Հայաստան

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով ՌԴ գործընկերության դեմ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով ՌԴ գործընկերության դեմ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։ «Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են արևմտյան երկրների՝ ռուս-հայկական գործընկերությանը վնասելու շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխն ավելի շատ է քան խորովածը»։ Նա նշել է, որ բոլորը կարող են «բազմիցս տեսնել աշխարհի տարբեր մասերի օրինակներով», այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, «ինչի է վերածվում արևմտյան «բարեկամությունը»։ «Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստնությանը: Մեր կողմից, մենք նախկինի պես վճռական ենք բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- ամփոփել է դիվանագետը։
09:47 - 04 օգոստոսի, 2023
Ինչու ՌԴ խաղաղապահները չեն ապահովում ուղարկված հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը․ Փաշինյան

Ինչու ՌԴ խաղաղապահները չեն ապահովում ուղարկված հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ինչու նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանւ պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը։ Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարեւոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար»,- ասաց Փաշինյանը։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում, ներկայացնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, պնդել էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Լրագրողի հարցին, թե արդյոք երբեւէ փակ չի եղել, Ալիեւը պատասխանել էր՝ «Ոչ, երբեւէ»։ 
12:05 - 03 օգոստոսի, 2023
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ շարունակական մարտահրավերների մասին զեկույցներով: Նա հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի հրամանները, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված հրամանները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:  Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու մարդասիրական օգնության տրամադրումը դրա կարիքն ունեցող մարդկանց։ Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
09:41 - 03 օգոստոսի, 2023
Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա
 |armenpress.am|

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին։ «Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այն (խմբ․՝ սահմանազատման գործընթացը) համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը», - ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների չորրորդ հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին։ Հանդիպման ժամանակ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը: Հայաստանում ձևավորված հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանում՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
17:00 - 02 օգոստոսի, 2023
ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև

ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում․ դա խաղաղության պայմանագիր չէր։ Այս մասին Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  «Ես կարծում էի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն այլ է լինելու։ Մենք պատրաստ էինք խաղաղության և, փաստորեն, որոշ ժամանակ սպասում էինք, որ միջազգային խաղացողները նոր առաջարկներ անեն, բայց մենք հասկացանք, որ դա մի տեսակ անորոշ է։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ անել: Եվ իրավիճակը, որով մենք ունեինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում։ Դա խաղաղության պայմանագիր չէր: Դա հռչակագիր էր»,- ասել է Աիլևը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը առաջ քաշեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական են խաղաղության բանակցությունների հերթական փուլից հետո կայուն խաղաղության հասնելու հույսերը, Ալիևը ասել է, որ պետք է հույս ունենալ [կայուն խաղաղության]։ Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները իրականացվում են արտգործնախարարների մակարդակով, իսկ ինքը [Իլհամ Ալիևն] և ՀՀ վարչապետը հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ «Խաղաղության պայմանագրի կետերի վրա հիմնական կենտրոնացումը կատարվում է արտգործնախարարների կողմից։ Ես կարծում եմ՝ մեր հանդիպումները պարզապես ստեղծում են լավ մթնոլորտ»,- ասել է նա։  Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, Ալիևի խոսքով՝ դրանք թույլ են տալիս «շոշափել զգայուն հարցեր», ինչպես օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր, քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դեռ որոշված չէ։  «Ինչպիսի՞ն կլինի սահմանը: Ինչպիսի՞ն կլինի հաղորդակցությունների [բացման] հետ կապված իրավիճակը։ Որովհետև Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պարտավորություն է ստանձնել՝ թույլ տալ մեզ մուտք գործել մեր էքսկլավային Նախիջևան, բայց, այնուամենայնիվ, դա տեղի չի ունենում․․․«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և եթե նրանք լիարժեք մի կողմ դնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց ձգտումները, այդ ժամանակ մենք կարող ենք գտնել խաղաղ լուծում շատ արագ, անգամ մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը։  Անդրադառնալով ԵՄ միջնորդության մասին հարցին և թե ինչ նոր բան են նրանք բերել բանակցություններին, Իլհամ Ալիևը նշել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և ԵՄ-ի, Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության մակարդակը, ԵՄ-ի կողմից բանակցություններում ակտիվ լինելը բնական է։ Ալիևի խոսքով՝ հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Մինսկի խումբը չէր գործում և փաստորեն, այն այլեւս չի գործում, ինչ-որ միջազգային ինստիտուտ պետք է լիներ։ «Ես մտածում էի, որ ԵՄ-ն կարող է լավագույնը լինել, քանի որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և շահի վրա։ Այսպիսով, այս նախաձեռնությունն այժմ վերածվում է երկխոսության շատ ակտիվ ձևաչափի»,- ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ ԵՄ միջնորդությամբ հանդիպումները միայն Բրյուսելում չեն լինում, այդպիսի հանդիպում է եղել նաև, օրինակ, Քիշնևում․ «Կարծում եմ՝ դա կարևոր է, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ իրավիճակը լճանա, որովհետև եթե իրավիճակի լճացում լինի, եթե նորից նրանց [հայկական կողմի] հետ կապը խզվի, ապա  չկան երաշխիքներ, որ վտանգավոր սցենարներ չեն լինի»։ Հայ-ադրբեջանական բանակցություններում ՌԴ միջնորդական դերի մասին խոսելիս Ալիևը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի հայտարարության միջնորդը հենց Ռուսաստանն էր․  «Դա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չէին: Հայ գործընկերոջս [Նիկոլ Փաշինյանի] հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Սկսեցինք տեսնել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ակտիվացան։ Մեզ համար իրականում էական տարբերություն չկա, թե ով է կառաջնորդի բանակցային գործընթացը կամ ով ինչ-որ չափով կմենաշնորհի այն։ Կարևոր է հասնել արդյունքի։ Որ դերակատարը հանդես գա խաղաղության համաձայնագրի հանգեցնող նախաձեռնություններով, մենք կաջակցենք դրանց։ կարող է հանդես գալ նախաձեռնություններով, որոնք կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի, մենք կաջակցենք դրան․․․ Իհարկե, մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական որոշակի մրցակցությունները, որոշ խաղացողների՝ ավելի ակտիվ լինելու փորձերը։ Մենք կարող ենք ընդունել միայն այն դեպքում, եթե լինի առողջ մրցակցություն, որը դրական արդյունքների կհանգեցնի»: Լրագրողը հետաքրքվել է նա Լաչինի իջանցքում այժ տիրող իրավիճակով, ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը երբևէ փակ չի եղել ազատ տեղաշարժի համար։  Հիշեցնելով հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը, Ալիև նշել է, թե այդ միջադեպից հետո որոշ ժամանակ հետաքննության համար ճանապարհը փակվել է, իսկ հետո կրկին բացվել է, բայց ԿԽՄԿ-ի միջոցով մաքսանենգության փորձ է արվել։  Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այնուհետև Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մի քանի անգամ թույլ տվեց Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան, սակայն հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը առհասարակ դադարեցրեց՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ալիևը նշել է, թե այս դեպերքից հետո Կարմիր Խաչից խնդրել են Ադրբեջանի հետ ավելի կառուցողական աշխատել։ «Ցավոք սրտի, մինչ այսօր ԿԽՄԿ գրասենյակը Ղարաբաղում ենթակա է եղել ոչ թե Բաքվին, այլ երեւանյան գրասենյակներին։ Սա ընդունելի չէ, որովհետև ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Անգամ Հայաստանի վարչապետը բազմիցս ասել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Դա մեր օրինական հարցադրումն է, թե ինչու Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակի ենթակայության տակ է»,- ասել է Ալիևը։  Լրագրողը հարցին, թե արդյոք խաղաղության պայմանգրի հիմնական խոսչընդոտը Լաչինի միջանքում ստեղծված իրավիճակն է, Ալիևը պատասխանել է՝ իր կարծիքով՝ այդ երկու հարցերը փոխկապակվցված չեն։  «Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը փոխվեց ապրիլի 23-ին, երբ սահմանային անցակետ հիմնեցինք։ Մինչ այդ մենք երկուսուկես տարի ժամանակ ունեինք խաղաղության համաձայնության հասնելու համար։ Միակ խոչընդոտն այն էր, որ Հայաստանը չէր ցանկացնում պաշտոնապես Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչել։ Այո, դա արել են բանավոր հայտարարություններով, ինչը նույնպես դիրքորոշում է, բայց նրանք պետք է ստորագրեն փաստաթուղթը։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այս երկու հարցերը փոխկապակցված են։ Ես հուսով եմ, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները կավարտվեն հաջող սցենարով և առաջիկա ամիսներին»։  Հաջորդիվ լրագրողը հարց է հնչեցրել, թե որն է եղել Իլհամ Ալիևի՝ որպես Ադրբեջանի նախագահի, հիմնական առաքելությունը․ պատերազմում հաղթե՞լը, թե՞ Հայաստանի հետ խաղաղության հասնելը։  «Պատերազմում հաղթելը իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- պատասխանել է Ալիևը՝ նշելով, թե դա թիվ մեկ առաքելությունն էր, որը հաջողությամբ Ադրբեջանը ավարտել է, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին։ «Այժմ խաղաղությունը մեր օրակարգում է: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, որովհետև մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Եվ մենք չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան Ադրբեջանի նկատմամբ։ Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որոնցով Ադրբեջանը հարուստ է, թե հեռանալ։ Այսպիսով, սա նրանց ընտրությունն է։ Դա նրանից չէ, որ մենք ուզում ենք, որ նրանք հեռանան, կամ, ինչպես մեզ մեղադրում է Հայաստանը, մենք էթնիկ զտումներ ենք կազմակերպում։ Ոչ, մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս: Ինչպե՞ս կարող են նրանք ապրել մեր տարածքում որպես Հայաստանի քաղաքացի՝ առանց որևէ օրինական թույլտվության, կամ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», որը ոչ ոքի կողմից ճանաչված չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ սա լեգիտիմ մոտեցում է, ինչը համահունչ միջազգային պրակտիկային»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի ու խաղաղություն է ուզում հաստատել Հայաստանի հետ, ասել է․ «Կարծում ենք, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստավեն երկու երկրների միջև, Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու Հայաստան»։  Ադրբեջանի նախագահը Հայաստանին նաև կոչ է արել հստակ գիտակցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։ «Կարծում եմ՝ չպետք է ընդդիմանալ միջազգային հանրության խաղաղ նախաձեռնություններին։ Նրանք [հայերը] պետք է հասկանան, որ եթե խաղաղության պայմանագիր չստորագրեն Ադրբեջանի հետ, ապագայում իրավիճակը անկանխատեսելի կլինի։ Աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես տեսնում ենք, շատ կտրուկ փոխվում է։ Եվ նրանց [հայերի] անվտանգային հույսերի մի մասն ամբողջությամբ հօդս ցնդեց։ Այժմ նրանք փնտրում են անվտանգության նոր երաշխավորներ։ Ո՞վ է պատրաստ այս տարածքում պատերազմի դաշտում բախում ունենալ Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, ինչ մենք ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և երբ պատերազմից հետո բարձրացրինք մեր պաշտպանունակությունը։ Կա՞ որևէ մեկը, որը պատրաստ է պայքարել մեր դեմ հայերի համար։ Ես կասկածում եմ»,- ասել է Ալիևը։ 
14:56 - 02 օգոստոսի, 2023
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
 |armeniasputnik.am|

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար և կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասաց Զախարովան: Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։ «Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասաց Զախարովան։ Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե այն պատճառով, որ էլ չեն ուզում, այլ որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։
14:14 - 02 օգոստոսի, 2023
Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը
 |factor.am|

Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը |factor.am|

factor.am: Կապանում այսօր բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացման արարողության ժամանակ կարևորեց այս իրադարձությունը ռազմավարական տեսանկյունից։ «Այս կենտրոնը թույլ կտա Սյունիքում մեծացնելու առաքելության ներկայությունը, դիտարկումներ անելու և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելու: Հուսով եմ՝ մեր այստեղ գտնվելը կնպաստի Եվրոպական Միության՝ խաղաղության գործընթացի համար գործադրվող ջանքերին, իսկ մենք էլ կկարողանանք բնակչության շրջանում ապահովել անվտանգության զգացողությունը»,- շեշտեց դիտորդական առաքելության ղեկավարը։ Ըստ նրա՝ ԵՄ առաքելությունը պլանավորում է Հայաստանում ունենալ 6 օպերատիվ կենտրոն, նման կենտրոն կա Մարտունիում, Գորիսում Ջերմուկում, բացվեց նաև Կապանում։ «Երբ առաջին անգամ սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում ունեինք երկու մշտական աշխատակիցներ, բայց ուրախ եմ ասելու, որ հիմա ունենք 90 աշխատակից։ Կարելի է ասել, որ Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները»,- ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ մտադիր են կենտրոններ բացել նաև Եղեգնաձորում և Իջևանում։
13:02 - 02 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆն Ադրբեջանի ագրեսիան համարել է սարսափելի է և անողոք։ «Արցախի ժողովրդին մարդասիրական օգնությունը սադրանք չէ, դա անհրաժեշտություն է։ Ադրբեջանը պետք է թույլ տա հումանիտար ռեսուրսների տեղափոխումը Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
13:01 - 02 օգոստոսի, 2023
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
 |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: «ՀԱՊԿ կազմավորող պետությունները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ բարեկամների համար առավելագույն օգտով գործարկել կազմակերպության լայն հնարավորությունները։ Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։ Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կառուցողական աշխատանքի: Միևնույն ժամանակ, Աղասանդյանը նշել է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և դրա դիրքերին Հարավային Կովկասում»: «Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ, որի միջոցով ցանկացած խնդիր լուծվում է»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:58 - 02 օգոստոսի, 2023
Վաշինգտոնում կրկնել են բարդ փոխզիջումների անհրաժեշտությունը Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության հասնելու համար
 |armenpress.am|

Վաշինգտոնում կրկնել են բարդ փոխզիջումների անհրաժեշտությունը Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության հասնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակով շարունակում է աշխատել կողմերի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Պետքարտուղարության խոսնակը։ Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան, որը նախատեսվում է այս շաբաթ։  
10:27 - 02 օգոստոսի, 2023
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև. Euronews – Պարոն վարչապետ, իմ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հարավային Կովկասում վերջին շրջանում գտնվում է մի կատաղի փուլում։ Լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո։ Որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պիտի ասեմ, որ այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ, ինչպես Դուք անվանեցիք, խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով: Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում: Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով: Էլ չեմ ասում, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին: Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից: Euronews – Լաչինի միջանցքին դեռ կանդրադառնանք։ Այժմ ուզում եմ հարց տալ ներկայիս խաղաղության բանակցությունների մասին։ Դուք հենց նոր եք վերադարձել Բրյուսելից, որտեղ հանդիպեցիք Ադրբեջանի նախագահի հետ։ Մի քանի անգամ ևս հանդիպել եք նաև ԵՄ միջնորդությամբ։ Խաղաղության այս բանակցությունները շատ մարդկանց տևական խաղաղության հույս են տվել։ Որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ: Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում: Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն: Euronews – Ի՞նչ կասեք ԵՄ միջնորդության մասին։ Բազմաթիվ միջազգային դերակատարներ փորձել են միջնորդել այս ճգնաժամին լուծում գտնելու համար՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, և հիմա ԵՄ-ն էլ ավելի մեծ դերակատարում է ստանձնել։ Ի՞նչ նոր բան են նրանք բերել բանակցություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նախ ես կուզեի ընդգծել, որ ընդհանրապես միջնորդության առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ: Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին: Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Ես Ձեզ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ: Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է: Euronews – Դուք նկատի ունեք, որ Բրյուսելը հետամուտ չի՞ լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե առանց դիվանագիտության՝ այո: Euronews – Արդյոք կարծո՞ւմ եք՝ այն փաստը, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, առավել մեծ դերակատարություն են ստանձնել այստեղ, դա զայրացրե՞լ է ավանդաբար տարածաշրջանային տերությանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը, այն փաստը, որ Ռուսաստանը լծված է ուկրաինական հարցով, տարածություն է տվել այլ դերակատարներին գալ և փորձել օգնել ձեզ և Ադրբեջանին գտնել ընդհանուր եզրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում այդպիսի դրվագներ լինում են, երբ պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում: Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե, արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան: Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի, կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց մյուս կողմից իհարկե առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են: Euronews – Նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ձեզ և Ադրբեջանի նախագահին Մոսկվա՝ բանակցությունների նոր փուլի համար։ Ի՞նչ կարող եք ասել այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ հրավերի մասին՝ ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա: Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է: Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց: Euronews – Եկեք խոսենք տեղում իրավիճակի մասին։ Դուք նշեցիք Լաչինի միջանցքը։ Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերաբերյալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է: Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար: Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ: Euronews – Ադրբեջանը շարունակաբար հերքում է, որ նրանք են դա անում։ Նրանք պնդում են, որ Աղդամի ճանապարհը հասանելի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Սկզբունքորեն, գիտեք, կներեք մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կետ չկա, բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված հասկացություն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Իմիջիայլոց, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, «Freedom house» միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ: Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել և այսօր ճանապարհին է այդ օգնությունը՝ 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՝ ոչ: Վերադառնալով հումանիտար ճգնաժամին, հետևյալն ասեմ. իհարկե, Լեռնային Ղարաբաղում, մանավանդ այս սեզոնին, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում են, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գյուղատնտեսական տեխնիկայի վրա: 2020 թվականից այս կողմ մենք դեպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետև վառելիք չկա: Եվ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացել, եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք օրինակ՝ հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ կրկին վառելիքի բացակայության պատճառով հասցնել ալրաղացներ, եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն՝ էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել, եթե ինչ-որ ձևով հնարավոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել՝ հասարակական և մասնավոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան և այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձևով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը և մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ՝ հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքն այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել: Եվ այսպես նույն տրամաբանությամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրեք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարավորություն երեխաներին կերակրել մանկական սնունդով: Ընդ որում, նրանցից շատերը, գուցե հենց սկզբից բնական ճանապարհով չեն կերակրել երեխաներին, և սկսել են մանկական սննդով կերակրել և մի օր ուղղակի մանկական սնունդն անհետացել է: Euronews – Ես Ստեփանակերտում գտնվող լրագրողի հետ եմ խոսել, ով գրեթե նույն ցավալի իրավիճակը ներկայացրեց։ Ուզում եմ խոսել 2020 թվականի մասին։ Հազարավոր մարդիկ են զոհվել՝ զինվորներ և քաղաքացիական անձիք։ Ես այստեղ էի, Հայաստանում, ու գնացի Լեռնային Ղարաբաղ այդ ընթացքում, խոսեցի զոհված զինվորականների մայրերի հետ, ես նաև մյուս կողմում ցավի ու ավերածությունների ականատեսը եղա իմ գործընկերների՝ Ադրբեջանում կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց ես հիշում եմ մայրերից մեկին Հայաստանում, ով իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը։ Ձեր կարծիքով՝ Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։ Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։ Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են։ Euronews – Դուք մի շատ կարևոր բան նշեցիք այստեղ։ Այս տարածաշրջանում առկա է շատ կոնկրետ ու ողբերգական ցիկլ, որտեղ մեկի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ու միայն մյուսի կապիտուլյացիայի միջոցով։ Այսօր ես խոսեցի մի երիտասարդ հայի հետ, ով ինձ ասաց, որ նա անկախության սերնդի ներկայացուցիչ է և որ դեռ շատ փոքր էր՝ հայ և ադրբեջանցի երեխաների միջև երկխոսություններ էին կազմակերպվում Վրաստանի միջնորդությամբ։ Եվ նա ասաց, որ շատ բարյացակամորեն է դա հիշում։ Ի՞նչ եք կարծում, եթե խաղաղությանը հնարավոր լինի հասնել, նկատի ունեմ խաղաղության պայմանագիր կնքվի, հնարավոր կլինի՞ այն իրագործել այսքան ցավի մեջ, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛, իհարկե հավատում եմ։ Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։ Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։ Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է։ Euronews –Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով։ Euronews – Պրն, վարչապետ, և վերջին հարցը։ Արդյոք ինչ-որ ուղերձ ունեք ուղղված մյուս կողմին, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, ում հանդիպում եք բանակցությունների բերումով, այլ Ադրբեջանի ժողովրդին։ Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու։ Euronews – Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հուսով եմ հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:
09:09 - 02 օգոստոսի, 2023
«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում

«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում

Շուրջ 7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչներ Մելքումյանների ընտանիքը կիսված է․ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով 17-ամյա Նարեն մոր՝ Նարինեի ու պապի՝ Ալբերտի հետ Մոխրաթաղում է, քույրը՝ 19-ամյա Մանեն, հոր՝ Արամի հետ՝ Երեւանում։ 7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ․ կրկնում եմ՝ փորձելով նախ ինքս պատկերացնել, թե ինչ փորձություն է դա մարդու համար, որն իր գիտակից ու անգիտակից ողջ կյանքն ապրել է մի ընտանիքում, մի հարկի, մի երկնքի տակ։ Ճիշտ նույն փորձության առաջ է նաեւ Աստղիկ Քեշիշյանը՝ իմ վաղեմի ընկեր, մասնագիտությամբ՝ լրագրող, այժմ՝ Նարեի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին։ Ավելի ճիշտ՝ արդեն նախկին ուսուցչուհին, որովհետեւ Աստղիկը Մոխրաթաղ էր տեղափոխվել «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա ծրագրով։ Ծրագրի ժամկետն ավարտվել է, փորձություններինը՝ ոչ․ արդեն մոտ 2 ամիս է՝ Աստղիկն էլ տուն վերադառնալ չի կարողանում։ Անկարողության ու հուսահատության արանքում փորձում ենք ուժ գտնել՝ պայմանավորվելով միասին պատմել շրջափակման հետեւանքով միջանցքից այս ու այն կողմ մնացած մարդկանց, նրանց առօրյայի, ապրումների մասին։ Որոշում ենք՝ կսկսենք հենց իր աշակերտուհու ընտանիքից․ ինքն այնտեղ՝ Մոխրաթաղում, ես՝ այստեղ՝ Երեւանում։ Ընտանիքն առաջին անգամ Նոր տարին կիսված է դիմավորել Մոխրաթաղում բնակվող Նարեն պատմում է, որ դեկտեմբերի 12-ին, երբ իմացել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելու մասին, չի մտածել, որ դա կարող է այսքան երկար տեւել, ենթադրել է՝ 3-4 օրից կավարտվի․ «Բլոկադայի սկզբում էդքան հուսահատական չէի, որովհետեւ դեռ ընդհանուր պատկերացում չունեի էս ամենի մասին, բայց ընթացքում հասկացա, որ էն հնարավորությունները, որ ունեն ուրիշ տեղ, թեկուզ Հայաստանում ապրող երեխաները, մենք չունենք»։  Նարե Մելքումյանը Ուսման նպատակով Երեւան տեղափոխված քույրը՝ Մանեն էլ է նույն հույսը ունեցել՝ հաշվի առնելով, որ դրանից առաջ ադրբեջանցիները ճանապարհը էլի փակել-բացել էին․ «Բայց ստացվեց այնպես, որ անընդհատ երկարում էր, ու չէի պատկերացնի, որ Նոր տարին կնշեմ Երեւանում։ Քանի որ արձակուրդ էր արդեն, ու մտածում էի՝ գնալու եմ հարազատներիս մոտ, բոլորի համար ամանորյա նվերներ էի գնել,- ասում է Մանեն, որ նվերները մինչեւ հիմա փաթեթավորած պահում է՝ հույսով, որ կգնա տուն եւ վերջապես կնվիրի։ Ամանորյա նվերները Քույրերի խոսքով՝ դա առաջին անգամն էր, երբ իրենց ընտանիքը կիսված է դիմավորել Նոր տարին․ «Ահավոր տխուր էր, օնլայն նշեցինք, օնլայն Նոր տարի էր, ինչ-որ կերպ փորձում ենք օնլայն շփման միջոցով լրացնել մեկս մյուսիս, բայց այն չէ, ինչ պետք է․․․ Մայրիկս էլ է երբեմն շատ հուսահատվում, փորձում եմ իրեն հանգստացնել, որովհետեւ երբ տեսնում եմ, որ ինքը հուսահատվել է, ես ավելի շատ եմ հուսահատվում, ինքը ինձ է հանգստացնում, ես՝ իրեն, փորձում ենք իրար լավատեսություն փոխանցել»,- նշում է արցախցի Նարեն՝ հավելելով, որ կարոտը արդեն խեղդում է, որովհետեւ իրենք շատ սիրալիր, շատ լավ ընտանիք են, ու բաժանված լինելը շատ դժվար է։ Շրջափակումը սովորեցրել է ավելի շատ գնահատել հարազատներին Նարեն, որ սովորում է 12-րդ դասարանում, ասում է, որ այս 7 ամիսների ընթացքում իր համար շատ բան է փոխվել․ «Ավելի շատ եմ սկսել մտածել կյանքի մասին, թե ինչքան տարբեր կարող է լինել մարդկանց կյանքը, ու թե ինչքան բան կարող է փոխվել, ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ, ու մենք կարող ենք մի փոքր բանից երջանկանալ։ Օրինակ՝ սկզբի ընթացքում, որ դեռ միրգ-մանդարին չէին բերում, մի օր ուսուցիչներից մեկը մամայի հետ մի հատ մանդարին էր ուղարկել, փոքր էրեխու պես ուզում էի թռվռալ, կամ թեկուզ ինչ-որ Kinder, որ շատ եմ սիրում, իմ համար առնում էին, ուրախանում էի, բայց բլոկադայից առաջ դա եղել է սովորական, մենք դրանից չենք ուրախացել, հիմա ամեն ինչ շատ մեծ արժեք ունի մեզ համար»։ Նման փոփոխություններ իր կյանքում Մանեն էլ է զգում։ Նա Բժշկական համալսարանի ուսանող է, Երեւան է տեղափոխվել շրջափակումից ամիսներ առաջ։ Ի սկզբանե մենակ է ապրել, բայց դեկտեմբերին հայրը գործերով եկել է, եւ երբ ճանապարհը փակվել է, մնացել է դստեր հետ․ «Սկզբում շատ հանգիստ էի, շատ դժվար չէի տանում, որ մենակ եմ ապրում, որովհետեւ գիտեի, որ միշտ կարող եմ գնալ իմ հայրենիք կամ իրենք կարող են գալ, բայց հետո, երբ հասկացա, որ չեմ կարող, արդեն ավելի դժվար էր, ու ավելի դժվարանում է, քանի որ կարոտի չափը մեծ է։ Անընդհատ խոսում եմ հարազատներիս հետ, մի սովորություն ունեմ՝ մեր հին նկարներով ու վիդեոներով նոր վիդեոներ եմ սարքում, անընդհատ դրանք եմ նայում՝ հույսով, որ էլի կտեսնեմ նրանց»։  Մանե Մելքումյանը Այնուհանդերձ, շրջափակումը, ըստ Մանեի, նաեւ որոշակի դասեր է տվել․ «Այս ընթացքում երեւի միակ լավ բանը այն է, որ սկսել ենք ավելի շատ գնահատել մեր հարազատներին, ավելի շատ սիրել, փորձել ավելի շատ ասել, որ սիրում ենք, կարոտում ենք, որ սպասում ենք, որովհետեւ մինչ էդ գուցե մի քիչ չոր էինք, հաճախ չէինք ասում, իսկ հիմա ավելի շատ ենք կարեւորում»։ Մեծ քույրը նշում է՝ ե՛ւ ինքն ու հայրն են մորն ու քրոջը գոտեպնդում, եւ նրանք՝ իրենց․ «Հավասարապես փորձում ենք միմյանց գոտեպնդել, բայց քույրիկս ու մայրիկս երեւի ավելի ծանր են տանում, ավելի զգայուն են, ես փորձում եմ ավելի ուժեղ լինել, նրանց հույս տալ»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով՝ հույսը վերջում է մեռնում․ իրենց հենց այդ հույսն է պահում․ «Հայրիկս էլ է փորձում լինել ավելի ուժեղ, հիմնականում նա լուռ է, ոչինչ չի խոսում, չի պատմում անգամ պատերազմի մասին, ինքն էլ, բնականաբար, շատ մեծ ցավ է ապրում՝ այս ամենը տեսնելով, բայց որպես տղամարդ՝ փորձում է լինել մեր կողքին»։ Առաջին հարցը՝ ի՞նչ եք կերել այսօր Մանեն ամենօրյա ռեժիմով խոսում է ընտանիքի հետ, առաջին բանը, որ հարցնում է՝ ի՞նչ են կերել այսօր․ «Սովորական շաքարավազ, աղ, ալյուր, էդ ամենը գյուղում էլ չես կարող ձեռք բերել կամ էլ կան այնպիսի գներով, որ դժվար է ստացվում ձեռք բերել․․․ Իսկ բերքի վիճակը, թեեւ այս տարի այնքան էլ լավ չէր, քանի որ եղանակները լավ չեն եղել, բայց ամեն դեպքում, գյուղի ժողովուրդը հնարավորություն ունի իր բերքը ստեղծելու, աճեցնելու, քաղաքում, բնականաբար, ավելի դժվար է»։ Նարեն՝ Ալբերտ պապի հետ Նարեն էլ մանրամասնում է՝ շրջափակման սկզբում, երբ գյուղ դեռ մթերք գալիս էր, կտրոններով կարողանում էին ինչ-որ բաներ գնել ու դրանցով ապրել, իսկ հիմա ընդհանրապես ոչ մի ապրանք չի գալիս, ու իրավիճակը գյուղում վատ է․ «Վերջին ժամանակներում միայն ձմերուկ ու նման բաներ են բերում, բայց չկա ապրանք, որ կարող ես գնել, թեկուզ ոչ գյուղում, այլ Ստեփանակերտում էլ չկա, որ կարողանաս գնել այդ կտրոններով։ Ճիշտ է՝ դեռ չի եղել, որ քաղցած քնեմ, դեռ կարողանում ենք ընտանիքով ապրել, բայց ես շատ քաղցրակեր եմ, երեւի այդ քաղցրի պակասն եմ զգում, Instagram-ը թերթելիս անընդհատ տորթ եմ տեսնում կամ քաղցրավենիքներ, որ չի եղել էստեղ, ու ես շատ եմ ուզում, բայց դե, չկա, տանը փորձում ենք դրա պակասը լրացնել, ինչ-որ բան թխել»։ Այս ամենից կտրվելու համար Նարեին երբեմն ընկերներն են օգնում․ «Իմ ընկերների հետ եմ շփվում, ինչ-որ բաներ ենք կազմակերպում գյուղում, դուրս ենք գալիս, դա մոտիվացնում է, ու այդ պահին սկսում ես մոռանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ուղղակի իրենց հետ փորձում եմ ուրախանալ, կտրվել իրականությունից»։ Նարեի նկարները Մանեն էլ իր հերթին փորձում է խուճապի չմատնվել, շատ չարտասվել, բայց ասում է՝ ծննդյան օրը չի դիմացել․ առաջին անգամ տարեդարձին առանց մոր ու քրոջ պիտի լիներ․ «Այնպես ստացվեց, որ հայրս էլ աշխատանքի էր, ու մենակ էի լինելու, բոլորն ասում էին՝ ընկերներիդ հետ մի տեղ գնա, նշի, ես ասում էի՝ չէ, չեմ նշելու։ Երեւանում բնակվող հարազատներս անակնկալ արեցին, եկան էդ օրը, որ էդքան ծանր չլինի, բայց միեւնույն է, էն չէր, որովհետեւ դժվար էր առանց մայրիկիս, քույրիկիս ու առանց իմ հայրենիքի»։ Ամենամեծ երազանքը՝ խաղաղություն Մանեն պատմում է՝ երբ սեպտեմբերին տեղափոխվեց, ամենաառաջինը, որ սկսեց կարոտել, իր գյուղն ու հայրենիքն էր․ «Անընդհատ խոսում էի հարազատներիս հետ, ու էդքան շատ չէի կարոտում, իսկ հայրենիքս, գյուղս ամենաշատն էի կարոտում, անընդհատ ուզում էի բնությունը տեսնել, մեր տունը տեսնել․․․ Հա, ամենաշատը հայրենիքս եմ կարոտում»։ Մանեի համոզմամբ՝ արցախահայության վիճակը հիմա այնքան վատ է, որ դրա նկատմամբ անտարբեր լինելը հային վայել չէ․ «Ես ուզում եմ, որ հիմա բոլորս մի քիչ ավելի անտարբեր չլինենք մեր հայրնեիքի նկատմամբ, որովհետեւ այս ամենը, որ կատարվում է Արցախում, մի օր էլ կարող է կատարվել Հայաստանում, ու էդ շատ ավելի վատ է, պետք է մի քիչ ավելի զգոն լինենք, մի քիչ ավելի շատ սիրենք մեր հայրենիքը, ու ոչ միայն սիրենք կենացներով, այլ ներդնենք մեզնից մի փոքրիկ մաս մեր հայրենիքի մեջ, ու էդ ժամանակ գուցե ինչ-որ բան փոխվի»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով մեր պատմության շրջափուլերն ու հույս հայտնելով, որ եթե հիմա վատ է, գուցե գա ժամանակ, երբ ամեն ինչ լավ լինի, եւ բոլորը երջանիկ լինեն։ Մանեի գրասեղանը Ամենամեծ երազանքի մասին հարցն էլ երկար մտածել չի տալիս․ իրարից անկախ, իրարից հեռու՝ քույրերը միեւնույն բառերով միենույն երազանքի մասին են նշում․  «Պետք է խաղաղություն ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում, ու ընդհանրապես, ամբողջ աշխարհում․ եթե խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի»,- ասում է Նարեն։ Մանեն էլ լրացնում է․ «Ամբողջ աշխարհում, եթե դա հնարավոր է»։ Երբ մի օր ճանապարհը բացվի Նարեն ասում է, որ եթե հանկարծ մի օր լուրերը թերթելիս կարդա, որ ճանապարհը բացվել է, սկզբում երեւի թե չի հավատա․ «Դա մի տեսակ անհավատալի լուր է դարձել բոլորիս համար, բայց ճշտելուց հետո մի երկու շոր կհավաքեմ, ու վերջապես կգնանք Երեւան»։  Մանեն էլ իր հերթին հայրենի գյուղ վերադառնալ է նախատեսում․ «Գիտեմ, որ շատ երկար ժամանակով չեմ կարողանա, որովհետեւ սովորում եմ էստեղ, բայց իմ համար շատ կարեւոր է, որ 1-2 օրով տեսնեմ էդ ամեն ինչը, որովհետեւ պատերազմից հետո իմ մեջ անընդհատ վախ կա, որ կարող եմ չտեսնել իմ տունը, իմ հայրենիքը, ինչպես հիմա չենք կարող տեսնել մեր հայրենիքի մի մասը»։ Ապագայի պլանները՝ կապված Արցախի հետ Նարեն այս տարի ավարտելու է դպրոցը, ցանկանում է դիզայներ դառնալ, հանուն որի էլ շրջափակման ընթացքում դժվարությամբ, բայց վճռել է սկսել պարապմունքների հաճախելը․ «Առաջին օրը ահավոր շատ մտածում էի՝ ոնց պիտի գնամ, որ հասնեմ Մարտակերտ, որ հետո էնտեղից էլ գնամ Ստեփանակերտ, մի կերպ կարողացանք մարդ գտնել, որ գնալու էր Մարտակերտ, իր հետ գնացի, ու էլի մի քանի անգամ իր հետ գնացել եմ Մարտակերտ, էնտեղից էլ՝ ավտոբուսով Ստեփանակերտ, բայց գալու հարցն էր շատ դժվար, քանի որ ոչ թե տաքսիներ չկային, կային, բայց դրանք չէին գալիս գյուղ, քաղաքում էին կատարում իրենց ծառայությունները, որովհետեւ վառելիք չկար, մի ամիս էդպես գնացի, երբեմն մնացի Ստեփանակերտում, որպեսզի անընդհատ չգնամ-չգամ, բայց մի շաբաթ առաջվանից արդեն էլ չեմ գնում, օնլայն եմ փորձում շարունակել պարապմունքները, բայց օրվա ընթացքում, հատկապես, երբ հովհարային անջատումներ են լինում, շատ եմ նեղվում, էդ մթությունը մի տեսակ տխրություն է բերում, ավելի շատ եմ սկսում մտածել իրավիճակի մասին, ավելի հուսահատական մտքեր են գալիս»,- ասում է Նարեն՝ միաժամանակ կես կատակ-կես լուրջ հավելում՝ երբ լամպ կամ մոմ են վառում, երեկոն ռոմանտիկ է դառնում․ ուրիշ դրական բան շրջափակումը, ըստ նրա, չունի։ Հովհարային անջատման ժամ Նարեն սկզբում մոտիվացիա չուներ, բայց ասում է՝ ընթացքում փորձեց իրեն հավաքել, մտածել, որ ինչ անում է, իր ապագայի համար է, իսկ այդ ապագայի պլանները կապված են հենց Արցախի հետ․ «Ապագայի պլանների մեջ սովորել, դիզայներ լինելն է։ Իհարկե, գիտեմ, որ չեմ կարողանա էստեղ սովորել, որովհետեւ էստեղ չկա լավ գիտելիքներ ստանալու հնարավորություն, նաեւ այն, որ հայրս ու քույրս Երեւանում են, մի պատրվակ է, որ ես էլ էնտեղ սովորեմ․․․ Բայց չեմ ուզում էնտեղ ապրել, որովհետեւ սա է իմ տունը, ես էստեղ եմ մեծացել, էստեղ էլ կապրեմ, երբեք չեմ ուզել էստեղից գնալ, նույնիսկ, երբ մի քանի շաբաթով գնում եմ ուրիշ տեղ, օրինակ՝ Ստեփանակերտ, իմ մեջ շատ մեծ կարոտ է առաջանում դեպի իմ տուն»,- ասում է Նարեն։ Իսկ Մանեն, քանի դեռ արձակուրդում է, փորձում է Երեւանում աշխատանք գտնել, ինքնակրթությամբ է զբաղվում, որպեսզի լրացնի ազատ ժամանակը։ Դրանից բացի, ՀՀ-ում գտնվող արցախցի երիտասարդներով «Տանեն հեռու խոխեք» անվամբ խումբ են ստեղծել առցանց տիրույթում, միասին մասնակցում են ցույցերին ու հանրահավաքներին։ Մանեն ասում է՝ չգիտի՝ դա ի վերջո կօգնի՞ թե՞ ոչ, բայց ինքը գոնե վստահ կլինի, որ մի բան արել է իր հայրենիքի համար եւ անտարբեր չի եղել․ «Ես զարմանում եմ, որ մարդիկ ասում են՝ ինչի՞ են անում, միեւնույն է՝ չի օգնի, հա, ես համամիտ եմ, դեկտեմբերին էլ ցույցեր կային, էլի մասնակցում էինք, էլի Արցախի երիտասարդներն էին անում, բայց հասկացա, որ չօգնեց, ու հիմա էլ կարող եմ ասել՝ չի օգնում, չեմ անում, բայց միեւնույն է՝ հույսը կա, որ գուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի»։ Մանեն անկեղծանում է՝ 44-օրյա պատերազմից հետո մտածում էր Երեւանում ապրելու մասին, մտածում էր՝ Արցախում նորից է պատերազմ սկսելու, բայց մոտ մեկ տարի առաջ ամեն ինչ փոխվեց․ այժմ ուզում է ապրել միայն Արցախում․ «Ես հասկացա, որ ուզում եմ Երեւանում սովորել, էստեղ գալ-գնալ, որովհետեւ սա էլ է իմ հայրենիքը, ու ես սիրում եմ Երեւանը, սիրում եմ Հայաստանը, բայց իմ կյանքը, իմ նպատակները, իմ առաքելությունը պատկերացնում եմ Արցախում, պատկերացնում եմ, որ կդառնամ բժիշկ, կգնամ Արցախ, որովհետեւ շատ քչերն են գնում Արցախ, եւ իրականում Արցախը բժշկի կարիք միշտ էլ ունի»,- ասում է Մանեն՝ վստահ գիտակցումով, որ պիտի լինի այն բժիշկներից մեկը, որն Արցախում է ապրելու եւ օգնելու իր հայրենակիցներին։   Գլխավոր լուսանկարում՝ Մելքումյանների ընտանիքը Միլենա Խաչիկյան, Երևան Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ  
16:35 - 31 հուլիսի, 2023
«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ
 |aravot.am|

«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ |aravot.am|

aravot.am: 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջաններից տեղահանված անձինք այսօրվանից նստացույց են սկսում Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Մասնավորապես, նստացույցը նախաձեռնել են Հադրութից տեղահանված բնակիչները։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջներն են՝ Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում։ «Մեր պահանջն է Բերձորի միջանցքի բացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Մեր ժողովրդի մեծ մասն ասում է՝ թող մեզ զենք տան, գնանք զենքով բացենք։ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն անընդհատ պնդում են, որ ճանապարհի բացումը կարող է բերել պատերազմական վիճակի, բայց մենք ուզում ենք ասել, որ հրամայական է ճանապարհը բացելը, եւ պետք չէ խուսափել անգամ կռվով բացելուց։ Եթե միակ ճանապարհը դա է, պետք է դա անենք։ Եվ այնպես չէ, որ եթե այսօր ճանապարհը բացենք, դրանով մեր հարցերը լուծվում են։ Հարցի միակ լուծումը Արցախի ինքնորոշումը ճանաչելն է։ Եթե Արցախի ինքնորոշումը չճանաչվի, Ադրբեջանն այսօր կարող է միջանցքը բացել, վաղը փակել, հայտարարել, որ դա իր տարածքն է։ Միջանցքի բացվելուն զուգահեռ՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է սկսեն աշխատել ինքնորոշման ճանաչման ուղղությամբ»,- ասաց նա։ Լեւոն Հայրյանի խոսքով՝ նստացույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց հիմնական պահանջն ուղղված է Հայաստանի կառավարությանը։ «Եվ այդ պահանջը կարելի է ձեւակերպել այսպես՝ ազգին ու ժողովրդին կամ պահեք, կամ գնացեք տուն։ Եթե չեք կարողանալու պահել, ձեր ժամանակն էլ եք վատնում, ազգին էլ եք վնաս տալիս։ Ապագայում դա ձեզ համար էլ անհետեւանք չի լինելու։ Ազգի հարցերը լուծելու փոխարեն՝ ազգի բաժանել են մի 12 մասի, ասելով՝ Արցախը Հայաստան չէ, Սփյուռքը մեր հետ գործ չունի։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակը պետք է լինի հայ մարդուն աշխարհի ցանկացած անկյունում ծառայելը, իսկ այս իշխանությունները, ինչպես տեսնում ենք, Արցախից ուզում են ձեռքերը լվանալ, Սփյուռքի հետ պրոբլեմներ ստեղծել։ Կարելի է ասել՝ դասական Սփյուռքը համարյա չկա»,- հավելեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախին ֆինանսական աջակցություն են հատկացրել, Հայրյանն ասաց․ «Երեւանի ժարգոնում նախկինում շատ լավ արտահայտություն կար՝ երբ մեկին փող էին տալիս, բայց հարցը փողի մեջ չէր, ասում էին՝ այդ փողը վերցրու, գլուխդ խուզիր, մածուն քսիր։ Ի՞նչ ասել է՝ փող ենք տալիս։ Մենք քեզ ասել ենք՝ փող տո՞ւր Արցախին։ Մենք ասում ենք՝ Արցախը պահիր։ Մենք ասում ենք՝ քո գործը, այ իշխանություն, ոչ թե փող տալն է, այլ երկիր պահելն է։ Ընդ որում, ես հստակ հակազդեմ իրենց խոսքին՝ այն փողը, որն իրենք տալիս են, առանց իրեն ասելու չեն ծախսում։ Ես մի քանի անգամ իմ ելույթներում ասել եմ, որ չեմ պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանն առանց Նիկոլ Փաշինյանի որեւէ քայլ անի։ Երկուսով երեւի պայմանավորվել են, որ փողի թեման բերեն մեջտեղ»,- նշեց նա։ Հայրյանը նաեւ հարցադրում արեց․ «Ո՞ւմ դեմ էր նստացույց անում Արցախի նախագահը։ Եթե Նիկոլի դեմ չէր անում, ուրեմն պայմանավորված կլինեին։ Ես չեմ տեսել, որ Արցախի կառավարությունից որեւէ մեկը Նիկոլի դեմ բան ասի։ Եվ 1991 թվականից՝ Մկրտչյան Արթուրի զոհվելուց հետո, Ղարաբաղի որեւէ ղեկավար չեմ տեսել, որ անմռունչ չենթարկվի Հայաստանի որեւէ ղեկավարի։ Եվ երեւի մեր դժբախտությունն էլ դա է, որ երբ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ ազդեցության լծակի տակ չէին ճանաչում ինքնորոշման իրավունքը, Արցախի իշխանությունները չէին մտածում, որ կուժն ու կուլան իրենց վրա պետք է կոտրվի։ Այնպես որ, ես հակված եմ կարծել, որ Արայիկ Հարությունյանի նստացույցն ու այս վերջին ցույցները կարող է Նիկոլի հետ պայմանավորվածության արդյունք լինել։ Թե ինչ են հետապնդում, չգիտեմ, որովհետեւ ինքնորոշման իրավունքն է մեր հիմնական նպատակը, իսկ այդ ցույցերի ժամանակ չեն խոսել այդ մասին։ Մենք նման ենք այն հիվանդին, ով գնում է բժշկի, չի ասում, թե որտեղ է ցավում, բայց սպասում է, որ բժիշկը պետք է իրեն բուժի։ Մենք ինքնորոշումից չենք խոսում, մեր շահերից չենք խոսում, բայց ցույց ենք անում»։
14:54 - 31 հուլիսի, 2023
68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մտահոգված ենք լուրով, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառուին ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է»,- գրել է Բադալյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:  Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Դատախազությունը հայտնում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է հանցավոր խմբավորման հետ գործելու մեջ, որը 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ինչպես նաև, ոչնչացնելով գյուղացիներին պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 
17:58 - 29 հուլիսի, 2023
68-ամյա տղամարդուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

68-ամյա տղամարդուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ, որում ասվում է․ «Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:  Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:  Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Դատախազությունը հայտնում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է հանցավոր խմբավորման հետ գործելու մեջ, որը 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ինչպես նաև, ոչնչացնելով գյուղացիներին պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 
17:15 - 29 հուլիսի, 2023