Հայկ Չոբանյանն Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ
19:03 - 31 մայիսի, 2021

Հայկ Չոբանյանն Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, նշել, որ  Ճապոնիայի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առանցքային նշանակություն ունի ԲՏԱՆ-ի համար, քանի որ Ճապոնիան տեխնոարդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունի աշխարհում։  

«Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան դարավոր պատմություն և մշակութային ուրույն ավանդույթներ ունեցող երկրներ են։ Դեսպանը կարևորել է հատկապես տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության  ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը և երիտասարդների համար տարբեր ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով՝ մարդկանց միջև անմիջական շփումները հաճախ շատ ավելի մեծ արդյունք կարող են տալ, քան դիվանագիտական բազմաթիվ հանդիպում-քննարկումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը դեսպանին է ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մեր երկրի համար տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման կարևորությունը։ Նա նաև դեսպանին ներկայացրել է տեխնոարդյունաբերական քաղաք հիմնելու ծրագիրը։  

Քննարկվել են տեխնոկրթության, տեխնոընկերությունների միջև գործակցային և փոստային կապի ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ։

ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ընթացակարգով ձևավորել գործունեության օրակարգ՝ առավել մանրամասն քննարկելու համար համագործակցության ընդլայնման շրջանակները։

Հանդիպման ավարտին դեսպան Ֆուկուսիմա Մասանորին  նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին է հանձնել Ճապոնիայի կառավարության հրավերը՝ մասնակցելու Еxpo2025 միջազգային ցուցահանդեսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել