Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
17:17 - 10 փետրվարի, 2023

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, նորանշանակ նախարարներն, ընթերցելով երդման տեքստը, նշել են.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել