - 12 մայիսի, 2021
Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները, իր Ֆեյսբուքի էջում գրել է Արտակ Զեյնալյանը։ «Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը. Քաղաքացիական անձինք`1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան Զինծառայողներ`13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան»,- նշել է նա։
16:28 - 03 մայիսի, 2021
Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշացումով կատարման կանխարգելում, դատաքննության ժամկետների կրճատմանն ուղղված միջոցառումների մշակում: Ծրագիրը միտված է նաև օժանդակելու Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակելու հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ-ի 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։ Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա կարևորել է այս միջոցառումը ՀՀ վերաբերյալ հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտուﬓեր արձանագրող վճիռների կատարման առկա վիճակի և հիﬓական մարտահրավերների վերաբերյալ համապարփակ ելույթներով են հանդես եկել գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանը։ Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողﬕց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի աշխատանքային պլանը և մեթոդները։ Ծրագրի շահառուներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Վճռաբեկ դատարանը։
20:44 - 09 ապրիլի, 2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:    Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:    Հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:   «Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:   Բացարձակ դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Նրանք դրանով կրկնակի տառապանքներ են պատճառում անհայտ կորած անձանց ընտանիքներին, քանի որ նրանց համար առավել ևս անորոշ է դառնում վիճակը և սա էլ այն ֆոնին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոչընդոտում են մարմինների որոնողական և հայտնաբերման աշխատանքները:   Այս հարցերի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քաղաքականության համատեքստում:   Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին աջակցելու հարց:    Այս ամենի հետ միասին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ՀՀ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել համակարգված, ինչպես նաև ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու համար որևէ լարվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:08 - 09 ապրիլի, 2021
Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար բրիտանական «Մեդիա Դիֆենս»-ը դիմում է ներկայացրեց ՄԻԵԴ. Շուշան Դոյդոյան

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար բրիտանական «Մեդիա Դիֆենս»-ը դիմում է ներկայացրեց ՄԻԵԴ. Շուշան Դոյդոյան

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը այսօր դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Ադրբեջանի, հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ «Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողները Սևակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով», - նշել է Դոյդոյանը իր ֆեյսբուքյան էջում։ Դիմողներին ՄԻԵԴ-ում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։    
21:53 - 26 մարտի, 2021
ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ. երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը, 2020 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում  եւ ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում: Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք  գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում: 39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին: Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել  հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության  ենթարկելու, ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ: 2021 թվականի փետրվարի 19-ին Սեկցիայի նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ: Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները և տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն: Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020 թվականի դեկտեմբերին վերադարձվել են։ Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը: Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:
19:40 - 17 մարտի, 2021
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: «Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և, հետևաբար, այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին»,- ասված է հայտարարության մեջ։
12:21 - 13 մարտի, 2021
Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարթակում երաշխավորված չէ․ Սիրանուշ Սահակյան |hetq.am|

Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարթակում երաշխավորված չէ․ Սիրանուշ Սահակյան |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Հետպատերազմական շրջանում ռազմագերիներին վերադարձնելու համար աշխատանքներ են իրականացնում Հայաստանի Օմբուդսմենը և սակավաթիվ իրավապաշտպաններ: Միաժամանակ, ՀՀ վարչապետի որոշումով դեկտեմբերի սկզբին ստեղծվել է գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանրությունը նրա գործունեության մասին քիչ է տեղեկացված:   Կարծում եմ, ի սկզբանե ծանրաբեռնվածության մեծ մասը պետք է կրեր  միջգերատեսչական հանձնաժողովը, բայց փաստացի, մենք ևս չենք նկատել նրանց գոյությունը: Հանձնաժողովը քանի որ պաշտպանության նախարարության (ՊՆ) շրջանակներում է գործում, տեղեկատվության հասանելիության առումով պետք է անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենար, բայց, որքան մեզ հայտնի է, ուղղակի որոշակի տեղեկատվական բազա են հավաքել: Ընդ որում, սկզբնաղբյուրը մեծապես եղել է այլ կառույցների գործունեությունը: Այն տեղեկատվությունը, որը ստացել են ՊՆ-ի խողովակներով, արտաքին հարաբերություններում օգտագործելի չէ, որովհետև այդ գործունեության հետևում լուրջ ուսումնասիրություններ չեն եղել: Ես գիտեմ, որ հանձնաժողովը որոշակի հանդիպումներ իրականացնում է պետական մարմինների հետ, բայց դրանց արդյունքում ի՞նչ պատկեր ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում, ի՞նչ հարցեր են քննարկվում, ի՞նչ քայլեր են իրականացվում, և դրանք ինչպե՞ս են ազդում իրավական և քաղաքական գործընթացների վրա, ուղղակի զրո տեղեկացվածություն ունենք: Միգուցե նաև ոչ թափանցիկ գործունեությունն է պատճառը, համենայնդեպս, որևէ նկատելի աշխատանք այդ գերատեսչության կողմից չի եղել։ Երբ ռազմագերիներին վերադարձնելու հարցում պետության ներսում միասնական մոտեցում չկա կառավարության և այդ հարցով զբաղվող այլ ինստիտուտների միջև, մեկը մյուսից իրազեկված չեն և միմյանցից անջատ են գործում, հնարավո՞ր է հաջողության հասնել: Աշխատանքը համակարգելու բաց կա, և այն որոշակի խնդիրներ է առաջ բերելու: Մենք նման անհամապատասխանություն տեսնում ենք արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի դիրքորոշումների մեջ։ Որոշ կառույցներ հայտարարում էին, որ այս տվյալները պետք է փակ պահվեն, որովհետև դրանց բաց լինելը վնասում է գործընթացին: Մինչդեռ քաղաքական ճնշման ձգտող կառույցները փորձում են ավելի հրապարակային խոսել դեպքերի մասին ու դրանով ակնկալել միջազգային կառույցների ներգրավվածությունը: Եթե դու թվեր, անձեր չես ներկայացնում, դժվար է միջազգային կառույցներին համոզել, որ խնդիր կա, և նրանք պետք է ներգրավվեն։ Այստեղ կար դիրքորոշումների տարբերություն, որը նաև ոչ պետական անձանց կամ կազմակերպություններին հնարավորություն չէր տալիս հետևողական գծի մեջ լինել։ Մենք աշխատում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ, որովհետև չենք կարող ՄԻԵԴ տարվող գանգատների կրկնություն թույլ տալ: Այս տեսանկյունից իրավական հարթակում համակարգումն ապահովում ենք, որպեսզի մեր շահերը չվնասվեն, բայց նույնը չենք կարող ասել քաղաքական կառույցների կամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ տարվող աշխատանքների մասին: Համոզված չենք, թե հետևողական գիծ կա որդեգրված, որ կարողանում են ճիշտ ձևով համակարգել այդ գործողությունները և ուղենիշներ տալ։ Ձեր կարծիքով, ռազմագերիներին և գերիներին վերադարձնելու հարցում Հայաստանն ինչո՞ւ չունի միջազգային կառույցների ակտիվ աջակցությունը: Օմբուդսմենը մեծ աշխատանք է կատարում եվրոպական տարբեր կառույցներում՝ տարբեր ամբիոններից հնչեցնելով, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը: Առաջին պատճառը քաղաքական գործոնն եմ համարում, քանի որ միջազգային գործընկերները տեսան ռուսական կողմի միջնորդությամբ հարցերի լուծում, որոնք շատ ցավոտ էին հայկական կողմի համար, բայց հայկական կողմը գնաց դրան: Կարծես թե, համաձայնություն ձեռք բերվեց՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման գործընթաց կազմակերպելու հարցում: Վերջիններս ապավինեցին, որ այս ձևաչափը, եթե քաղաքական զգայուն հարցերում կենսունակ է եղել, պետք է որ կարողանա լուծել դրանից ածանցվող մարդասիրական խնդիրները։ Իսկ մարդասիրական խնդիրների լուծումը չունի բարդության այն աստիճանը, ինչ քաղաքականը: Հետաքրքրական է, որ հայկական կողմն առաջինն ինքն էր փոխզիջումների գնում, և հետո առանց այս մարդասիրական հարցը լուծելու շարունակում էր զիջումների գնալ և բանակցություններ վարել այդ հարթակում։ Այս պայմաններում չեմ կարծում, որ միջազգային կառույցները, իրենց հեղինակությունը կասկածի տակ դնելով, փորձեն ինքնուրույն ներգրավվածություն ունենալ այդ պրոցեսներում, երբ տեսնում են, որ մեկ այլ պետության հեղինակությամբ հարցեր են լուծվում։ Երկրորդը՝ հարցը քաղաքականացվեց հենց այդ բանակցությունների արդյունքում, ռազմագերիների վերադարձի հարցը թաքուն կերպով կապվեց քաղաքական օրակարգի խնդիրների հետ: Հայաստանի իշխանությունն ընդունեց, որ բանակցությունների ընթացքում ռազմագերիների հարցում չկարողացան դրական տեղաշարժ արձանագրել, սկսեցին խոսել սակարկությունների մասին: Դա վկայում է, որ իրենք էլ են ընդունել խաղի այդ կանոնները, որ ռազմագերիների հարցը կարող է փոխկապվածություն ունենալ քաղաքական օրակարգի հարցերին։ Դրա հակազդեցությունն այն պետք է լիներ, որ մեծ աղմուկ բարձրացնեին և Ադրբեջանին մեղադրեին պատերազմական հանցագործություն կատարելու մեջ, քանի որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը ևս համարվում է պատերազմական հանցագործություն: Մինչդեռ, ոչ թե ներգրավեցին միջազգային կառույցներին, որ դատապարտեն այս գործողությունները, այլ շարունակեցին այդ քաղաքական հարթակում ասել, որ մենք ձախողում չունենք, աշխատում ենք, վստահություն է ձևավորվում և այլն: Հիմա էլ չեն ասում, որ այդ հարցը այս հարթակում չի կարող բանակցությունների առարկա լինել, այլ շարունակաբար այդ հարթակում դեռևս բանակցություններ են վարում: Հարցի գերքաղաքականացումը, խաղի կանոնների ընդունումը, իմ կարծիքով, երկրորդ պատճառն է: Եվ երրորդը՝ մենք դիվանագիտական ոլորտում չկարողացանք ժամանակին ճիշտ տեղեկատվություն մատուցել այն կառույցներին, ովքեր կապահովեին արագ արձագանք: Տեղեկատվության հավաքագրումը, մշակումը շատ դանդաղ էր տեղի ունենում, որը կապված էր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների անարդյունավետության հետ: Իրական խնդիրները նոր ենք հասանելի դարձնում միջազգային հանրությանը, և այս առումով կա որոշակի արձագանք: Ես կանխատեսում ունեմ, որ այդ արձագանքը կկոշտանա, ավելի կինտեսիվանա: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։ Ստացվում է, որ իշխանությունները քաղաքական դաշտում Ռուսաստանի Դաշնության հետ են հարցի լուծումը պատկերացնում, Օմբուդսմենը միջազգային կառույցներին է ապավինում, իսկ իրավապաշտպանները ՄԻԵԴ-ի միջոցով են ուզում հաջողության հասնել։ Ես ճիշտ եմ համարում բազմազանեցումը (դիվերսիֆիկացումը), որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ներգրավված է քաղաքական պրոցեսներում և, եթե այդ պրոցեսում խնդիրը չի լուծվում, հայտնվում ենք փակուղում։ Քաղաքական պրոցեսներով հարցի լուծումը մեծապես կախված է պետության դիրքավորումից և իր ձեռքի տակ եղած լծակներից։ Եթե հայկական կողմը սթափ գնահատեր իրավիճակը և գիտակցեր, որ Ադրբեջանի համար ամենացանկալին երկու դիվերսանտներն էին, որոնց վերադարձնելու համար պատերազմին նախորդող տարիներին Ադրբեջանը մեծ ռեսուրս էր գործադրել, իրենք այդ բանակցային ուժը պետք է պահեին հայկական կողմի ձեռքերում: Դիվերսանտներին հանձնեին, երբ վերադարձել էր վերջին հայը կամ, առնվազն, երբ Ադրբեջանը կբացահայտեր գերիների ամբողջ ցուցակը, հրապարակային կհայտարարեր, որ Ադրբեջանում պահվում են այսքան գերեվարված անձինք, որոնք գերու կամ ռազմագերու կարգավիճակ ունեն: Այս ձևով գոնե մեծ պաշտպանություն կտայինք այդ անձանց։ Հիմա հայկական կողմը հանձնեց բոլորին և դրա դիմաց ստացավ գերիների շատ փոքր քանակ, չկարողացավ նաև երաշխավորված, պաշտոնականացված տեղեկատվություն ստանալ։ Ինձ թվում է, որ բանակցությունների ժամանակ, երբ հայկական կողմը ճիշտ չի գնահատել և նվազեցրել է իր դիրքավորումը, իսկ Ռուսաստանն առնվազն պետք է չեզոք լինի, չէինք կարող ակնկալել, որ երաշխավորված է խնդրի լուծումը քաղաքական հարթակում: Այդ հարթակում մեր պարտության հավանականությունը հիմա շատ ավելի մեծ է՝ կապված մեր թույլ բանակցային հիմքով։ Դրա համար ես շատ գրագետ եմ համարում, որ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների հետ պարբերաբար մեծ աշխատանք է տարել Օմբուդսմենը, և սա մեզ համար քաղաքական հարթակի բազմազանեցման այլընտրանքն է, որը եթե չստեղծենք, հայտնվելու ենք փակուղում, և այս գործընթացը կարող է տարիներ տևել։ Ինչպես նշեցիք, ռազմագերիների վերադարձը ձգձգելը պատերազմական հանցագործություն է համարվում և պետք է որ խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար: Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում և քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը: Այս քաղաքական օրակարգում զգայուն հարցեր կան, ընդհուպ հայկական զորքերի դուրսբերում Արցախի տարածքից, Կարմիր շուկայի ճանապարհի տրամադրում, որի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ Մարտունու տեսանկյունից բոլորովին այլ իրողություն է ստեղծվելու հայկական կողմի համար, նաև անկլավային խնդիրն ենք տեսնում այստեղ: Թեպետ չի բարձրաձայնվում, բայց այս գործընթացների հետևում, փաստացի, սահմանագծման աշխատանքներ են տարվում: Հասկանալի է, որ այս փուլերում, որքան էլ որ նախապես ստորագրված փաստաթղթեր կան, հայկական կողմը կարող է շեղել իր դիրքորոշումները կամ նույնքան պատրաստակամ չգտնվել զիջումների հարցում: Եվ որպես հնարավոր լծակ պահում են էմոցիոնալություն ունեցող այս զենքը, որն ինչ-որ իրավիճակում կարող են օգտագործել: Նշեմ, որ դա կարող է երկու իշխանությունների համար էլ ձեռնտու լինել, ընդ որում՝ փոխպայմանավորվածության արդյունք լինել: Եթե զիջումների գնալու ներքին տրամադրվածություն կա, բայց չկա անհրաժեշտ հանրային աջակցությունը, մարդկային տառապանքներն էսկալացնելով հետագայում կարող են այդ հանրային աջակցությունն ստանալ, որպեսզի բանակցություններում զիջումներ կատարելիս ավելի բարեհաջող դիրքում գտնվեն: Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։
20:26 - 12 մարտի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ինչպես տեղեկացրին ներկայացուցչի գրասենյակից, դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերզված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեսպան Միխայիլ Բանցհաֆին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը և նշել, որ պատերազմից ի վեր այդ անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք էլ բավարարվել են ՄԻԵԴ-ի կողմից: Կարևորվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկման հանգամանքը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին քննարկում: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Դեսպան Միխայել Բանցհաֆն առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում:
16:05 - 10 մարտի, 2021
Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

tert.am: Ուկրաինան Ռուսաստանի դեմ միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հակառակորդների «նպատակային սպանությունների» մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մամուլի հաղորդագրությանը:Վերաքննիչ բողոքն ուղարկվել է փետրվարի 19-ին: Դիմումատուները հայցի վերաբերյալ ոչ մի ապացույց չեն ներկայացրել: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են կյանքի իրավունքի «նյութական և ընթացակարգային խախտման» մասին, որը ներառված է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածում:Բողոքը վերաբերում է վարչական գործընթացին, որը Մոսկվան ենթադրաբար օգտագործում է պետության կողմից հաստատված «հատուկ գործողությունների» համար: Նման գործողությունները, ըստ Կիևի, ներառում են հակառակորդների «նպատակային սպանություններ», այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» բողոքը դատարան է ներկայացվել է 2014 թվականի մարտին: Դրանում Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանն «արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում, որը հանգեցրել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի բազմաթիվ խախտումների»: Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել 12 հոդվածներով, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններ, լրագրողների կալանավորումներ և ահաբեկումներ, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականություն և քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ:Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով ժամանակավոր վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է, որ «Ռուսաստանը պատասխանատվություն է վարչական գործընթացի առնչությամբ՝ Ղրիմում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումների վերբերյալ:Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ասել է, որ այս որոշմամբ Ստրասբուրգի դատարանը 2014 թվականի փետրվարի 27-ից ճանաչել է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը:
18:13 - 23 փետրվարի, 2021
ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36606/08) գանգատի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Սույն գործով դիմումատուն եթադրաբար իրեն սեփականության իրավունքով  պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին: Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին,դիմումատուին սեփականության  իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի: Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի:
16:15 - 19 փետրվարի, 2021