Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Մենք մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, իրականացնելու ենք այն բոլոր գործողությունները, որոնց հնարավորությունը տալիս է մանդատը՝ ՍԴ դիմել, ԱԺ-ում հարցեր պարտադրել և բազմաթիվ այլ բաներ։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը, երկրում վերականգնել ազգային իշխանություն և ձևավորել սահմանադրական կարգ»,-հայտարարեց պատգամավորը։ Մինասյանը վստահեցրեց՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։
12:19 - 16 նոյեմբերի, 2021
Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

Ըստ էության՝ այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 2020-ի պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է։ Այս ամենն առաջին  հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։ «Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։ Ըստ Օհանյանի՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի համար մնում են որպես հիմք՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։ «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի՝ ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց նա՝ նշելով, թե այս ամենից ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։ Ավելին՝ tert.am-ում
12:05 - 16 նոյեմբերի, 2021
Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ:    «Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:   Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:   Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել Հայաստանում: Դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի, մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որը կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչև քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:
11:14 - 16 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավորի և մյուսների սպանության գործով պատգամավորի 3 որդիները կալանավորվել են |factor.am|

factor.am: Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են պատգամավորի երեք որդիները։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել, Թադևոսյանի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
10:48 - 16 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի հերթական նիստերին

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստի սկզբում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստերին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը․ «Պահանջում էինք կառավարությունից բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության  բացակայության պատճառով է»,- ասաց նա հավելելով, որ կառավարությունը խոչընդոտել է այս նախաձեռնությունը։ Օհանյանը ընդգծեց նաև, որ բացի այդ՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին»։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության․ «Ինչպես արդեն իսկ ներկայացվեց, ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, արտահերթ խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում։ Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենը այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք «Սնդիկի մասին» օրենքի  կարևորագույն կետի ներառումը։ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»։ Այնուհետև նրանք լքեցին նիստերի դահլիճը։ 
10:28 - 16 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր երեկոյան, ժամը 20։00-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստ էին նախաձեռնել սահմանային իրավիճակը քննարկելու համար, սակայն այն չկայացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր պատգամավորները միջանցքում վիճաբանում էին չկայացած խորհրդի նիստի շուրջ: «Մեր ընդդիմադիր գործընկերները հինգին քսան պակաս ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրենք: Ցավոք սրտի, ժամանակի ու ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նույնիսկ չեմ կարողանում այդ հարցը քննարկել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջարկին համապատասխան ձևով կցված նախագիծ և հիմնավորումներ չկան: Նրա խոսքով` երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: «Նախ պետք է հասկանանք՝ պետություն ունենալո՞ւ ենք, և նոր բյուջեի մասին խոսենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
19:41 - 15 նոյեմբերի, 2021
Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: «Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի  գործընթացը պետք է սկսվի: Պետք է հասկանանք, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, դա իր հետքը թողելու է բոլոր տեսակի բանակցությունների վրա, որովհետև այն գործունեությունը, որն այսօր Ադրբեջանը ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից: Դրա մասին բարձր ասվել է և մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցը նույնպես քննարկել են և քննարկում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը: Նրա խոսքով` դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը, սահմանների ճշտումը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը:  «Մենք պետք է ֆիքսենք՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, որպեսզի շահարկումներ չլինեն, որպեսզի չփորձեն դրա հիման վրա ներքին և արտաքին քաղաքական ազդեցություններ ունենալ, որից կարող են օգտվել նաև մեր հակառակորդները»,- եզրափակեց Սիմոնյանը:
18:05 - 15 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ «Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ՀՀ-ում արդունաբերության զարգացմանը միտված քայլերն ուսումնասիրելը, որի արդյունքում հասկանալի կդառնա, թե ինչպես մեր երկրում ներմուծման ծավալները փոխարինել արտահանման ծավալներով: Այդ համատեքստում կարեւոր է նաեւ հասկանալ, թե արդյունաբերության զարգացման համար ո՞ր ուղղություններն են ընտրվելու՝ ճյուղային, թե հորիզոնական: Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ներքին արդյունաբերության քաղաքականության զարգացման մշակմանը, առանձնացրել է դրան միտված մի շարք ուղղություններ: Դրանց շարքում ԱԺ փոխնախագահն առաջնային է դիտարկել որակյալ տվյալների վիճակագրությունը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարեւորելով հայկական արտադրությանը զարկ տալը, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար այն ավելի տեսանելի եւ գրավիչ լինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ արդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հայտարարումն ու հիմնավորումը եռամսյա ժամկետում արձանագրված է նաեւ Կառավարության ծրագրում: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, կարեւորելով արտահանման ծավալների ընդլայնումը, նշել է, որ դրան կնպաստի նաեւ թղթաբանության ժամկետների նվազումը: Ըստ նրա՝ արտահանող կազմակերպություններն ամենաքիչ ժամանակը պետք է ծախսեն հենց դրա վրա: Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Կողմերն առանձնացրել են արդյունաբերության գերակա ուղղությունները՝ նշելով, որ առաջնային է զարգացման  հիմնական ճյուղերը հասկանալը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել գերակա ուղղության նշանակությունը: Ըստ նրա՝ դա կարող է սկսվել դիվանագիտական աշխատանքից ու վերջանալ ֆիսկալ քաղաքականության վրա ազդեցություններով: Գեւորգ Պապոյանը, ամփոփելով աշխատանքային քննարկումը, նշել է, որ այն կլինի շարունակական եւ մի քանի շաբաթից վերստին կհանդիպեն գործադրի ներկայացուցիչների հետ՝ ավելի առարկայական քննարկում անցկացնելու ակնկալիքով»,- նշված է ԱԺ հայտարարության մեջ։
20:32 - 12 նոյեմբերի, 2021
Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները: Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:
16:27 - 12 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու եւ հետեւողականության հարցերում: Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները եւ այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանն ու միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն ուղղված թեմաներին: Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը:
15:30 - 12 նոյեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:  ««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը: Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 
14:17 - 12 նոյեմբերի, 2021
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020  թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
14:13 - 12 նոյեմբերի, 2021