Մեր նպատակը Հայաստանում ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն է. Չոբանյան |armenpress.am|
12:04 - 02 հունիսի, 2021

Մեր նպատակը Հայաստանում ռազմարդյունաբերական կարողությունների բարձրացումն է. Չոբանյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակն է:

Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«2020-ին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ինչը  նշանակում է, որ նախարարության կողմից պատվիրվել է կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ մեր ոլորտի կազմակերպություններին: Դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում առաջացած խիստ պահանջարկով»,- ասաց Չոբանյանը:

Պետությունը ռազմարդյունաբերական ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ, այս երկու ոլորտներն առանձնացված չեն, միահյուսված են: Նրա խոսքով՝ ձեռնարկությունները ևս պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության տեսանկյունից: «Պատվերները կամ կոնկրետ ծրագրերը կարող են լինել ռազմարդյունաբերական, բայց ձեռնարկությունները կարող են չլինել ռազմարդյունաբերական: Եվ մեր նպատակն է, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք այս տարիների ընթացքում մասնագիտացված են եղել ռազմարդյունաբերության ոլորտում, ներգրավվեն նաև ընդհանրապես բարձր տեխնոլոգիական պատվերների ներքո, որը կբարելավի նաև իրենց տնտեսական վիճակը: Մեր նպատակն է, որ ռազմարդյունաբերական կարողությունները ՀՀ-ում բարձրանան»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Դա ներառում է 3 բաղադրիչ, առաջին բաղադրիչը գիտելիքն է, երկրորդը՝ տեխնոլոգիաները, երրորդը՝ պատվերները: Նախարարի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ ձեռնարկությունները այդ 3-րդ բաղադրիչը դիտարկում են ոչ միայն ՀՀ զինված ուժերի պատվերների շրջանակում, այլև ընդհանրապես՝ այդ թվում արտահանման շրջանակներում:

Չոբանյանը կարծում է, որ պետք է առավելագույն ջանքեր դնել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման մեջ, որն իր հետևից պետք է բերի նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել