«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ
 |aravot.am|
14:54 - 31 հուլիսի, 2023

«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ |aravot.am|

aravot.am: 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջաններից տեղահանված անձինք այսօրվանից նստացույց են սկսում Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Մասնավորապես, նստացույցը նախաձեռնել են Հադրութից տեղահանված բնակիչները։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջներն են՝ Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում։ «Մեր պահանջն է Բերձորի միջանցքի բացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Մեր ժողովրդի մեծ մասն ասում է՝ թող մեզ զենք տան, գնանք զենքով բացենք։ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն անընդհատ պնդում են, որ ճանապարհի բացումը կարող է բերել պատերազմական վիճակի, բայց մենք ուզում ենք ասել, որ հրամայական է ճանապարհը բացելը, եւ պետք չէ խուսափել անգամ կռվով բացելուց։ Եթե միակ ճանապարհը դա է, պետք է դա անենք։ Եվ այնպես չէ, որ եթե այսօր ճանապարհը բացենք, դրանով մեր հարցերը լուծվում են։ Հարցի միակ լուծումը Արցախի ինքնորոշումը ճանաչելն է։ Եթե Արցախի ինքնորոշումը չճանաչվի, Ադրբեջանն այսօր կարող է միջանցքը բացել, վաղը փակել, հայտարարել, որ դա իր տարածքն է։ Միջանցքի բացվելուն զուգահեռ՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է սկսեն աշխատել ինքնորոշման ճանաչման ուղղությամբ»,- ասաց նա։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ նստացույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց հիմնական պահանջն ուղղված է Հայաստանի կառավարությանը։ «Եվ այդ պահանջը կարելի է ձեւակերպել այսպես՝ ազգին ու ժողովրդին կամ պահեք, կամ գնացեք տուն։ Եթե չեք կարողանալու պահել, ձեր ժամանակն էլ եք վատնում, ազգին էլ եք վնաս տալիս։ Ապագայում դա ձեզ համար էլ անհետեւանք չի լինելու։ Ազգի հարցերը լուծելու փոխարեն՝ ազգի բաժանել են մի 12 մասի, ասելով՝ Արցախը Հայաստան չէ, Սփյուռքը մեր հետ գործ չունի։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակը պետք է լինի հայ մարդուն աշխարհի ցանկացած անկյունում ծառայելը, իսկ այս իշխանությունները, ինչպես տեսնում ենք, Արցախից ուզում են ձեռքերը լվանալ, Սփյուռքի հետ պրոբլեմներ ստեղծել։ Կարելի է ասել՝ դասական Սփյուռքը համարյա չկա»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախին ֆինանսական աջակցություն են հատկացրել, Հայրյանն ասաց․ «Երեւանի ժարգոնում նախկինում շատ լավ արտահայտություն կար՝ երբ մեկին փող էին տալիս, բայց հարցը փողի մեջ չէր, ասում էին՝ այդ փողը վերցրու, գլուխդ խուզիր, մածուն քսիր։ Ի՞նչ ասել է՝ փող ենք տալիս։ Մենք քեզ ասել ենք՝ փող տո՞ւր Արցախին։ Մենք ասում ենք՝ Արցախը պահիր։ Մենք ասում ենք՝ քո գործը, այ իշխանություն, ոչ թե փող տալն է, այլ երկիր պահելն է։ Ընդ որում, ես հստակ հակազդեմ իրենց խոսքին՝ այն փողը, որն իրենք տալիս են, առանց իրեն ասելու չեն ծախսում։ Ես մի քանի անգամ իմ ելույթներում ասել եմ, որ չեմ պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանն առանց Նիկոլ Փաշինյանի որեւէ քայլ անի։ Երկուսով երեւի պայմանավորվել են, որ փողի թեման բերեն մեջտեղ»,- նշեց նա։

Հայրյանը նաեւ հարցադրում արեց․ «Ո՞ւմ դեմ էր նստացույց անում Արցախի նախագահը։ Եթե Նիկոլի դեմ չէր անում, ուրեմն պայմանավորված կլինեին։ Ես չեմ տեսել, որ Արցախի կառավարությունից որեւէ մեկը Նիկոլի դեմ բան ասի։ Եվ 1991 թվականից՝ Մկրտչյան Արթուրի զոհվելուց հետո, Ղարաբաղի որեւէ ղեկավար չեմ տեսել, որ անմռունչ չենթարկվի Հայաստանի որեւէ ղեկավարի։ Եվ երեւի մեր դժբախտությունն էլ դա է, որ երբ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ ազդեցության լծակի տակ չէին ճանաչում ինքնորոշման իրավունքը, Արցախի իշխանությունները չէին մտածում, որ կուժն ու կուլան իրենց վրա պետք է կոտրվի։ Այնպես որ, ես հակված եմ կարծել, որ Արայիկ Հարությունյանի նստացույցն ու այս վերջին ցույցները կարող է Նիկոլի հետ պայմանավորվածության արդյունք լինել։ Թե ինչ են հետապնդում, չգիտեմ, որովհետեւ ինքնորոշման իրավունքն է մեր հիմնական նպատակը, իսկ այդ ցույցերի ժամանակ չեն խոսել այդ մասին։ Մենք նման ենք այն հիվանդին, ով գնում է բժշկի, չի ասում, թե որտեղ է ցավում, բայց սպասում է, որ բժիշկը պետք է իրեն բուժի։ Մենք ինքնորոշումից չենք խոսում, մեր շահերից չենք խոսում, բայց ցույց ենք անում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել