Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:
««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը:
Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:
Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
comment.count (0)