ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։  Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել  զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ 
19:28 - 16 մարտի, 2021
Բանակի մասին սուտ սուտ տեղեկություններ տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. Արման Սարգսյան |1lurer.am|

Բանակի մասին սուտ սուտ տեղեկություններ տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. Արման Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Բանակի վերաբերյալ սուտ տեղեկություններ, խուճապ և քաոս տարածող, հայտարարություններ անող մարդիկ պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին:  «Եթե մեր հասարակությունը տեսնի պատժված մարդիկ, որոնք «հայրենասիրական դրդումներից ելնելով» հակառակ պրոցեսն են գեներացնում, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, և մյուսները, տեսնելով դա, զերծ կմնան բանակի մասին սուտ տեղեկություն տարածելուց:  Մարդիկ շատ հաճախ իրավունքի չարաշահում են իրականացնում՝ գիտակցելով կամ ոչ, քաոս ու խուճապ են տարածում համացանցում: Երբ դուրս ես գալիս, տեսնում ես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Նման մարդկանց պետք է պարսավանքի ենթարկել՝ որպես անհայրենիք մարդկանց: Երկրի անվտանգության, պաշտպանունակության, սահմանների անվտանգության մասին սուտ տարածող մարդկանց անունները պետք է բոլորն իմանան»,- ասաց փոխնախարարը: 
13:33 - 16 մարտի, 2021
Ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկը տրված է. պաշտպանության նախարարի տեղակալ |1lurer.am|

Ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկը տրված է. պաշտպանության նախարարի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է բանակի բարեփոխումների ծրագիրը:   Սարգսյանը հայտնեց, որ բացերը վեր հանելուն և դրանք ճիշտ լրացնելուն ուղղված քայլերի հերթականություններ են մշակվում. գործընթացի մեկնարկը տրված է: «Հունվարից սկսված բարեփոխումների մեկնարկը, կարելի է ասել ,տրվել է: Նախարարի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն, և գլխավոր նպատակը ավելի բարձր պաշտպանունակությամբ օժտված, ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Կարծում ենք՝ գրավչությունն ապահովելուն ուղղված ինչ-որ քայլեր պետք է կատարվեն: Որպես նախկինում ոստիկանությունում ծառայած պաշտոնատար անձ՝ կարող եմ ասել, որ բանակի զինծառայողները սոցիալական ավելի լավ երաշխիքներից են օգտվում, քան ոստիկանությունում, բայց դա բավարար չէ, եթե բավարար լիներ, ապա այսօր կունենայինք այլ պատկեր: Բացերը պետք է լրացվեն անձնակազմի հետ շփումների և ստորին օղակներում ծառայող զինվորականների կողմից խնդիրները ներկայացնելու միջոցով և դրանց առաջնահերթության կարգ տալու շնորհիվ պետք է հասնենք նրան, որ այդ բարեփոխումներով զբաղվող կառույցը իրավիճակին լիարժեք տիրապետի և ունենա այն հստակ ուղեգիծը, ինչով պետք է շարժվի առաջ»,- ասաց Արման Սարգսյանը: Նա նաև նշեց, որ այժմ սոցիալական մեծ աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովմանը: Փորձում են արագ արձագանքել ու զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ սպառազինության, տեխնիկայի թարմացման առումով մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և մոտ ապագայում կարող են ասել, որ համալրման խնդիրները մեծ առաջընթաց կունենան:  Անդրանիկ Քոչարյանը կարևորեց նաև բանական կրթական բարեփոխումների ծրագիրը: Ասաց, որ պետք է նախանշել կադրային ճիշտ վերադասավորում: Շեշտեց, որ 44-օրյա պատերազմում ունենք միջին ու միջինից բարձր հրամկազմ, և մեր վաղվա բանակը պետք է հիմնված լինի այդ սպայակազմի որակների վրա՝ դրան ավելացնելով կրթական ավելի բարձր ցենզ:  Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ կրթությունը և գրավչությունը փոխկապակցված են: «Որպեսզի ունենանք բանիմաց ուսանողներ, պետք է ունենանք գրավիչ բանակ և գրավիչ աշխատանք տվող կառույց: Սրա համար նաև պետք է աշխատանք իրականացնել, որ պետական մտածողությունը գերիշխի բանակում, այլ ոչ հովանավորչությունը: Հնարավորինս ձերբազատվելով նման մոտեցումներից, նաև այդ արդարության սկզբունքի վրա հիմնված կադրային քաղաքականության իրականացման շնորհիվ՝ հնարավոր կլինի ապահովել ներհոսք բանակում»,- հավելեց Արման Սարգսյանը: 
13:00 - 16 մարտի, 2021
Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ արցախա-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։ Տարածքներին առնչվող մյուս կետում նշված էր, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը:  Փաստացի՝ տարածքներն Ադրբեջանին հանձնվել են այս հայտարարության հիմքով, որտեղ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, ինչպես երեւում է, հիշատակում չկա։ Այս երկու շրջանների՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածների շուրջ խնդրահարույց դրվագներ եղան։ Դրանց մասին ոչ մանրամասնորեն, սակայն հետագայում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, այնուամենյանիվ, անպատասխան մնացին հարցերը, թե ինչպես են մեր ուժերը հետ քաշվել մինչեւ այդ շրջաններ, ապա ինչ հիմքով ու երբ են հանձնվել հայտարարության ստորագրման պահին մեր վերահսկողության տակ եղող հատվածները, ու արդյոք հանձնելու նպատակը, որը հետագայում պարզաբանեց Փաշինյանը, արդարացվեց։ Ե՞րբ են հանձնվել Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղող հատվածները Այսպես, 2020թ․ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց, որ երեք երկների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա այդ շրջանների մասին, որովհետեւ փաստաթղթի ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են եղել․ այդ հատվածներում, Փաշինյանի խոսքով, պետք է տեղի ունենար սահմանների ճշգրտում:  Օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին․ «Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչեւ 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով։ Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Եռակողմ համաձայնագրի մեջ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վրաբերյալ որեւ է բան չկա»։ Մոտ տասը օր անց՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին՝ դարձյալ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի ուղիղ խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ Սյունիքի անվտանգությունն ապահովելու տրամաբանությամբ․ «Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ, ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու եւս մեկ անգամ կրկնեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ․ «Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար։ Էդ հարցին մի պատասխան կա, բայց էդ հատվածները, ցավոք սրտի, էդպես ձեւավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում, մենք այդ կետից տասնյակ եւ հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, եկել հետ ենք հասել էդտեղ, եւ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին։ Այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը»։ Փաշինյանը հարցազրույցում, փաստորեն, նշել է՝ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր հսկողության տակ եղող հատվածները հանձնելու շուրջ բանավոր ըմբռնում է եղել։ Այսինքն՝ ըստ էության չի պահպանվել համաձայնագրի այն կետը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, եւ այդ դիրքերի ծառայողներն ու պաշտպանության մասնակիցներին հրամայվել է հետ քաշվել, ինչի մասին հայտարարել է Կապանի քաղաքապետը։ ՊՆ-ն ժամկետների խախտումով մերժում է տեղեկություն տրամադրել 2020թ․ դեկտեմբերի 23-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Ավելի քան մեկ ամիս անց՝ 2021թ․ հունվարի 25-ին, ՊՆ-ն պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը, 12-րդ հոդվածը (ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկություններ) եւ ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N173 որոշմամբ հաստատաված ցանկի 2-րդ կետի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին)։ Կառավարությունը եւս խուսափում է տեղեկություն տրամադրել Քանի որ ՊՆ-ն մերժեց տեղեկություն տրամադրել եւ չպատասխանեց հարցերին, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ, նույն հարցադրումներով հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից արձագանքեցին, որ հարցումը հասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 23-ին ուղարկած մեր այս հարցմանը պատասխանելու համար նախարարությունը խնդրել էր լրացուցիչ ժամանակ, ապա նոր 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժել տեղեկության տրամադրումը։ Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, ինչպես վերեւում նշել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին, ուստի փոքր-ինչ անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ ՊՆ-ն մերժման հիմքի համար է խնդրել 30 օր, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Հունվարի 28-ին մեկ այլ հարցումով դիմեցինք ՀՀ վարչապետին՝ ճշտելու՝ արդյոք հնարավո՞ր է բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին հանձնվեն Ստեփանակերտի մի հատվածը եւ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մի հատվածը՝ օրինակ։ Հաջորդ օրը ստանում ենք հարցման պատասխանը՝ «ոչ, հնարավոր չէ»։ Մինչ կառավարությունն ու նախարարությունը կպատասխանեին, կամ, ավելի ճիշտ, չէին պատասխանի հարցումներին, փետրվարին համացանցում հայտնվեց «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին» վերտառությամբ հուշագիր, որի կետերից մեկով էլ սահմանվում էր, որ Զանգելանն ու Կուբաթլուն Ադրբեջանին պետք է հանձնվեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 18-ը։ «Հետք»-ն, անդրադառնալով այս հուշագրին, փետրվարի 20-ին գրել էր, որ կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված այդ մեմորանդումը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովին վերապահված լիազորություններն առանձնացնելու համար մոտ 30 օր անհրաժեշտ եղավ Զուգահեռաբար հարցումներ ուղարկեցինք նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն մեխանիզմներ ՀՀ վարչապետի կողմից բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին Ստեփանակերտի մի հատվածի հանձնման իրավիճակ ստեղծվելու դեպքում այդ գործընթացը կանխելու համար։ Արցախի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանն անմիջապես կապ հաստատեց մեզ հետ՝ բանավոր պատասխանելով, որ ինքը նման իրավիճակ բացառում է, սակայն եթե երբեւէ այդպիսի դրություն ստեղծվի եւ Ստեփանակերտի՝ մերը մնալ-չմնալու հարց առաջ գա, ապա քաղաքի հանձնմամբ կարելի է համարել, որ Արցախն այլեւս չկա։  Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցմանն ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը կտրամադրվի մինչեւ փետրվարի 27-ը։ Պատասխան, սակայն, խոստացած ժամկետում չստացանք։ Մարտի 3-ին կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ հարցման պատասխանը կլինի։ Մարտի 5-ին դարձյալ կապ հաստատեցինք տիկին Աննա Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ հարցման պատասխանը չենք ստացել։ Վերջինս արձագանքեց, որ տեխնիկական խնդիր է եղել, պատասխանը կստանանք երեքշաբթի՝ մարտի 9-ին։ Մարտի 9-ին աշխատանքային ժամի ավարտին պատասխան դարձյալ չունեցանք, եւ քանզի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքային հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան, կապ հաստատեցինք ԱԺ լրատվական բաժնի աշխատակցի հետ, որը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել տիկին Աննա Գրիգորյանին։ Մարտի 10-ի առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին եւս մեկ անգամ տեղեկացրինք, որ պատասխան դեռ չենք ստացել, ինչից ժամեր անց, ի վերջո, ստացանք պատասխան, որի բովանդակությունը հետեւյալն է․ «ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որի հոդված 1 կետ 3-ի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»։ Փաստորեն, ՀՀ ԱԺ աշխատակազմին անհրաժեշտ եղավ 28 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու եւ առանձնացնելու Ազգային ժողովին վերապահված լիազորությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե վերոնշյալ պատասխանը տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը լրացուցիչ ինչ աշխատանք է կատարել, կիմանա միայն ԱԺ աշխատակազմը։ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը Ինչպես վերը մեջբերեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածները բանավոր ըմբռնմամբ հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվատնգությունը։ Ռազմական գործողությունների ավարտից անցել է մոտ 4 ամիս, հիշյալ երկու շրջանների հանձնումից՝ 2 ամսից ավելի։ Այս ընթացքում Սյունիքում անվտանգային հարցերի մասին քննարկումները չեն դադարել, իսկ դրա համար եղել են նաեւ պատճառներ։ Առնվազն մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է․ «Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։ Կրակոցների մասին ՄԻՊ-ն ահազանգել է նաեւ հունվարին՝ նշելով, որ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաեւ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաեւ հարբած վիճակում։ Անվտանգությունը վերին աստիճանի չէ նաեւ Սյունիքի՝ արդեն սահմանամերձ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերում։ Հունվարի 4-ից Շուռնուխ համայնքի 12 տներ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում։ Շուռնուխի հայկական ու ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածներն իրար շատ մոտիկ են։ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների ճշգրտման հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ են անցել նաեւ Որոտանի որոշ հատվածներ, այդ թվում՝ համայնքապետի եղբոր տունն ու հարակից տարածքը, այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ։  Այսպիսով, փաստորեն, Զանգելանի ու Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածները հանձնվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց վերաբերյալ որեւէ նշում չի եղել եռակողմ հայտարարության մեջ։  Դրանք, դեպքերի համադրությունից ենթադրելի է, հանձնվել են դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը շրջանների հանձնման վերաբերյալ արձանագրում կա համացանցում շրջանառված հուշագրում, որի իսկության վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս՝ այդպիսով չհերքելով դրա գոյությունը։ Կառավարությունն ու ՊՆ-ն մերժում են տեղեկություն տրամադրել հիշյալ շրջաններից մեր զորքերի դուրսբերման մասին, ընդ որում՝ ՊՆ-ն մերժում է խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Իսկ Ազգային ժողովին մոտ մեկ ամիս է անհրաժեշտ՝ ԱԺ-ին վերապահված լիազորություններն առանձնացնելու ու եռատող պատասխան տրամադրելու համար, եւ տասը օր՝ տեխնիկական խնդիրները լուծելու ու պատասխանն ուղարկելու  համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիշյալ տարածքները հանձնվել են՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար, առնվազն խնդրահարույց է՝ վերջին ամիսներին այնտեղ տեղի ունեցող անհանգստացնող դրվագները դիտարկելու դեպքում։ Հայարփի Բաղդասարյան
20:29 - 15 մարտի, 2021
Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան

Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։ Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։ 
17:58 - 15 մարտի, 2021
Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ավելի ամրապնդված լինի ՀՀ անվտանգային միջավայրը. փոխնախարար |1lurer.am|

Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ավելի ամրապնդված լինի ՀՀ անվտանգային միջավայրը. փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: «Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ավելի ամրապնդված լինի Հայաստանի անվտանգային միջավայրը, անվտանգությունը՝ ավելի երաշխավորված»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում մարտի 16-20-ն անցկացվելիք զորավարժություններին: «Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է: Կարող եմ նշել՝ այս պահին էլ ՀՀ ՊՆ-ն, ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը: Խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության և մարտունակության կազմակերպմանը»,- նշեց նա:    Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել: «Եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի: Բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա»,- հայտարարեց նա:
14:06 - 15 մարտի, 2021
Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կարող է բարձրանալ |hetq.am|

Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կարող է բարձրանալ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային ցենզը բարձրացնել: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով` պատերազմից անմիջապես հետո խնդիր կա պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրել բանակը: Ըստ նրա` Կապան, Գորիս համայնքների բնակիչներից առաջարկ են ստացել օրենքի համապատասխան դրույթը փոխել, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինծառայությունը: Մարուքյանի խոսքով` առաջարկում են շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, որպեսզի ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կարողանան շարունակեն ծառայել բանակում, ոչ թե ստիպված այլ աշխատանք փնտրելով ու չգտնելով՝ արտագաղթեն երկրից: Մարուքյանը նաև հավելեց, որ բարձրագույն սպայական կազմի համար զինծառայության շեմը բարձր է, եթե գեներալներին բանակում պահելու ցանկություն կա ավելի բարձր շեմով, ապա նույնը պետք է լինի նաև շարքային կամ ենթասպա զինծառայողների համար: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ողջունեց նախագիծը, սակայն նշեց, որ ըստ իրեն՝ 63 տարեկան շեմը բարձր է: Մարուքյանն արձագանքեց` 63-ից հետո կնքվող պայմանագերը չեն կարող շարունակվել, եթե տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարի զինծառայության համար, ադ դեպքում նա կզորացրվի օրինակ՝ 57-ում, հետևաբար չի կարող ծառայել մինչև 63-ը: Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` զինծառայության ժամանակ առողջական տվյալների որոշակի չափանիշներ կան, որոնցում տարիքը պարտադիր հատկանիշներից է, և որքան էլ առողջական տվյալները բավարարեն, որոշակի տարիքի դեպքում լինելու է ֆիզիոլոգիական կաշկանդվածություն: Խաչատրյանը սակայն նշեց, որ շեմի բարձրացման հարցն արդարացված է: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, այդուհանդերձ որոշակի առարկություններ ներկայացրեց:  Շարունակությունը՝ hetq.am-ում
13:50 - 15 մարտի, 2021
Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Տեղեկությունը, թե անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, չի համապասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև: Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս` կեղծ տեղեկություններ»:
00:32 - 14 մարտի, 2021
Հայաստանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 7500 զինծառայողի ներգրավմամբ

Հայաստանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 7500 զինծառայողի ներգրավմամբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի  պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զորավարժությունների նպատակն է՝ - ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, - ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, - անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով: Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
12:43 - 12 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համատեղ գործունեության հետագա զարգացման ուղիները և նախատեսվող միջոցառումները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
19:20 - 11 մարտի, 2021