Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Մեր նպատակը Հայաստանում ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն է. Չոբանյան |armenpress.am|

Մեր նպատակը Հայաստանում ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն է. Չոբանյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակն է: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «2020-ին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ինչը  նշանակում է, որ նախարարության կողմից պատվիրվել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ մեր ոլորտի կազմակերպություններին: Դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում առաջացած խիստ պահանջարկով»,- ասաց Չոբանյանը: Պետությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ, այս երկու ոլորտներն առանձնացված չեն, միահյուսված են: Նրա խոսքով՝ ձեռնարկությունները ևս պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության տեսանկյունից: «Պատվերները կամ կոնկրետ ծրագրերը կարող են լինել ռազմարդյունաբերական, բայց ձեռնարկությունները կարող են չլինել ռազմարդյունաբերական: Եվ մեր նպատակն է, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք այս տարիների ընթացքում մասնագիտացված են եղել ռազմարդյունաբերության ոլորտում, ներգրավվեն նաև ընդհանրապես բարձր տեխնոլոգիական պատվերների ներքո, որը կբարելավի նաև իրենց տնտեսական վիճակը: Մեր նպատակն է, որ ռազմարդյունաբերական կարողությունները ՀՀ-ում բարձրանան»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Դա ներառում է 3 բաղադրիչ, առաջին բաղադրիչը գիտելիքն է, երկրորդը՝ տեխնոլոգիաները, երրորդը՝ պատվերները: Նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ ձեռնարկությունները այդ 3-րդ բաղադրիչը դիտարկում են ոչ միայն ՀՀ զինված ուժերի պատվերների շրջանակում, այլև ընդհանրապես՝ այդ թվում արտահանման շրջանակներում: Չոբանյանը կարծում է, որ պետք է առավելագույն ջանքեր դնել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման մեջ, որն իր հետևից պետք է բերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացում:
12:04 - 02 հունիսի, 2021
Հայկ Չոբանյանն Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ

Հայկ Չոբանյանն Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, նշել, որ  Ճապոնիայի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առանցքային նշանակություն ունի ԲՏԱՆ-ի համար, քանի որ Ճապոնիան տեխնոարդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունի աշխարհում։   «Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան դարավոր պատմություն և մշակութային ուրույն ավանդույթներ ունեցող երկրներ են։ Դեսպանը կարևորել է հատկապես տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության  ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը և երիտասարդների համար տարբեր ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով՝ մարդկանց միջև անմիջական շփումները հաճախ շատ ավելի մեծ արդյունք կարող են տալ, քան դիվանագիտական բազմաթիվ հանդիպում-քննարկումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը դեսպանին է ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մեր երկրի համար տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման կարևորությունը։ Նա նաև դեսպանին ներկայացրել է տեխնոարդյունաբերական քաղաք հիմնելու ծրագիրը։   Քննարկվել են տեխնոկրթության, տեխնոընկերությունների միջև գործակցային և փոստային կապի ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ընթացակարգով ձևավորել գործունեության օրակարգ՝ առավել մանրամասն քննարկելու համար համագործակցության ընդլայնման շրջանակները։ Հանդիպման ավարտին դեսպան Ֆուկուսիմա Մասանորին  նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին է հանձնել Ճապոնիայի կառավարության հրավերը՝ մասնակցելու Еxpo2025 միջազգային ցուցահանդեսին։
19:03 - 31 մայիսի, 2021
Հայկ Չոբանյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար: «Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև դրված խնդիրների իրականացման գործում։ Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է դրված: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։
22:45 - 24 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
Քննարկվել են հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության մի շարք հարցեր

Քննարկվել են հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԲՏԱ նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։    Հանդիպման նպատակն էր քննարկել բարձր տեխնոլոգիաների, նորարարական լուծումների, թվայնացման, ոլորտային արդյունաբերության, առաջավոր փորձի փոխանակման շուրջ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ  հարցեր, որոնք կներառվեն Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում։   Ողջունելով ղազախական պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հույս է հայտնել, որ արդյունավետ և ակտիվ քննարկման արդյունքում ըստ արժանվույնս կմշակվեն օրակարգային հարցերը:   Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են պարբերաբար համատեղ բիզնես-ֆորումներ անցկացնելու հնարավորությունները, որոնց շրջանակներում երկու երկրների ոլորտային կազմակերպությունները կկարողանան քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացման և նախագծերի մշակման հարցեր:   Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ղազախական պատվիրակության ներկայացուցիչներին՝ ոլորտում առաջատար դիրք գրավող հայկական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով:    Քննարկվել է նաև Ղազախստանի դպրոցականների և ուսանողների համար ՀԱՃԼ (ANEL)  ճարտարագիտական լաբորատորիաների  հայկական հարթակի ներդրման հնարավորությունը և մի շարք այլ առաջարկներ:
13:48 - 15 մայիսի, 2021
Հայկ Չոբանյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

Հայկ Չոբանյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել: Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում: Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ:
12:28 - 15 մայիսի, 2021
ԲՏԱ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

ԲՏԱ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 14-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությանը: Հայկ Չոբանյանը, ողջունելով Քուբադ Թալաբանիին, ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակը: Նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում: Իրաքի պատվիրակությանն են ներկայացվել նաև ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է երկու երկրների պատմական, աշխարհագրական և կրթական ընդհանրությունները: Փոխվարչապետը նշել է, որ քրդական կողմը հատկապես հետաքրքրված է թվային կառավարման և կիբերանվտանգության ոլորտներով: Հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները՝ փոխվարչապետ Քուբադ Թալաբանին բարձր է գնահատել հատկապես հայկական տեխնոլոգիական կրթության փորձը և ներկայացրել իրենց երկրի մոդելը: Իրաքյան Քուրդիստանում գործում է երեք տեխնոլոգիական համալսարան, և նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Այս պահին հուշագրի տեքստը գտնվում է մշակման փուլում: Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քուրդ գործընկերոջը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:
19:33 - 14 մայիսի, 2021
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայ ինժեներների մշակած 3D ակնոցը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայ ինժեներների մշակած 3D ակնոցը

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։ Հայ գիտնականների նոր սերունդն իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։ Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է «10X Ինժեներինգ» (10X Engineering)-ը։ Օգտագործելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում է ցավն ու սթրեսի աստիճանը։ Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։  Ցանկացած գաղափար ծնվում է, երբ առնչվում ես խնդրի հետ։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական խնդրի արդյունք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների նկատմամբ։ «Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանի որ հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև յուրաքանչյուր մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը, նախասիրությունները, տարբեր երևույթների նկատմամբ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը առաջնահերթ նպատակը   գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։ Պրոդուկտի ներդրումը՝ առաջին թեստավորումը, նախատեսվում  է 6 ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումն անցնելուց հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Հայաստանի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ 1000 եվրոյի սահմաններում կլինի։ Ստացած դրամաշնորհով  ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի լավագույն գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդվածով՝ գիտականորեն ապացուցելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ պրոդուկտներից։  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր և դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 967,871,345 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:11 - 03 մայիսի, 2021
Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ. Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին

Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ. Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։ Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10 տարի առաջ ասոցիացիան էր զբաղվում այն նույն խնդիրներով, ինչով հիմա մենք։ Եվ, եթե այսօր մենք հաջողություն ունենք՝ միայն ոլորտի  շնորհիվ է․ ոլորտը և՛ ռազմավարությունն է մշակել, և՛ այն իրականացրել, և՛ բիզնեսով է զբաղվել, և՛ արժեք է ստեղծել»,- ասել է Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամ են համագործակցելու, մեկ թիմում աշխատելու՝  բարձր նշաձող ապահովելու համար։   Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը Միության անունից շնորհավորել է Հայկ Չոբանյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել Միության գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերն ու հետագա նախաձեռնությունները։    Նշվել է, որ բավական աշխատանք է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունման հարցում, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի մշակման, Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում Լայնաշերտ ինտերնետի ռազմավարությունը մշակելու ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրերից նախարարին է ներկայացվել Երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ և ՀՊՏՀ – ի ուսանողների համար հեռահաղորդակցության ոլորտի մասնագիտացված դասընթացների անցկացումը, լայնաշերտ ինտերնետի քարտեզագրումը, ինտերնետ չունեցող բնակավայրերում հասանելիության ապահովումը։   Ներկայացված ծրագրերի շուրջ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում՝ դրանք առավել ընդգրկուն դարձնելու համար։    Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ Միության ներկայացուցիչների և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, քննարկել եղած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, գտնել լուծման օպտիմալ տարբերակներ՝ նշելով կատարման ողջամիտ ժամկետներ։   Նախարար Հայկ Չոբանյանը հատկապես կարևորել է  խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը. «Պետք է ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների վրա կենտրոնանալ։ Պետք է բերվի կոկրետ փաթեթ՝ լուծումներով և իրավական հիմնավորումներով»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ինքն անձամբ հետևողական է լինելու։    Նախարարն ընդգծել է, որ պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ․  նախաձեռնողականությունն այս հարցում առաջնային է։ 
20:20 - 23 ապրիլի, 2021
ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել:   Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում:   Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ: 
21:35 - 20 ապրիլի, 2021
ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:   Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:   ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ, և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է լինել այս բնագավառի զարգացման համար։   Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:   Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև e-tax, e-police ծառայությունների, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ:   Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ e-judiciary և e-visa ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:   Նախարար Հ․ Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում Նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշները:  
16:33 - 20 ապրիլի, 2021
Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»: Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր կազմել, հստակեցնել անելիքները և առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները: Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարևորագույն ծրագրի իրականացման գործընթացում: Վերջում նախարարները  շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին: «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: 
18:22 - 19 ապրիլի, 2021