Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պատմության թանգարանին

Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,  Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ): Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել. «Հաշվի առնելով իրեղեն ապացույցների՝ պատմամշակութային կարևորությունը, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցան այս կարևոր գործում»: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքները իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար: «Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի  գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են  սրտացավությունը և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ՝  մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նաև նշել է, որ  Հայաստանի պատմության թանգարանը զարդերի ցուցադրությունը կկազմակերպի՝ նորընծա հավաքածուն հասանելի դարձնելով լայն հանրությանը: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ տարեվերջին Կառավարության որոշմամբ՝ մշակութային արժեքների փորձաքննության նպատակով հատկացվել է ավելի քան 80 մլն դրամ, որպեսզի ձևավորվի ամբողջությամբ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Այն թույլ կտա մշակութային արժեքների փորձաքննության նոր որակ ապահովել, ինչը կնպաստի ոլորտի կարևոր խնդիրների բացահայտմանը: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է իրավապահ կառույց-նախարարություն համագործակցության արդյունքում թանգարանի ազգագրական հավաքածուն համալրելու այս նախադեպը, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: «19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծված արծաթե նմուշները տեղ կգտնեն «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսում, որը քաղաքացիների համար բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- նշել է Դավիթ Պողոսյանը: Նախարարությունը հիշեցնում է, որ 2006 թվականին «Զվարթնոց» մաքսատանը զննման է ենթարկվել օտարերկրացի ուղևորի ուղեբեռը. հայտնաբերվել են չհայտարարագրված 26 հատ մշակութային արժեք հանդիսացող արծաթե տարբեր իրեր (ընդհանուր՝ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ): 2007 թվականին քրեական գործով վարույթը կասեցվել է մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու հիմքով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական վարույթի նախաքննությունը վերսկսվել է: 2023 թվականի հունվարի 3-ին քրեական վարույթը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, ի թիվս այլ որոշումների, 2023 թվականի փետրվարի 7-ին որոշվել է իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
16:43 - 15 փետրվարի, 2023
Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

Ճապոնիան կարևորում է Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ապահովումը. Ֆուկուշիմա Մասանորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ «Շատ լավ նախադրյալներ են ստեղծված մեր երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Ճապոնիայի կառավարությունը ՀՀ մարզերում մի շարք պետական կազմակերպությունների  հետ դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչը  շատ գնահատելի է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ճապոնիայի ներդրումային մասնակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:  ԿԳՄՍ նախարարը կարևորել է, մասնավորապես «Grant Assistance for Grassroots Human Security Projects» դրամաշնորհային նախագիծը, որի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է 80-ից ավելի նախագծեր։ «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային 6 պայմանագրեր: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ: Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ի դեմս Գիտության կոմիտեի՝ փոխգործակցել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև Գիտության զարգացման ճապոնական միության հետ՝ համագործակցային ծրագրեր իրականացնելու նպատակով: Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցության հեռանկարները, մասնավորապես համատեղ ցուցադրություններ, համերգներ իրականացնելու հնարավորությունը: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ առաջիկայում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար: Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ. «Նրանք արդեն 60 օրից ավելի է՝ գտնվում են շրջափակման մեջ, զրկված են հիմնարար մի շարք իրավունքներից: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Այս ժամանակներում, երբ մենք խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացներից, գիտության զարգացումից, մեր կողքին միաժամանակ տեղի է ունենում հումանիտար ճգնաժամ, և հենց սա պետք է բոլորիս մտահոգի: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և կարևորում են Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ու անվտանգության ապահովումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:36 - 15 փետրվարի, 2023
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։   Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները 2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։  Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։ Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։   Ինչպես հարցը բերվեց օրակարգ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։ 2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։ «Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի  կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։ Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։ Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։ «Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։    Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․  գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։  Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։ Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման  իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։ Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։ Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։  Համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներհոսք չկա նման լայնածավալ փոփոխություն իրականացնելու համար։ Բուհերը շոշափելիորեն ավելի ծանրաքարշ կառույցներ են․ «Բուհերում, օրինակ, գնումների գործընթացը տևում է անգամներ երկար։ Դա բացասական է անդրադառնալու ինստիտուտների գործունեության վրա»։ Բուհական համակարգը չունի բրգաձև կառույց․ «Բրգաձև կառույցը ֆիզիկայից հայտնի է որպես առավել կայուն, իսկ կայունության ծարավ այսօր մենք ունենք ամեն ինչում։ Եվս մեկ ցնցում հարուցել առանց դրա էլ ցնցված մեր այս իրավիճակում անընդունելի է»։ Հասարակական-քաղաքական կայունության ժամանակը․ «Եթե մենք ունենայինք քաղաքական կայունության երաշխիքներ 20-ամյակի կտրվածքով, ինչպիսին ուներ Էստոնիան՝ Եվրամիության անդամ լինելով, խնդրեմ։ ԵՄ-ի նման կայուն, կայացած, քաղաքակրթական համակարգում կարելի է անել այդպիսի ռեֆորմներ։ Մենք կարո՞ղ ենք խոսել քաղաքական կայունության մասին։ Չէ՞ որ 10 տարի տևելու պարագայում հաջորդ կառավարությունը կարող է գալ, ասել՝ ո՛չ, չենք անում։ Իսկ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եղա՞ն»։ Ակադեմիան ունի պատմական նշանակություն․ «Տեսեք՝ այս 30 տարվա ընթացքում որքան ոտնձգություններ են եղել գիտական համակարգի գույքի, տարածքների նկատմամբ։ Նույնիսկ սեփականաշնորհել էին Արագածի կայան գնացող էլեկտրագծերը։ Ապօրինի կերպով սեփականաշնորհել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լողավազանը և այնտեղ հիմա շինարարություն են անում։ Ակադեմիայի համակարգից դուրս գտնված ինստիտուտների մեծ մասը վերացել է։ Իսկ Ակադեմիան մեծամասամբ պահպանվել է։ Սա պատմական առաքելություն էր, որն Ակադեմիան իրականացրել է, և որը պետք է ողջունվի, գնահատվի պետական տեսակետից։ Ակադեմիական համակարգի կայունությունը կարևոր հանգամանք է»։ Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։   Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ 2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։ Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։ Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․ Պահպանել ինստիտուտների ստատուս քվոն և փորձել խթանել ինստիտուտների ու համալսարանների համագործակցությունն ու «կամավոր» միավորումները։ ԳԱԱ կազմում ընդգրկված և դրանից դուրս գործող այլ ինստիտուտներն ինտեգրել բուհերում։ Փաստաթղթում նշվում է, որ այլ երկրներում այսպիսի փոփոխությունը տևական ժամանակահատվածում է իրականացվում, և բերվում է  Էստոնիայի օրինակը, որտեղ նախկին ԳԱԱ ինստիտուտների ամբողջական ինտեգրումը համալսարաններին տևել է առնվազն մեկ տասնամյակ։ Ուժեղացնել բուհերի հետազոտական բաղադրիչը և վերակազմավորել ինստիտուտները՝ որպես հանրային աջակցություն ունեցող մեկ կամ մի քանի հետազոտական կազմակերպություններ, որոնք նման են եվրոպական երկրներում գործողներին (օրինակ՝ CNRS-ը Ֆրանսիայում, Ֆրաունհոֆերի, Լայբնիցի, Հելմհոլցի և Մաքս Պլանկի ինստիտուտները Գերմանիայում և այլն):  Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։   Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։ Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։ ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու  ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։ Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։ ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։  Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։ «Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։   Ով պիտի ղեկավարի ցանցերը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։  Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։  Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։ Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։   Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։  Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։  Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։ Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։  Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։ Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։ Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։   Աննա Սահակյան
18:38 - 14 փետրվարի, 2023
Ձեր կողքին ենք և պատրաստ ենք օժանդակել՝ փորձությունները հաղթահարելու ճանապարհին. Ժաննա Անդրեասյանը՝ Սիրիայի դեսպանին

Ձեր կողքին ենք և պատրաստ ենք օժանդակել՝ փորձությունները հաղթահարելու ճանապարհին. Ժաննա Անդրեասյանը՝ Սիրիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը՝ այդ գործում կարևորելով նաև սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել՝ ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»: ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել աղետի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները: Դեսպանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Խորապես զգացված և շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունն աղետի առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Սիրիային: Բացի մարդասիրական օգնությունից՝ մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»: Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց: ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ առաջ գնալու պատրաստակամությունն ու հաստատակամությունը մեծապես կօգնեն հաղթահարելու առաջացած դժվարությունները: Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է նաև բոլոր ուղղություններով փոխհամագործակցության հեռանկարները դիտարկելու հնարավորությունը: Նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: «Մեր երկու երկրների համար, կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունի: Ուրախ եմ, որ Ձեր անձնական գործունեությունը ևս մեծ նպաստ է բերել այս նախագծին: Պատրաստ կլինենք նաև նոր ծրագրերի մասին խոսել: Հետաքրքրված ենք մեր բուհերում Սիրիայի քաղաքացիների ուսուցման հնարավորությամբ: Գիտեմ, որ սերտորեն համագործակցում եք Երևանի պետական համալսարանի հետ: Արաբերենի ուսուցման տեսանկյունից այդ համագործակցությունը ևս կարևորում ենք: Կրթական տարբեր մակարդակներում խրախուսում ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հասկանալ նաև դպրոցներում արաբերենի ուսուցման հնարավորությունները: Հասկանալի է՝ այս օրերին մեր առաջնային հարցերը մի փոքր այլ են, բայց իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պատրաստ ենք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել»,- ասել Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին ծրագրի ստորագրումը և հայտնել նախարարության պատրաստակամությունը, ըստ անհրաժեշտության, այն արդիականացնելու: Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, հետազոտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:
18:34 - 13 փետրվարի, 2023
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, նորանշանակ նախարարներն, ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:  
17:17 - 10 փետրվարի, 2023
ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Դեսպան Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթական, գիտական, մշակութային ու մի քանի այլ ուղղություններով առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կրթական բարեփոխումների փուլում, իսկ ԱԺ կողմից որպես օրենք ընդունված ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրով սահմանված են բոլոր թիրախները: Ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: «Տեղյակ եմ, որ Ազգային ժողովի աշխատանքային խումբը 2022 թվականի հոկտեմբերին հանդիպում է ունեցել Պորտուգալիայի կրթության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել ներառական կրթությանը վերաբերող հարցեր: Սա մեզ համար շատ կարևոր ուղղություն է: Ռազմավարական կարևոր թիրախներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացնումն է, այս առումով ևս կարող ենք դիտարկել համագործակցության հեռանկարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ, մասնավորապես, ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության, գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության ներուժ, որը կարող է իրականացվել թե՛ բուհական, թե՛ մասնագիտական կրթության մակարդակներում: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում՝ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործում են շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ, որոնք Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Պորտուգալիայի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու մեր երկրում արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ «Թումոյի» և «Արմաթի» փորձով: Դեսպան Մադալենա Ֆիշերը նշել է՝ իրենք հետաքրքրված են այս հնարավորությամբ: Նա նաև հայտնել է, որ Պորտուգալիայի երկու քաղաքներում «Թումոյի» երկու կենտրոն է հիմնվելու, ինչը դեսպանի գնահատմամբ՝ կարևոր նախաձեռնություն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակութային համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում նա առաջարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ Պորտուգալիայի մշակութային հաստատություններում ներառել նաև նրա ստեղծագործությունները՝ որպես հարգանքի տուրք համաշխարհային դասականի հիշատակին: Կողմերը քննարկել են նաև համատեղ կինոարտադրության, ցուցահանդեսների կազմակերպման, ժամանակակից արվեստի այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար: «Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ նրանց կրթության իրավունքի խախտմանը: Սնունդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու միջպետական հուշագիր ստորագրելու հնարավորությունը, որով համագործակցության ուղղություններն ավելի հստակ կամրագրվեն: Նշենք, որ Դեսպան Մադալենա Ֆիշերը փետրվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
20:09 - 09 փետրվարի, 2023
Ժաննա Անդրեասյանը Իտալիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին

Ժաննա Անդրեասյանը Իտալիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկել են Իտալիայի մշակույթի նախարարի այցելության նպատակի և օրակարգի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը, փորձի փոխանակումները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ստեղծում են նոր հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար: Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, դրանց ձևաչափերը, ինչպես նաև ժամանակացույցը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:
18:49 - 06 փետրվարի, 2023
Արտաուսումնական հաստատությունները միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

Արտաուսումնական հաստատությունները միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ը կազմակերպվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (ԱԴԴ մանկավարժական աշխատողների ատեստավորման և մի շարք լիազորող նորմեր) ներկայացման շուրջ ծավալված քննարկմանը զեկույց է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հակիրճ խոսել է նախատեսվող բարեփոխումների նպատակներից: «Արտադպրոցական կրթության կարգավորմանը վերաբերող դրույթներում առկա էին որոշակի անհստակություններ, որոնք թույլ չէին տալիս միասնական մոտեցում ցուցաբերել ոլորտում իրականացվող փոփոխություններին: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ունենալ լիազորված մարմիններ, որոնց միջոցով կկարգավորվի արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մարզիչների, խմբավարների և մանկավարժական ամբողջ կազմի կամավոր ատեստավորման անհրաժեշտությանը, որը վարձատրության բարելավման հնարավորություն կտա. «Հարկ է նշել, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր կառույցների ենթակայության տակ, ուստի, պայմանավորված աշխատավարձերի անհամաչափությամբ, մի շարք խնդիրներ կան: Արդյունավետ համակարգելու համար դրանք միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
11:20 - 04 փետրվարի, 2023
ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ հայ-շվեդական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացը կատարելագործելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «ArtNexus» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի, Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում դեսպանին առաջարկել է շվեդական համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ մատնանշելով, որ նախարարությունը հետևողական գործունեություն է ծավալում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ. «Այսօր  արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում»: Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհավորելով Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական զրույցի համար: Դեսպանը բարձր է գնահատել նախարարի նախանշած ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ շվեդական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա՝ նշելով, որ խախտվել է ավելի քան 30.000 երեխաների կրթության իրավունքը: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է բոլոր ոլորտների վրա: Այս համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական քայլեր կձեռնարկեն՝ խնդիրն օր առաջ կարգավորելու համար: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
15:44 - 03 փետրվարի, 2023
Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ. Ժաննա Անդրեասյան

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ. Ժաննա Անդրեասյան

Տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը փոխկապակցված է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստում՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հարցի առնչությամբ: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը հնարավորություն է զարկ տալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացմանը, քոլեջների և ուսումնարանների գործունեությանը, մարդկային կապիտալի զարգացմանն ու հմտությունների բարելավմանը: «Կրթության ոլորտի քաղաքականությամբ մենք ստեղծել ենք մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափերի գործիքակազմ և պատրաստ ենք փոխել քոլեջների և ուսումնարանների կառավարման մոդելը՝ ընդհուպ մինչև հավատարմագրային կառավարում: Սա հնարավորություն կտա, որպեսզի տվյալ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կարողանան պետության հետ համատեղ կառավարել կրթական գործընթացը՝ պատրաստելով արտադրությունում անհրաժեշտ կադրեր»,- ասել է նախարարը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ առաջիկայում Կառավարություն կներկայացվի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը մինչ այս կիրառվել է փորձնական ծրագրերով, դարձնել ինստիտուցիոնալ: Առաջարկվող նոր մոտեցմամբ կապահովվի լրացուցիչ հնարավորություն՝ կրթական գործընթացը կազմակերպելու արտադրությունում, որտեղ մարդիկ աշխատելու ընթացքում նաև կսովորեն: Նախարարի գնահատմամբ՝ դա կհամարվի որակավորում ստանալու և մասնագետ դառնալու ճանապարհներից մեկը:
18:15 - 02 փետրվարի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է մարզառազմական մասնագիտացված դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է մարզառազմական մասնագիտացված դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջեց Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում:  Նախարարը նշեց, որ դպրոցում առկա խնդիրների լուծման աշխատանքերի մեկնարկը տրված է:  «Ռազմական կրթության գործում շատ անելիքներ կան: Ես այստեղ խնդիրը կբաժանեի երկու մասի: Առաջին մասը նախնական զինվորական պատրաստության առարկայի և ընդհանուր գիտելիքների բարելավումն է բոլոր դպրոցներում, բոլոր երեխաների համար: Կա գիտելիքների, հմտությունների մի պաշար, որն անհրաժեշտ է բոլորիս: Այստեղ ներդրել ենք ռազմամարզական ճամբարը 10-12-րդ դասարանցիների համար, որը նոր չափորոշիչների ներդրմամբ դառնում է պարտադիր: Երկրորդը՝ բուն մասնագիտական կրթությունն է»,- ասաց նախարարը:  Անդրեասյանը նշեց, որ այս պահին կան մասնագիտացված երեք նման հաստատություն: Նրա խոսքով՝  սպայական ավագ դպրոցի կառուցման մասին քննարկումներ կան: Այն կլինի նոր բովանդակություն և որակ կրող մի կառույց, որը կտա զինվորական կրթության այն պատկերացումը, որին ձգտում ենք: Անդրադառնալով Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցին՝ նախարարը նշեց, որ անելիքները շատ են: Պետք է կառուցվի նոր սպորտդահլիճ, հրաձգարան, պետք է կատարվեն վերանորոգման աշխատանքներ, գույքի թարմացում: Աշխատանքները պլանավորված են և իրականցվում են զուգահեռ: «Կարծում եմ բոլորս այսօր պետք է նախ և առաջ շնորհակալություն հայտնենք բոլոր այն զինծառայողներին և  հերոսներին, որոնք տարբեր իրավիճակներում իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար: Պետք է շնորհակալություն հայտնենք նաև մեր այն զինծառայողներին, որոնք այսօր կանգնած են սահմաններին և պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը և, իհարկե, պետք է մեր ամենօրյա աշխատանքով ու մեր հոգածությամբ ցույց տանք մեր շնորհակալությունն ու հարգանքը դեպի այդ մարդիկ և իրենց ընտանիքները»,- նշեց նախարարը:  Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի ներկայացուցիչ Գուրգեն Նազարյանը նշեց, որ դպրոցում սովորում են 7-9-րդ դասարանների երեխաները, բայց առաջիկայում նաև ավագ դպրոցի կարգավիճակ են ձեռք բերելու:  Մինչև կեսօր դասավանդվում են հանրակրթական առարկաները, իսկ օրվա երկրորդ կեսին՝ մարզառազմագիտական մասնագիտացված առարկաները, որից հետո սաները կարող են անցկացնել իրենց օրն ինչպես ցանկանում են: Երեխաները երկու շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին, հնարավորություն ունեն տուն վերադառնալ: 
17:31 - 28 հունվարի, 2023
Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, ըստ եռամսյակների, հակիրճ ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի գործունեությունը՝ նշելով, որ տարվա ընթացքում իրականացվել է 212 ստուգում 208 հաստատությունում, որից 35-ը՝ նախադպրոցական, 157-ը՝ հանրակրթական, 4-ը՝ նախնական մասնագիտական և 12-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքը, նշել է, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիների ընթացում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք ներառում են կրթության ինչպես բովանդակային, այնպես էլ օրենսդրական բարեփոխումները: Հետևաբար, ըստ նախարարի` այս փուլում տեսչական մարմնի մասնագիտական դիտարկումների առաջնային խնդիրը պետք է լինի կատարված փոփոխությունների արդյունավետության որակական գնահատումը: Ժաննա Անդրեասյանի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության ոլորտում առկա բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը: «Պետք է կատարել ուսումնասիրություն, համադրել աշխատանքները, բացահայտել առկա բոլոր խնդիրները և համատեղ ջանքերով մշակել լուծումներ»,- ասել է նախարարը: Նա առաջնային է համարել կառույցի կողմից կիրառվող գնահատման գործիքակազմերի վերանայումը՝ դրանք նախօրոք քննարկելով համապատասխան մարմինների՝ ԿԶՆԱԿ-ի և ԳԹԿ-ի հետ: Նրա խոսքով՝ առաջնային պետք է  համարել պետության կողմից գիտելիքների ստուգման նույնական գործիքակազմով աշխատելու կարևորությունը: Շեշտվել է, որ կան ընթացակարգեր, որոնք լրամշակման ու վերանայման կարիք ունեն: Նիստի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային, տեխնիկական, մեթոդական մի շարք այլ հարցեր:  
18:26 - 26 հունվարի, 2023
Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է հաշվետվողականության պատասխանատվությունը. Ժաննա Անդրեասյան

Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է հաշվետվողականության պատասխանատվությունը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:   Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:   Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով.  «Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ,  33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ»:   Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է կազմելով է 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը:   «Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հաշվետվողականության մեխանիզմները:   Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման քաղաքականությունը` նշելով, որ 2023 թ. Հայաստանում են անցկացվելու ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների, սամբոյի աշխարհի մեծահասակների, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունները:   «Միջազգային սպորտի քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու և դիրքը առավել տեսանելի դարձնելու առումով միջազգային խոշոր մրցաշարերի Հայաստանում անցկացումը կարևոր քաղաքականություն է»,- ասել է նախարարը:   Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է ներկաներին և նշել. «2023 թվականը նախաօլիմպիական տարի է, և պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի արդյունքը լինի գերազանց, և Փարիզից վերադառնանք հպարտորեն և հաղթանակներով»:   Հանդիպման ընթացքում քննարկվել են գնումների ընթացակարգերի, մարզական հավաքների կազմակերպման նախահաշիվների, ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ խնդիրները: Ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում իրենց հուզող խնդիրների մասին, հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում դրանց լուծման ուղղությամբ:   ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, պատասխանել ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին:   Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել լինել մասնակցային սպորտի ռազմավարության մշակման գործընթացում՝ հասցեական թիրախները որոշելու և պետական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու նպատակով:
17:57 - 25 հունվարի, 2023
Հույս ունենք, որ մեր մտահոգությունները տեղ կհասնեն, և Լաչինի միջանցքը կբացվի. Ժաննա Անդրեասյան

Հույս ունենք, որ մեր մտահոգությունները տեղ կհասնեն, և Լաչինի միջանցքը կբացվի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։ «Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին մշակույթի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներում գործուն աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները: «Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը  կստանա դրական լուծում: Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը՝ երկուստեք կարևորվել է զարգացման ծրագրերի ընդլայնումը բոլոր ուղղություններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:
20:06 - 24 հունվարի, 2023
ԿԳՄՍ նախարարը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Արցախում երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը

ԿԳՄՍ նախարարը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Արցախում երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում: Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Կարևորվել է նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացումը. այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը՝ ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը: Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում: Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Ս. Ռախմանինովի 150, Ֆ. Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա: Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:   Լուսանկարները՝ ԿԳՍՆ մամուլի ծառայության
15:53 - 20 հունվարի, 2023
«Կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր միջոցները ԼՂ երեխաներին աջակցելու համար». Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին

«Կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր միջոցները ԼՂ երեխաներին աջակցելու համար». Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի մասին Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին տեղեկացրել էր նաև իր նախորդ նամակում, նախարարը վերստին շեշտել է հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքների մասին։ «Բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք Հայաստանում էին և մասնակցում էին փոխանակման որոշ ծրագրերի, չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ իրենց ուսումը շարունակելու հայրենի հաստատություններում: Թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովել է բոլոր միջոցները՝ նրանց ուսումը Հայաստանի համապատասխան հաստատություններում շարունակելու համար, այնուամենայնիվ, տեղի է ունեցել կրթության իրավունքի շոշափելի խախտում՝ հաշվի առնելով ուսումնական ծրագրերի տարբերությունները։ Խախտվում է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Տասնյակ անչափահասներ, որոնք մնացել են առանց ուղեկցության, արգելափակված են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում են Լաչինի միջանցքի երկու կողմերում»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշտելով հոգեկան առողջության և ընտանիքների վերամիավորման իրավունքի հրատապ անհրաժեշտությունը: «Մենք իսկական աղետի ենք ականատես լինում Լեռնային Ղարաբաղում թե՛ հումանիտար, թե՛ զարգացման համատեքստում՝ գրեթե մեկ ամիս տևած շրջափակման պատճառով։ Օրեցօր հրամայական է դառնում ապահովելու երեխաների՝ ապահով միջավայրում մեծանալու անօտարելի իրավունքը, վճռական քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց իրավունքների իրացման համար։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և կոչ եմ անում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին ուղղված նամակը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին ուղղված նամակում ևս ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որսննդամթերքի անբավարար մատակարարման պատճառով 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղի 30 դպրոցների 56 նախադպրոցական խմբերը, երկարօրյա ծառայություն իրականացնող 16 հանրակրթական հաստատությունները, ինչպես նաև 41 մանկապարտեզներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ 6498 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։«Էներգակիրների բացակայության պատճառով խաթարվել է տրանսպորտի աշխատանքը, ինչը բացասաբար է ազդել նաև գյուղական դպրոցներում ուսումնական գործընթացի վրա, որտեղ այլ բնակավայրերում բնակվող ուսուցիչները չեն կարողանում հաճախել դասերի։ ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք մինչ շրջափակումը եղել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում վերադառնալ Երևան և շարունակել ուսումը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 270 երեխաներ այս պահին չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ընտանիքներ և ժամանակավոր խնամակալություն են ստանում Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 22000 երեխաների իրավունքներն ու ազատությունները»։ Շեշտելով, որ կրթության իրավունքի խախտումն անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի, ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ արձագանքի Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև լուծելու ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքները։ «Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը»,- նշված է նամակում։
12:58 - 19 հունվարի, 2023