Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
10:06 - 28 հուլիսի, 2020

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:   

ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ:

Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:   

Առողջապահության նախարարությունը,  «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար  թեստավորում, որը կիրականացվի անանուն, անվճար, հասանելի և արագ:

Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող  (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ:

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «#Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել