Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը․ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան

Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը․ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։   «Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։   Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։   Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,- ասված է գրառման մեջ։
21:29 - 08 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին: «ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի  կոպիտ խախտում է: Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:  
23:30 - 07 մարտի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ,  այդ թվում`  անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությունը, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունն ու գործանականում տարբեր շահակիցների հետ քննարկումներով լուծումների գտնելու հարցերը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքի ուղղությունները:  «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:  Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:  Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախաշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի միջև առաջին շփումներ ու համագործակցություն: Նշվում է, որ հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել անձամբ Ֆրանսիայի դեսպանի և  դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
23:28 - 07 մարտի, 2022
Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Պատերազմից հետո Խրամորթ գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել են․ ՄԻՊ

Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդիպումները շարունակել է Գլխավոր դատախազությունում։ «Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում: Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին,  ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
00:29 - 06 մարտի, 2022
Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20 աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ «Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավել աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝  կառույցը 50 տոկոսից պակաս համալրում ունի այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։ « Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք և կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը և ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»,-եզրափակեց Գրիգորյանը։
15:23 - 03 մարտի, 2022
ՄԻՊ-ը ստացել է ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր, որ առնչվում են Ուկրաինայի իրավիճակի հետևանքով իրավունքների պաշտպանությանը

ՄԻՊ-ը ստացել է ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր, որ առնչվում են Ուկրաինայի իրավիճակի հետևանքով իրավունքների պաշտպանությանը

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր։   Պաշտպանի աշխատակազմն ըստ խնդիրների, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ խորհրդատվության տրամադրում և հստակ խնդրի հասցեագրում արտաքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանում կամ համապատասխան հյուպատոսական հիմնարկ։   Վերջերս համացանցի հայկական տիրույթում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ գերեվարված վիրավոր զինվոր է՝ ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանը: Այս դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կապ է հաստատել Ուկրանիայի Մարդու իրավունքների Խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Ուկրանիայում ՀՀ դեսպանության հետ: Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ Պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը: Զուգահեռաբար Պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության Պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ տեղեկություն կտարածի»։
12:46 - 02 մարտի, 2022
Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի շուրջ պտտվող լուրերին: «Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:  Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով: Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել, թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին:  Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք»,-մասնավորապես նշված է նախկին ՄԻՊ-ի գրառման մեջ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին ՄԻՊ-ին է փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջն ու ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:
10:29 - 28 փետրվարի, 2022
Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ․ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը` խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության կյանքի իրավունքի, սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու համար, հաշված օրեր անց իր «արձագանքը» գտավ Բաքվից 27 կմ հեռավորության վրա՝ Սումգայիթ քաղաքում: Փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցվածքը ենթարկվեց ավերման ու թալանի։ Բացառապես ազգային պատկանելիության հողի վրա իրականացված ջարդերի արդյունքում ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ հայտվեցին Սումգայիթի 20 հազարանոց հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքները: Թեև Սումգայիթյան ջարդերը փաստագրված են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիվ այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել: Սումգայիթի հակահայկական ջարդերով սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործությունների շարքին, որը շարունակվում է մինչ օրս: Այդ հետևողական քաղաքականության շրջանակներում 1988-1991թթ. Ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը բռնությամբ ճնշելու և հայ բնակչությանը բնաջնջելու նպատակով՝ Ադրբեջանը 1991-1994թթ. սանձազերծեց պատերազմ հայ ժողովրդի դեմ, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների ամենավառ վկայությունը 1992 թվականի ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորածն է, որին զոհ են գնացել գյուղի 50-ից ավել խաղաղ բնակիչներ, իսկ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։ Ադրբեջանի Հանրապետությունը լիարժեքորեն ժառանգեց և առավել կատարելագործեց Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ուղղված Արցախի հայաթափմանը և իր բնօրրանում հայ ժողովրդի ոչնչացմանը: Բացառապես էթնիկ հողի վրա իրականացվող սպանությունների հերոսացման պրակտիկան, որի հիմքը դրվեց սումգայիթյան ջարդերով, դարձավ ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը: Արդյունքում տարածաշրջանը «հարստացվեց» այնպիսի «հերոսներով», ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը և բոլոր նրանք, ովքեր 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հաշվեհարդար էին տեսնում քաղաքացիական բնակչության նկատմամբ և ահաբեկչական կազմակերպությունների ոճով գլխատում ու անդամահատում հայ զինվորների և արդյունքում՝ պետության կողմից ամենաբարձր մակարդակով արժանանում խրախուսման: Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իր հասարակությունում սերմանված հայատյացությունն իր վատագույն դրսևորումը ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինվորականության թիրախը, նախևառաջ, դարձան խաղաղ բնակչությունը, մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Ադրբեջանի կողմից 44-օրյա ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում, բարձրաձայնվել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ։ Ադրբեջանի իշխանությունների հայատյացությունը չի շրջանցում նաև հայկական հոգևոր-մշակութային ժառանությանը. փորձ է արվում Նախիջևանի հայկական միջնադարյան ժառանգության ոչնչացման և շրջանի լիարժեք հայաթափման ձեռագիրը տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում: Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը նենգափոխելու անթաքույց նպատակով անգամ պաշտոնապես ստեղծվել է աշխատանքային խումբ: Հայատյացությունը, որի վկայությունների շարքը օրեցօր համալրվում է, Բաքվի իշխանությունների կողմից կիրառվում է որպես Ադրբեջանի ժողովրդի կոլեկտիվ ինքնության ձևավորման միջոց: Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ էթնիկ ու ազգային պատկանելիության հիմքով ատելության վրա ձևավորված կոլեկտիվ ինքնությունը քայքայում է հենց դրա կրողին, այն սպառնում է տարածաշրջանում մարդկանց խաղաղ, անվտանգ ու բնականոն կյանքին և խաթարում հասարակությունների զարգացումն ու առաջընթացը: Որպես այդ քաղաքականությունից հրաժարվելու առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և արժանահավատորեն գնահատել Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում և այլ վայրերում իրականացված հայատյաց ջարդերը և զերծ մնալ ժխտողականության քաղաքականությունից, պատասխանատվության ենթարկել 44-օրյա պատերազմի և հաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների և զոհված զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց, անվերապահորեն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության գնահատման ու դադարեցման ուղղությամբ: Մեր խոնարհումն ենք բերում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն բոլորի շեշտում, որ իրավունքների խախտումների ու հանցագործությունների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր ու ավելի դաժան հանցանքներ»,- ասված է համատեղ հայտարարությունում։
21:14 - 26 փետրվարի, 2022
Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ուղերձում Ստեփանյանը նշել է․ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար։
13:51 - 26 փետրվարի, 2022
ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ

ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ներկայացման համար։ Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։ Առիթն օգտագործելով Քրիստիննե Գրիգորյանը նաև շնորհակալություն է  հայտնել բոլոր անձանց, ովքեր հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։ Քրիստիննե Գրիգորյանը հույս է հայտնել, որ աշխատակազմի հետ միասնական ու նվիրված աշխատանքով հնարավոր կլինի պատվով ու իրապես պրոֆեսիոնալիզմով իրականացնել այս կարևոր առաքելությունը՝ միտված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքակենտրոն քաղաքականությունների առաջմղմանը մեր երկրում։ Նկատի ունենալով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, Ք. Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։
17:13 - 25 փետրվարի, 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
13:40 - 24 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Սահմանադրությունը եւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ սահմանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, սակայն ժամանակը եւ ժամանակի ստեղծած մարտահրավերները փոխում են առաջնահերությունները, եւ նոր ակնկալիքներ են առաջանում Մարդու իրավունքների պաշտպանից։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով այդ ակնկալիքների մասին։ «44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային հարցերը ՄԻՊ-ից նոր ակնկալիքներ են ձեւավորում։ Դրանց մասին ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն արդեն խոսել է։ Հաջորդ հարցը կորոնավիրուսի համավարակն է, ի հայտ եկան ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ այդ համակարգի պաշտպանության խնդիրներ։ Եղան իրավիճակներ, երբ զանազան քաղաքական շահերից ելնելով՝ համավարակը կանխարգելելու՝ պետության վարած քաղաքականությունը խանգարելու կամ ստվերելու նպատակով սկսեցին մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո հանդես գալ վտանգավոր քարոզչությամբ՝ հակադրելով առողջության պահպանման իրավունքն այլ իրավունքների հետ, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի, կարծիքի արտահայտման ազատության, հավաքներիա զատության կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ։ Նույն խմբերի կողմից նույն վարքագծին ականատես ենք լինում հիմա, երբ ընթանում է պատվաստումային գործընթացը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նման իրավիճակում իր ակնկալիքը ոչ միայն իրավական բնույթի գնահատականներ տալն է, այլ հստակ դիրքորոշում հայտնելը, հանրությանը կողմնորոշելը, հանրային առողջությանն ու բարօրությանը նպաստելը։ «ՄԻՊ-ից իմ ակնկալիքն է նաւե, որ նա ոչ միայն բարձրաձայնի խնդիրները եւ ցույց տա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ լինի խնդիրների էության մեջ, վերլուծի այդ խնդիրները ծնող պատճառները։ Ակնկալում եմ, որ ՄԻՊ-ը չի սահմանափակվելու հայտարարություններ տարածելով, լրատվամիջոցների դեր չի ստանձնելու։ Հայտարարություն տարածելը պետք է կիրառել որպես վերջին գործիք, երբ  ՄԻՊ գործիքակազմն այլեւս սպառվել է»,- ասաց Խանդանյանը։
12:10 - 24 հունվարի, 2022
Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում  դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-ասաց Գրիգորյանը: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: «Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»,-ասաց թեկնածուն:
11:20 - 24 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն կտրականապես համաձայն չէ այն պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտն ընդդիմադիր է |armenpress.am|

ՄԻՊ թեկնածուն կտրականապես համաձայն չէ այն պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտն ընդդիմադիր է |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձևակերպումների, պատկերացումների հետ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, ընդդիմադիր է. այն լրացնում է պետական մարմինների համակարգը: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը: Գրիգորյանը  շեշտեց, որ այսօր ՄԻՊ ինստիտուտն իսկապես կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի առաքելություն: «Այն ավելին է, քան օմբուդսմենական հաստատություն և ունի մարդու իրավունքների պաշտպանի լիակատար մանդատ: Այլ կերպ ասած՝ պաշտպանը, բացի այն, որ անհատական բողոքներ քննելու միջոցով արձանագրում է իրավունքի խախտումները, նպաստում խախտման վերացմանը, նաև հերթական և արտահերթ զեկույցներով, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, ՍԴ-ին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելով՝ իրականացնում է կանխարգելիչ կարևոր գործառույթ: Այս համատեքստում առնվազն խոցելի են այն պատկերացումներն ու ձևակերպումները, որոնց այս ընթացքում իմ ունեցած շփումների, հանդիպումների ընթացքում ինքս էլ հանդիպել եմ, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, եղան նաև ձևակերպումներ, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Այս մոտեցումների հետ կտրականապես համաձայն չեմ»,-ասաց Գրիգորյանը: Թեկնածուն շեշտեց՝ Սահմանադրությամբ և օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը և որևէ կերպ որևէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին: Փոխարենը նա անվիճելի համարեց այն մոտեցումը, որ եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա և հետևողական լինել դրանց վերացմամբ և հաջորդների կանխարգելմամբ: Ըստ նրա՝ իր նշածները պաշտպանի մանդատի վերաբերյալ որոշակի դեֆորմացված պատկերացումների օրինակներ են, իսկ մանդատի նկատմամբ թյուր պատկերացումները շտկելն ընտրվելու դեպքում լինելու է իր ուշադրության կենտրոնում:  
17:23 - 21 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ Քրիստինե Գրիգորյանը ունի բարձրագույն կրթություն՝ երկու մասնագիտությամբ՝ արևելագիտություն և իրավաբանություն: Նա ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
16:25 - 21 հունվարի, 2022