Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո. Ամատունին` զինվորների դեպքի մասին |armeniasputnik.am|

Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո. Ամատունին` զինվորների դեպքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո, ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգման դեպքին։ «Մենք հետևում ենք իրավիճակին, սակայն մեր աշխատանքը մեր մանդատի շրջանակում կարող ենք կատարել միայն պաշտոնական կողմի հաստատման կամ ընտանիքի դիմումի հիման վրա»,- ասել է Ամատունին՝ հավելելով, որ այս պահին նման դիմում չկա ո՛չ պաշտոնական կողմից, ո՛չ էլ զինվորների ընտանիքից։   ՀՀ ՊՆ–ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
13:39 - 27 մայիսի, 2023
Վերականգնվել է Կարմիր խաչի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ. Արցախի ԱՆ

Վերականգնվել է Կարմիր խաչի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ մայիսի 26-ին, Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն: «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։
17:03 - 26 մայիսի, 2023
ԿԽՄԿ-ի նախագահի հետ ԱԳ փոխնախարարը քննարկել է ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների մեղմման հարցում

ԿԽՄԿ-ի նախագահի հետ ԱԳ փոխնախարարը քննարկել է ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների մեղմման հարցում

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը, այդ թվում, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։ Այս համատեքստում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման և հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գևորգյանն արժևորել է նաև ԿԽՄԿ գործունեությունը՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ:
11:15 - 25 մայիսի, 2023
Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ
 |tert.am|

Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ |tert.am|

tert.am: Այսօր մենք վերսկսել ենք մեր մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին Tert.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։ Հիշեցնենք, որ մարդասիրական օգնության գործողությունները դադարեցվել էին , քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ուներ որոշակի ընթացակարգեր, որոշումներ կայացնողների հետ ընթանում էր երկխոսություն։ Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
15:43 - 17 մայիսի, 2023
Ինչու 18 օր Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում. պարզաբանում է ԿԽՄԿ–ն |armeniasputnik.am|

Ինչու 18 օր Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում. պարզաբանում է ԿԽՄԿ–ն |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ խնդիրը որոշակի ընթացակարգերի հստակեցումն է։ Ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն է տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։ «Մենք ինքներս ենք դադարեցրել այդ գործողությունները։ Այս պահին բոլոր որոշում կայացնողների հետ երկխոսություն է ընթանում` հստակեցնելու ընթացակարգերը, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործողությունները»,– նշեց Ամատունին։ Նա հույս հայտնեց, որ գործընթացը շատ արագ կվերականգնվի։
11:17 - 17 մայիսի, 2023
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ

Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ

Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխումները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից՝ արցախյան կողմն ստիպված է եղել ռուս խաղաղապահների աջակցությանը դիմել և տեղափոխել հրատապ կարիք ունեցող հիվանդներին՝ կանխելու համար նրանց կյանքին ու առողջությանը հասցվելիք անդառնալի հետևանքները: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության տակ՝ հնարավորինս կատարելով նրանց վիճակի հետագա վատթարացումից խուսափելու ուղղությամբ: Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության ադրբեջանական կողմից, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:21 - 11 մայիսի, 2023
ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան |artsakhpress.am|

ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։ «Այժմ Կոմիտեն որոշում կայացնող բոլոր կողմերի հետ քննարկումներ է իրականացնում Լաչինի միջանցքով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու և այլ մարդասիրական խնդիրներին արձագանքելու համար»,-ասել է Է. Մուսայելյանը՝ հավելելով, որ խոսքով՝ 2022 թ․ դեկտեմբերի 19-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլի 29-ը Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ է տեղափոխվել 394 բուժառու:
21:19 - 10 մայիսի, 2023
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ
 |azatutyun.am|

ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: 12 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ոչ մի շարժ չեն իրականացնում Լաչինի միջանցքով։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա մենք գտնվում ենք բանակցությունների փուլում բոլոր որոշում կայացնողների հետ, քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը», - ասում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ Նա շեշտում է, որ Ադրբեջանը պաշտոնապես Հակարի կամրջի վրա սահմանային անցակետ է տեղադրել, և տեխնիկական հարցեր կան քննարկելու. - «Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է էս նոր իրավիճակում էլ հասկանալ, թե արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները»։ «Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում, Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց հնարավոր չէ Երևան տեղափոխել», - Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է ժամեր առաջ թվիթերյան գրառմամբ ահազանգել. - «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը»։ Էթերի Մուսայելյանը կրկնում է՝ իրենց որոշումն է Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխել, քանի դեռ պարզաբանված չեն բոլոր հարցերը։ Արդյո՞ք արդրբեջանը անընդունելի պայմաններ է առաջադրում։ Կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ իրենց բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:25 - 10 մայիսի, 2023
Ապրիլի 29-ից Ադրբեջանի հարուցած խոչընդոտի հետևանքով դադարել են Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Ապրիլի 29-ից Ադրբեջանի հարուցած խոչընդոտի հետևանքով դադարել են Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:   Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:   Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց, հուսանք՝ այն շուտով կվերսկսվի:   Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում, և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի:  
17:05 - 10 մայիսի, 2023
Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը
 |armenpress.am|

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին սահմանային անցակետ է տեղադրել Հաքարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Բաքվից հայտարարել են, որ անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
15:26 - 10 մայիսի, 2023
Արցախից 13 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ

Արցախից 13 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող  13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 378 հիվանդ։
17:24 - 28 ապրիլի, 2023
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 բուժառու

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 6 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 365 հիվանդ։
13:18 - 27 ապրիլի, 2023
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։  «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։
12:18 - 26 ապրիլի, 2023
Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման: Շրջափակման 131 օրվա ընթացքում՝ Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը: Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ: Հարկ է նշել, որ «Կարմի խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։
20:09 - 21 ապրիլի, 2023