ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|
15:03 - 20 մայիսի, 2021

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը:

«Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչևը:

Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնևյան կոնվենցիայի և միջազգային օրենքի պաշտպանության տակ են և դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ:

«Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը:

Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել