ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից |armenpress.am|

Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և օգտագործում են իրենց կողմից քաղված սնկերը:  Հանրապետությունում սնկից թունավորման օրերս գրանցված վերջին ահազանգի համաձայն՝ օգոստոսի 1-ին 5 քաղաքացի հայտնվել էր հիվանդանոցում: Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանք կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: «Այստեղ գործ ունենք երկու տարբեր ընտանիքների հետ, որոնք Լոռու մարզից են: Սնկից թունավորման դեպքը տարբեր համայնքներում է գրանցվել, միմյանց հետ կապ չունեցող դեպքեր են: Մեկը 2 հոգանոց, մյուսը 3 հոգանոց ընտանքիներ են: Մեկ հոգի արդեն դուրս է գրվել, մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: Գերատեսչությունը հնարավոր բոլոր աղբյուրներով իրազեկման աշխատանքներ է կատարում բնակչության շրջանում և հորդորում, որպեսզի հեռու մնան անհայտ ծագման սնկերից:  «Մի փորձեք ձեր քաղած սունկն օգտագործել: Շատ հաճախ թունավոր սնկերը նման են ուտելու սնկերին և տարբերակելը շատ դժվար է լինում: Ցավոք սրտի, մեր հասարակության շրջանում դեռ պահպանվում է նկարներով ուտելու սնկերը տարբերակելու մոտեցումը, սակայն դա ռիսկային է: Դեպքեր ենք ունեցել, քաղաքացին պատմել է, որ միշտ այդ սունկը կերել է, սակայն մի օր ուտելուց հետո թունավորվել է: Ասեմ, որ թունավոր սունկը կարող է աճել ուտելու սնկերի կողքին, ինչը դժվարացնում է տարբերակելու գործընթացը»,-ասաց նա:   Մասնագետը հորդորեց նաև անհայտ ծագման վայրերից սունկ չգնել: Այս օրերին հաճախ ականտես ենք լինում համայնքներին մոտ բնակավայրերում, փողոցներում, մայրուղիներում դույլերով սունկ վաճառելու գործընթացին: Նման դեպքում ի՞նչ վերահսկողական գործառույթներ են նախատեսված օրենքով, ի՞նչ անելիք ունի տեսչական մարմինը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ այդ հատվածում իրենք իրավասություն չունեն: «Մենք վերհսկում ենք միայն իրավաբանական անձանց: Այն, ինչ վաճառվում է խանութներում, պետք է ունենա ուղեկցող փաստաթղթեր, որպեսզի մենք հստակ տեսնենք թե շեղումը որտեղից է գալիս: Ֆիզիկական անձի դեպքում մենք գործառույթ չունենք: Մենք չենք կարող ֆիզիկական անձին ստիպել ինչ-որ բան անել կամ նրա նկատմամբ սանկցիաներ կիրառել»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ փողոցներում, մայրուղիներում սնկի վաճառք կլինի, թե խնձորի կամ այլ սննդի տեսակի, դիտարկվում է փողոցային առևտրի համատեքստում: Այդ դեպքում վերահսկողությունը տեղական ինքնակառավարման մարմիններինն է, ոստիկանությանը:  Ամեն դեպքում եթե կերել եք սունկ և ունեք ինքնազգացողության վատացում, մասնագետները հորդորում են անմիջապես դիմել բժշի, չզբաղվել ինքնաբուժությամբ:  Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները զգուշացնում են՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,  ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը: Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել հում սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
09:30 - 04 օգոստոսի, 2020
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր․ ԱՆ

Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր․ ԱՆ

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են.• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,• չուտել հում սունկ,• երեխաներին չկերակրել սնկով,• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,• չզբաղվել ինքնաբուժմամբ։
20:22 - 01 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38550 դեպք, մեկ օրում հաստատվել է 354 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 38550 դեպք, մեկ օրում հաստատվել է 354 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1982 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:
10:57 - 31 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37937 դեպք, մեկ օրում գրանցվել է 308 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37937 դեպք, մեկ օրում գրանցվել է 308 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1853 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
11:00 - 29 հուլիսի, 2020
Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք, գրանցվել է մահվան նոր 8 դեպք

Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք, գրանցվել է մահվան նոր 8 դեպք

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։ Նոր թեստերի թիվը 1061 է, գրանցվել է մահվան նոր 8 դեպք։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
10:57 - 28 հուլիսի, 2020
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:    ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ: Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:    Առողջապահության նախարարությունը,  «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար  թեստավորում, որը կիրականացվի անանուն, անվճար, հասանելի և արագ: Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող  (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «#Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
10:06 - 28 հուլիսի, 2020
Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝ Տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը: Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021-2023 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նախարարը զեկուցել է, որ 2019-ի հունվարից, իսկ հուլիսից` ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020-ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր: 2019-ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ: 2019-ի հուլիսից 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով: Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս: 2020-ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01», նախկին «30.01»-ի փոխարեն: Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով: 2020-ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել են բարձր ռիսկի հղիների հետազոտությունները` հայտնաբերելով և բուժելով ախտաբանական այն վիճակները, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով: 2020-ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը: Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թ-ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը և նշել, որ այն գտնվում է մշակման փուլում և առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել Առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից և նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են և դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին և այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը:
18:29 - 27 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37390 դեպք, մեկ օրում գրանցվել է 73 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 37390 դեպք, մեկ օրում գրանցվել է 73 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 187 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 314 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
10:56 - 27 հուլիսի, 2020